Տեսություն

ԱԾԱՆՑԱՎՈՐ ԲԱՅԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Ածանցավոր բայերը չորս տեսակի են` սոսկածանցավոր, պատճառական, բազմապատկական և կրավորական: 
Սոսկածանցներն են՝ ան, են, ն, չ`  մեծ-ան-ալ, վախ-են-ալ, գտ-ն-ել, կոր-չ-ել և այլն:
 
Ուշադրություն
Պարզ և սոսկածանցավոր բայերից կազմվում են պատճառական, բազմապատկական և կրավորական բայեր:
Պատճառական ածանցներն են՝ ացն, եցն, ցն:
  
 Պատճառական բայերը կազմվում են`
1Ա  խոնարհման պարզ և ան սոսկածանցավոր բայերից` ացն ածանցով` խաղալ-խաղացնել, քարանալ-քարացնել:
 
2. Ե  խոնարհման պարզ և են սոսկածանցավոր բայերից` եցն ածանցով` քայլել-քայլեցնել, վախենալ-վախեցնել:
  
3. Ն, չ սոսկածանցավոր բայերից` ցն ածանցով` հասնել-հասցնել, փախչել-փախցնել:
Կան շատ բայեր, որոնցից ածանցներով պատճառական բայ չի կազմվում: Այսպիսի բայերի պատճառականը կազմվում է տալ բայի հարադրությամբ` բերել-բերել տալ, զարդարել-զարդարել տալ և այլն:
 
Ուշադրություն
Կան բայեր, որոնցում կա ցն տառակապակցությունը` հարցնել, լցնել,վերցնել, սակայն դրանք պատճառական բայեր չեն, քանի որ առանց ցն -ի ձևեր չունեն:
Բազմապատկական բայերը ցույց են տալիս գործողության կրկնություն:
Բազմապատկական ածանցներն են՝ ատ, ոտ, կոտ, տ` կտրել-կտրատել, խոցել-խոցոտել, թռչել-թռչկոտել, պատռել-պատռտել:
  
Ուշադրություն
Կան ոտ տառակապակցություն ունեցող բայեր, որոնք բազմապատկական չեն. Դրանք կազմված են ոտ ածանց ունեցող ածականներից` ժանգոտել, ալրոտել, և չունեն իրենց առանց ոտ ածանցի ձևերը:
Ածանցներով բազմապատկական բայեր կազմվում են շատ քիչ բայերից: Բազմապատկական բայեր են կազմվում նաև արմատի կրկնությամբ` վազել-վազվզել, քաշել-քաշքշել և այլն, դարձյալ ոչ բոլոր բայերից:
Ուշադրություն
Սակայն կան արմատի կրկնությամբ այլ բայեր ևս, որոնք բազմապատկական չեն: Սրանց տարբերությունն այն է, որ արմատի կրկնությամբ կազմված բազմապատկական բայերից հնարավոր է վերստանալ պարզը, ինչպես՝  դոփդոփել-դոփել, իսկ արմատի կրկնությամբ ոչ բազմապատկական բայերն ունեն միայն այդ մեկ ձևը: Այսպես՝ քայքայել բայը քայել ձև չունի:
Կազմությամբ կրավորական  կոչվում են այն բայերը, որոնց կազմում կա կրավորական ածանց:
Կրավորական ածանցն է վ -ն` գրել-գրվել, կառուցել-կառուցվել, հեռանալ-հեռացվել, կարդալ-կարդացվել:
  
Բացի ածանցավոր բայերից կան նաև հարադրական  բայեր: Դրանք բարդ բառեր են, դրանց բաղադրիչները գրվում են առանձին, բայց իմաստով համարժեք են մեկ բայի՝ բարև տալ-բարևել: