Տեսություն

Բայի դեմքը
Բայն ունի երեք դեմք՝ առաջին, երկրորդ և երրորդ:
Առաջին  դեմքով արտահայտվում է խոսողի գործողությունը, երկրորդով՝  խոսակցի և երրորդով՝  մի երրորդ անձի կամ առարկայի:

Առաջին և երկրորդ դեմքերի բայերի համար ենթակա են դառնում առաջին և երկրորդ դեմքերի անձնական դերանունները, երրորդ դեմքի համար՝ երրորդ դեմքի անձնական դերանունները, առարկայական իմաստ արտահայտող այլ դերանուններ, գոյականները, գոյականաբար գործածված այլ խոսքի մասեր:
Բայի դեմքն արտահայտվում է երկու ձևով՝ օժանդակ բայի համապատասխան ձևերով կամ բային վերջավորություններ ավելացնելով, այսպես՝
Օրինակ
առաջին դեմք՝  երգեմ, երգեցի, երգում եմ, խաղամ, խաղացի, խաղում եմ,
Օրինակ
երկրորդ դեմք՝  երգես, երգեցիր, երգում ես, խաղաս, խաղացիր, խաղում ես,
Օրինակ
երրորդ դեմք՝  երգի, երգեց, երգում է, խաղա, խաղաց, խաղում է:
Բայի թիվը
 
Բայն ունի երկու թիվ՝ եզակի և հոգնակի:
Եզակի  թիվը ցույց է տալիս մեկ անձի կամ առարկայի գործողություն:
Հոգնակի  թիվը ցույց է տալիս երկու և ավելի անձերի կամ առարկաների գործողություն:
Բայի դեմքը և թիվը հանդես են գալիս միասնաբար՝ միևնույն վերջավորությունների միջոցով, այսպես՝
Օրինակ
եզակի թիվ՝  երգեմ, խաղացիր, նկարում ես, հոգնակի թիվ՝  երգենք, խաղացիք, նկարում եք
Բայի ժամանակը
Բայն ունի երեք ժամանակ՝ ներկա, անցյալ և ապառնի:
Ներկա  ժամանակը ցույց է տալիս, որ գործողությունը կատարվում է խոսելու պահին:
Բայն ունի ներկա ժամանակի միայն մեկ ձև՝ երգում եմ:
Անցյալ ժամանակը ցույց է տալիս, որ գործողությունը կատարվել է խոսելու պահից առաջ:
Բոլորից շատ բայն ունի անցյալ ժամանակի ձևեր՝ երգում էի, երգել եմ, երգել էի, երգելու էի, երգեցի, երգեի, կերգեի, պիտի երգեի:
Ապառնի  ժամանակը ցույց է տալիս, որ գործողությունը կատարվելու է խոսելու պահից հետո:
Բայն ունի ապառնի ժամանակի մի քանի ձև՝ երգելու եմ, երգի՛ր, երգեմ, կերգեմ, պիտի երգեմ: