Բայի եղանակ
Բայերով արտահայտվում է գործողության կատարման եղանակ, այսինքն՝ խոսողի վերաբերմունքը գործողության նկատմամբ:
Այսպես՝
• մի դեպքում բայաձևերը ցույց են տալիս, ըստ խոսողի, իրականում, ստույգ կերպով կատարվող, կատարված կամ կատարելի գործողություն՝ գնում եմ, գնում էիր, գնացել են, գնացել էինք, գնալու ես, գնալու էին, գնացի և այլն. սա կոչվում է սահմանական եղանակ,
• մի այլ դեպքում՝ գործողության կատարման իղձ, ցանկություն՝ գնամ, գնայիք և այլն. սա ըղձական եղանակն է,
• մի ուրիշ դեպքում՝ ենթադրական գործողություն՝ կգնա, կգնայինք և այլն. սա ենթադրական եղանակն է,
• չորրորդ դեպքում՝ հարկադրական կամ անհրաժեշտական գործողություն՝ պիտի գնաս, պետք է գնային և այլն. սա հարկադրական եղանակն է,
• մի այլ դեպքում էլ՝ խոսակցին ուղղված հրաման, կարգադրության, խնդրանք՝ գնա՛, գնացե՛ք. սա հրամայական եղանակն է:
Այսպիսով՝ բայն ունի հինգ եղանակ՝  սահմանական, ըղձական, ենթադրական, հարկադրական և հրամայական: 
Սահմանական  եղանակն ունի յոթ ժամանակաձև, որոնցից մեկը՝ անկատար ներկա (սահմանական ներկա), ցույց է տալիս ներկա ժամանակ, մեկը՝ ապակատար ներկան (սահմանական ապառնի)՝ ապառնի ժամանակ, մնացած հինգը՝ անկատար անցյալը, վաղակատար ներկան (սահմանական անցյալ), վաղակատար անցյալը, ապակատար անցյալը, անցյալ կատարյալը, ցույց են տալիս անցյալ ժամանակ:
 
Ըղձական, ենթադրական և հարկադրական եղանակներն ունեն երկուական ժամանակաձևեր, որոնցից մեկը ցույց է տալիս ապառնի ժամանակ, մեկը՝ անցյալ:
  
Հրամայական եղանակը ունի միայն մեկ ժամանակաձև, միայն մեկ ժամանակ՝ ապառնի, և միայն մեկ դեմք՝ երկրորդ: