Ածականների տեսակները
Ածականները, ըստ իրենց արտահայտած իմաստի, բաժանվում են երկու հիմնական խմբերի` որակական և հարաբերական:
Որակական ածականները ցույց են տալիս առարկայի հատկությունը, այսինքն` այնպիսի հատկանիշ, որը հատուկ է տվյալ առարկային` անկախ ուրիշ առարկաներից՝ ամուր պատ, պայծառ աստղ, սառը ջուր:
  
Հարաբերական ածականները ցույց են տալիս առարկայի վերաբերությունը կամ հարաբերությունը, այսինքն` արտահայտում են առարկայի կապը ուրիշ առարկաների հետ՝ փայտե դուռ, գիշերային զովություն, բժշկական գործիքներ, միրուքավոր ծերունի:
  
Այս կապակցությունների մեջ փայտե, գիշերային, բժշկական, միրուքավոր ածականները ցույց են տալիս դուռ, զովություն, գործիքներ, ծերունի գոյականների հարաբերությունը, կապը փայտ, գիշեր, բժիշկ, միրուք գոյականների հետ (դուռ, որ փայտից է սարքած, զովություն, որ գիշերվան է հատուկ, գործիքներ, որ բժիշկներն են օգտագործում, միրուք, որն ունի ծերունին):
 
Որակական ածականները ցույց են տալիս համեմատելի հատկանիշ, այսինքն` տվյալ հատկությունը տարբեր առարկաներ կարող են ունենալ տարբեր չափերով` բարձր լեռ, ավելի բարձր լեռ, ամենաբարձր լեռը, շոգ ամառ, նվազ շոգ ամառ և այլն:
 
Հարաբերական  ածականները սովորաբար ցույց են տալիս առարկաների ոչ համեմատելի հատկանիշ: Չի կարելի ասել` ավելի բրդե (վերարկու), ավելի լեռնային (լճակ) և այլն:
Հարաբերական ածականներ են կազմվում ական (մանկ),ային (ձմեռային), գին (թախծագին), ե (երկաթե), եղեն (քարեղեն), ենի (մայրենի), յա (ստորերկրյա), յան (նախնադարյան) և այլ ածանցներով:

Որակական ածականների համեմատության աստիճանները
Որակական ածականները ցույց են տալիս առարկաների համեմատելի հատկություններ, այսինքն՝ առարկայի հատկանիշի չափը այլ առարկաների նույն հատկանիշի համեմատությամբ կամ հարաբերությամբ:
Համեմատության աստիճանները երեքն են` դրական, բաղդատական, գերադրական:
1Դրական աստիճանը ցույց է տալիս առարկայի տվյալ հատկությունը՝ առանց ուրիշ առարկաների նույն հատկության հետ համեմատելու՝ կարճ (ճանապարհ), փարթամ (բուսականություն), բարձր (սյուն):
 
2Բաղդատական աստիճանը ցույց է տալիս առարկայի տվյալ հատկության առավել կամ պակաս լինելը ուրիշ առարկայի (կամ առարկաների) նույն հատկության համեմատությամբ:
Օրինակ
Այս տաճարը մյուսից ավելի հին է:
Բաղդատական աստիճանը կազմվում է .
 
• ածականի դրական աստիճանի ձևին ավելացնելով ավելի բառը, ինչպես՝ ավելի հին, ավելի շոգ, ավելի քաղցր և այլն. սա կոչվում է առավելական բաղդատական,
• ածականի դրական աստիճանի ձևին ավելացնելով պակաս, քիչ կամ նվազ բառը, ինչպես` նվազ ընդունակ, պակաս ամուր, քիչ զգայուն.սա կոչվում է նվազական բաղդատական:
  
 3Գերադրական աստիճանը ցույց է տալիս, որ տվյալ առարկայի մեջ հատկանիշը դրսևորվում է ամենաբարձր չափով:
 
Գերադրական աստիճանը կազմվում է՝
 
• դրական աստճանի ձևից՝ ամենա- նախածանցով, ինչպես՝ ամենազվարթ, ամենագեղեցիկ կամ ամենից բառով՝ ամենից մեծ, ամենից երկար,
• դրական աստիճանի ձևին ավելացնելով -(ա)գույն վերջածանցը, ինչպես՝ բարդագույն, նրբագույն, խոշորագույն:
  
Ամենա  նախածանցով գերադրական աստիճան է կազմվում համարյա բոլոր ածականներից, սակայն գույն ածանցը դրվում է քիչ թվով ածականների վրա:

Մի շարք որակական ածականներ չունեն համեմատության աստիճաններ, ինչպես՝ ամուլ, ստերջ, արու, բոբիկ, բուն, համր, էգ, խուլ, կաղ, կույր, հավասար, ձրի, հղի, ճաղատ, մերկ, տկլոր, օժանդակ, նախկին:
 
Ուշադրություն
Ածականակերտ ամենա, գույն, գին ածանցները այլ դեպքերում նաև արմատներ են:
Այսպես՝
 
• գին գոյականը չպետք է շփոթել գին ածանցի հետ.
դառնագին բառը նշանակում է խիստ դառն. այստեղ գին-ը ածանց է, իսկ փրկագին նշանակում է փրկելու գինը. այս դեպքում գին-ը արմատ է,
• ամենա և գույն բաղադրիչներով ածականները ոչ միշտ են ցույց տալիս գերադրական աստիճան, օրինակ՝ ամենամեծը նշանակում է բոլորից մեծ. սա գերադրական աստիճան է, իսկ ամենագետ-ը նշանակում է ամեն ինչ իմացող. այստեղ ամեն-ը արմատ է, լավագույն նշանակում է ամենից լավ. սա գերադրական աստիճան է, իսկ վարդագույն-ը նշանակում է վարդի գույն ունեցող. այստեղ գույն-ը արմատ է,

Ուշադրություն
Գերադրական աստիճան կազմող ամենա և գույն ածանցները միաժամանակ միևնույն բառի հետ գործածելը սխալ է. կարելի է ասել խստագույն  կամ ամենախիստ, բայց չի կարելի ասել ամենախստագույն: