Տեսություն

Ուղղական հոլով
Ուղղական հոլովը բառի ուղիղ, անփոփոխ ձևն է:
Ուղղական հոլովը որևէ վերջավորություն չունի: Պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ(ը), ինչե՞ր(ը) հարցերին: Ուղղական հոլովը ունի և՛ անորոշ, և՛ որոշյալ առումներ՝ գիրք-գիրքը:
 
Նախադասության մեջ ուղղական հոլովով դրվում են՝
  • ենթական՝  Վտակը ժայռից ներքև է գլորվում:
  • ստորոգյալի մաս կազմող բառը՝ Ժայռի ստվերում կանգնածը իմ ընկերն է:
  • գոյականական անդամի որոշիչ լրացումը՝ Խեցեգործ Ավագը պտտեցնում է անիվը ու կժին ձև տալիս:
  • կոչականը՝ Մայրի՛կ, քեզ մի բան պիտի հարցնեմ:
Սեռական հոլով
Ծառի ճյուղերը կախվել էին ներքև: Ֆիզիկայի դասը շատ հետաքրքիր էր:
 
Առաջին նախադասության մեջ ծառի բառը ցույց է տալիս, թե ինչին են պատկանում ճյուղերը, իսկ երկրորդում ֆիզիկայի բառը ցույց է տալիս, թե ինչին է վերաբերում դասը:
 
Ծառի և ֆիզիկայի բառերը դրված են սեռական հոլովով: Դրանք երկուսն էլ  գոյականական անդամի լրացումներ են: Առաջինը լրացնում է ճյուղեր գոյականին, երկրորդը՝ դաս գոյականին:
Սեռական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին պատկանում կամ վերաբերում է որևէ բան:
Սեռական հոլովը պատասխանում է ո՞ւմ , ինչի՞ , ինչերի՞  հարցերին:

Սեռական հոլովը կազմելիս բառը փոփոխվում է: Ընդ որում՝ տարբեր բառեր փոփոխվում են տարբեր ձևերով:
Այդ փոփոխությունները կոչվում են  հոլովումներ:
 
Սեռական հոլովում բառը կարող է ունենալ -ի, -ու, -ան, -վա, -ոջ, -ց  վերջավորություններ, կամ բառի մեջ որևէ ձայնավոր կամ երկհնչյուն կարող է փոխվել  ո -ի կամ ա -ի:
Տրական հոլով
Ես մոտեցա այդ մարդուն: Նայում էի լճի ալիքներին:
  
Այս նախադասություններում մարդուն, լճին բառերը ցույց են տալիս այն անձը և առարկան, որոնց հանգում է գործողությունը: Այդ բառերը դրված են տրական հոլովով:
Տրական հոլովը  ցույց է տալիս այն առարկան, որին տրվում կամ մոտենում է մի բան և կամ որին հանգում է ենթակայի գործողությունը:
Տրական հոլովով դրվում են բայական անդամի որոշ լրացումներ: Դրանք կարող են ցույց տալ՝
• այն առարկան, որին հանգում է գործողությունը,
• նպատակ, օրինակ՝ Մայրիկը գնաց հացի: Երեխան նստեց դաս սովորելու:
 
• տեղ, օրինակ՝ Նստեց նստարանին:
 
• ժամանակ, օրինակ՝ Կեսօրին արևը այրում էր:
 
Տրական հոլովը պատասխանում է ո՞ւմ, ինչի՞ (ն), ինչերի՞ (ն), ինչի՞ համար, ե՞րբ, որտե՞ղ հարցերին:
 
Ուշադրություն
Տրական հոլովն իր ձևով նման է սեռականին, բայց ի տարբերություն սեռականի` կարող է գործածվել թե՛ անորոշ, թե՛ որոշյալ առումով, օրինակ՝ Մոտեցա ծառին /մի ծառի/
Հայցական հոլով
Փոքրիկը կոտրեց սափորը: Հայրը տղային հետը անտառ տարավ:
  
Այս նախադասություններում սափորը և տղային բառերը ցույց են տալիս այն առարկան և անձը, որոնք իրենց վրա են կրում ենթակայի կատարած գործողությունը: Այդ բառերը դրված են հայցական հոլովով:
Հայցական հոլովը  ցույց է տալիս այն անձը կամ առարկան, որն իր վրա է կրում ենթակայի գործողությունը:
Հայցական հոլովով դրվում են բայական անդամի որոշ լրացումներ: Դրանք կարող են ցույց տալ՝

• այն առարկան, որն իր վրա է կրում ենթակայի գործողությունը,
• տեղ, օրինակ՝ Մտանք քաղաք:
 
• ժամանակ, օրինակ՝ Եկող տարի քույրս դպրոց է գնալու:
 
• չափ ու քանակ, օրինակ՝ Գրեթե մեկ կիլոմետր քայլեցինք:
 
Հայցական հոլովը պատասխանում է ո՞ւմ, ի՞նչ(ը), ինչե՞ր(ը), ո՞ւր, որքա՞ն, որքա՞ն ժամանակ, ե՞րբ հարցերին:
 
Ուշադրություն
Հայցական հոլովը յուրահատուկ ձև չունի, նա նման է կամ ուղղականին, կամ տրականին: Իր ցույց տվող գոյականների հայցական հոլովը ձևով նման է ուղղականին, անձ ցույց տվող գոյականների հայցական հոլովը ձևով նման է տրականին: Անորոշ առումով գործածված լինելու դեպքում անձ ցույց տվող գոյականների հայցականը նույնպես կարող է ուղղականի ձև ունենալ:
Օրինակ՝ Ես բժիշկ կանչեցի:
  
Որոշյալ առման դեպքում անձի անունների հայցականը ուղղականի ձև չի կարող ունենալ, օրինակ՝ հնարավոր չէ ասել՝  Ես այդ բժիշկը կանչեցի:
 
Հայցական հոլովը գործածվում է թե՛ անորոշ, թե՛ որոշյալ առումով: