Տեսություն

Բայի սեռը
Բայն ունի երեք սեռ՝   ներգործական, կրավորական և չեզոք: 
Ներգործական սեռի բայերը ցույց են տալիս ենթակայի կատարած այնպիսի գործողություն,
որի համար պահանջվում է կրող առարկա: 
Ներգործական սեռի բայերը ընդունում են ո՞ւմ, ի՞նչ հարցերը, որոնց պատասխանը լինում է հայցական հոլովով դրված լրացումը: Այդ լրացումը կոչվում է ուղիղ խնդիր:
Օրինակ
Երեխան կոտրեց ապակին:
Տղան ճանաչեց իր մանկության ընկերոջը:
Այս նախադասություններում ապակին, ընկերոջը  բառերն ուղիղ խնդիրներ են:
Ուշադրություն
Բոլոր պատճառական բայերը ներգործական սեռի են:
Ներգործական սեռի բայերից վ ածանցով կազմվում են կրավորականներ:
Կրավորական  սեռի բայերը ցույց են տալիս այնպիսի գործողություն, որը ենթական կրում է իր վրա մի ուրիշ առարկայից:
Կրավորական սեռի բայերն ընդունում են ինչի՞ց, ումի՞ց, ո՞ւմ կողմից  հարցերը, որոնց պատասխանը լինում է բացառական հոլովով դրված կամ կողմից  բառով կազմված լրացումը:
Այդ լրացումը կոչվում է ներգործող խնդիր:
Կրավորական սեռի բայերը կազմվում են ներգործական սեռի բայերից վ ածանցով:
 
Ուշադրություն
Վ ածանցով ոչ բոլոր բայերն են կրավորական սեռի:
Եթե ենթական ինքն է կատարում գործողությունը, այլ ոչ թե կրում է մի ուրիշ առարկայից, ապա չեզոք  սեռի է: Այսինքն՝ վ ածանց ունեցող բայի կրավորական լինելը կամ չլինելը կախված է նախադասության իմաստից:
Օրինակ
Երկնքում ամպեր են կուտակվել:
Այս նախադասության մեջ կուտակվել  բայը կրավորական սեռի չէ: Այդպիսի բայերը կոչվում են  կրավորակերպ չեզոք:
 
Ուշադրություն
Որոշ դեպքերում վ- ն կարող է լինել արմատական հնչյուն՝ գովել, գրավել:
Չեզոք սեռի բայերը ցույց են տալիս այնպիսի գործողություն, որով ենթական ոչ ներգործում է մեկ ուրիշի վրա, ոչ էլ ուրիշից կրում է իր վրա:
Մոտենալ, կորչել, ծաղկել`  չեզոք սեռի բայեր են: Այս բայերը չեն կարող ստանալ վ ածանց և վերածվել կրավորականի: Սրանք չեն կարող ունենալ ո՛չ ուղիղ, ո՛չ ներգործող խնդիր լրացում, չեն կարող ստանալ վ ածանց և վերածվել կրավորականի:
Չեզոք սեռի որոշ բայեր ձևով նման են կրավորականներին` հարձակվել, զբաղվել, հուսահատվել բայերից վ ածանցը դուրս չի գալիս: