Տեսություն

Դ Ե Ր Ա Ն Ո Ւ Ն
Դերանուն կոչվում են այն բառերը, որոնք մատնացույց են անում առարկա, հատկանիշ, քանակ` առանց դրանք անվանելու:
Դերանունները ութ տեսակի են` անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, որոշյալ, անորոշ, ժխտական:
Անձնական դերանունները մատնացույց են անում խոսող, խոսակից կամ մի երրորդ անձ` առանց դրանց անվանելու:
Անձնական դերանուններն են՝ ես, ինքս, մենք, ինքներս, դու, ինքդ, դուք, ինքներդ, նա, ինքը, նրանք, իրենք:
Ցուցական դերանունները մատնացույց են անում առարկա, հատկություն, քանակ, տեղ և ձև՝ առանց դրանք անվանելու:
Ցուցական դերանուններն են` սա, դա, նա, այս, այդ, այն, սույն, նույն, միևնույն, մյուս, այսպես, այդպես, այնպես, այսպիսի, այդպիսի, այնպիսի, նույնպիսի, այսքան, այդքան, այնքան, նույնքան, այսչափ, այդչափ, այնչափ, նույնչափ, այստեղ, այդտեղ, այնտեղ:
Փոխադարձ դերանունները ցույց են տալիս փոխադարձ հարաբերությամբ միմյանց հետ կապված առարկաներ կամ անձեր՝ առանց դրանք անվանելու:
Փոխադարձ դերանուններն են` իրար, միմյանց, մեկմեկու կամ մեկմեկի:
Հարցական դերանունները արտահայտում են հարցում խոսողին ծանոթ անձի կամ առարկայի, սրանց հատկության, թվի, գործողության տեղի, ժամանակի, ձևի և այլնի մասին՝ առանց դրանք անվանելու:
Հարցական դերանուններն են` ո՞վ, ի՞նչ, ինչպիսի՞, ինչքա՞ն, ինչպե՞ս, ինչու՞, ո՞ր, ո՞րը, որքա՞ն, որչա՞փ, որպիսի՞, ո՞րերորդ, որտե՞ղ, ե՞րբ, ու՞ր, քանի՞, քանի՞սը, քանի՞երորդ:
  
Հարաբերական դերանունները նույն հարցական դերանուններն են, որոնք, սակայն, արտահայտում են ոչ թե հարցում, այլ մի նախադասություն կապում են մյուսին:
Որոշյալ դերանունները մատնացույց են անում առարկաների կամ անձերի հայտնի, որոշյալ ամբողջություն` միասնաբար կամ առանձին-առանձին վերցրած, առանց դրանք անվանելու:
Որոշյալ դերանուններն են՝ ամբողջ, ամեն, ամեն մի, բոլոր, յուրաքանչյուր, ողջ, համայն, ամենայն, ամբողջը, ամենը, ամեն ինչ, ամեն մեկը, ամեն ոք, ամենքը, բոլորը, յուրաքանչյուրը, յուրաքանչյուր ոք, ողջը:
Անորոշ դերանունները մատնացույց են անում անորոշ անձ, առարկա և կամ անձի ու առարկայի անորոշ հատկություն, քանակ` առանց դրանք անվանելու:
Անորոշ դերանուններն են` ինչ-որ, ինչ-ինչ, ոմն, մեկը, մեկնումեկը, մի, մի քանի, մի քանիսը, ուրիշ, այլ, այսինչ, այնինչ, որոշ, որևէ, ովևէ, երբևէ, երբևիցե, որևիցե:
Ժխտական դերանունները մատնացույց են անում ամբողջությամբ ժխտվող առարկաներ կամ անձեր, առանց դրանք անվանելու:
Ժխտական դերանուններն են` ոչ ոք, ոչինչ, ոչ մի, ոչ մեկը: