Տեսություն

Սահմանական եղանակ. բաղադրյալ (դերբայներով և օժանդակ բայերով կազմվող) ժամանակաձևեր
Սահմանական եղանակն ունի յոթ ժամանակաձև, որոնցից վեցը բաղադրյալ են, այսինքն կազմված են կախյալ դերբայներով՝ անկատար, վաղակատար և ապակատար, և օժանդակ բայի ներկա և անցյալ ժամանակաձևերով, մեկը՝ պարզ, այսինքն կազմված է բայահիմքով և դիմային վերջավորություններով:

1. Անկատար ներկա (սահմանական ներկա)
Անկատար ներկան  (սահմանական ներկա)ցույց է տալիս ներկայում՝ խոսելու պահին հաստատապես կատարվող, ընթացքի մեջ եղող գործողություն:
Կազմվում է անկատար դերբայով և օժանդակ բայի ներկայի ձևերով, օրինակ՝ երգում եմ:
 
2. Անկատար անցյալ
Անկատար անցյալը  ցույց է տալիս մի անցյալ ժամանակակետում հաստատապես սկսված և ընթացքի մեջ եղած գործողություն:
Կազմվում է անկատար դերբայով և օժանդակ բայի անցյալի ձևերով, օրինակ՝ երգում էի:
 
3. Վաղակատար ներկա (սահմանական անցյալ)
Վաղակատար ներկան  (սահմանական անցյալ) ցույց է տալիս խոսելու պահից առաջ՝ անցյալ ժամանակում հաստատապես ավարտված գործողություն:
Կազմվում է վաղակատար դերբայով և օժանդակ բայի ներկայի ձևերով, օրինակ՝ երգել եմ:
 
4. Վաղակատար անցյալ
Վաղակատար անցյալը  ցույց է տալիս մի անցյալ ժամանակակետից առաջ հաստատապես ավարտված գործողություն:
Կազմվում է վաղակատար դերբայով և օժանդակ բայի անցյալի ձևերով, օրինակ՝ երգել էի:
 
5. Ապակատար ներկա (սահմանական ապառնի)
Ապակատար ներկան  (սահմանական ապառնի)ցույց է տալիս խոսելու պահից հետո հաստատապես կատարելի գործողություն:
Կազմվում է ապակատար դերբայով և օժանդակ բայի ներկայի ձևերով, օրինակ՝ երգելու եմ:
  
6. Ապակատար անցյալ
Ապակատար անցյալը  ցույց է տալիս մի անցյալ ժամանակակետից հետո հաստատապես կատարելի գործողություն:
Կազմվում է ապակատար դերբայով և օժանդակ բայի անցյալի ձևերով, օրինակ՝ երգելու էի:
 
Այս ժամանակաձևերի ժխտականը կազմվում է օժանդակ բայի ժխտական ձևերով՝
Օրինակ
չեմ երգում, չէիր խաղում, չի երգել, չէինք երգել, չես երգելու, չէի երգելու: