Տեսություն

Բայի խոնարհումը, պարզ և բաղադրյալ դիմավոր ձևեր, դրական և ժխտական խոնարհում
Բայի այն փոփոխությունը, որով արտահայտվում են գործողության կատարման եղանակը, ժամանակը, դեմքը և թիվը, կոչվում է խոնարհում:
Խոնարհումը, այսինքն բայի բոլոր փոփոխությունները՝ ըստ վերը նշված հատկանիշների, կատարվում է երկու ձևով՝
 
• բայի վերջավորությունների փոփոխություններով՝ երգեմ, երգեցին, երգե՛ք և այլն. սրանք կոչվում են պարզ դիմավոր ձևեր, որովհետև փոփոխվում է բայն ինքը՝ առանց օժանդակ բայի օգնության,
• դերբայներով և օժանդակ բայի փոփոխություններով՝ խաղում եմ, խաղացել ես, խաղալու էիր և այլն. սրանք կոչվում են բաղադրյալ դիմավոր ձևեր, որովհետև խոնարհման ժամանակ դերբայը մնում է անփոփոխ, ինչպես՝ գնում եմ, գնում էիր, գնում են և այլն, փոփոխվում է միայն օժանդակ բայը, որը դերբային վերագրում է դեմք, թիվ, ժամանակ:
 
Բայն ունի դրական և ժխտական խոնարհում: Ժխտական խոնարհմանը մասնակցում է չ ժխտական մասնիկը:
 
Բաղադրյալ դիմավոր ձևերն են՝ սահմանական եղանակի բոլոր ժամանակաձևերը՝ բացի անցյալ կատարյալից, և ենթադրական եղանակի ժխտական ձևերը, քանի որ սրանք կազմված են անկատար, վաղակատար, ապակատար և ժխտական դերբայներով և օժանդակ բայով: Մնացած բոլոր ժամանակաձևերը պարզ են: