Տեսություն

Հոդեր
Հայերենում կան մասնիկներ, որոնք գործածվում են դերանվան նշանակությամբ կամ բառին որոշյալություն են հաղորդում: Դրանք հոդերն են:
Այդ մասնիկներն են՝ ս, դ, ն, ը:   Սրանք դրվում են գոյականի, գոյականական որոշ դերանունների և գոյականաբար գործածված այլ խոսքի մասերի վրա՝ 
Օրինակ
գիրքս, տունդ, ապակին, աշխարհը, բոլորս, ոչ մեկդ, կարմիրը և այլն:
Ըստ իրենց նշանակության  հոդերը լինում են չորս տեսակի՝
 
1.Ստացական  հոդերը ցույց են տալիս, թե ում է պատկանում տվյալ անձը կամ առարկան: Իրենց նշանակությամբ դրանք համարժեք են առաջին և երկրորդ դեմքի անձնական դերանունների սեռական հոլովաձևերին, այսպես՝
Օրինակ
գիրքս = իմ գիրքը, մայրդ = քո մայրը:
Ուշադրություն
Այս երկուսի համատեղ գործածությունը սխալ է: Չի կարելի ասել՝ իմ քույրս:
2.Դիմորոշ հոդերը, դրվելով որևէ անձի կամ առարկայի անվան վրա, նրան հաղորդում են առաջին կամ երկրորդ դեմքի նշանակություն:
Օրինակ
Երեխաներս անտառի այդ բացատը այդպես էլ չգտանք: Երեխաներս=մենք՝ երեխաներս: Մեծերդ պետք է պաշտպանեք փոքրերին: Մեծերդ=դուք՝ մեծերդ: 
Հաճախ այս երկուսը գործածվում են համատեղ՝  ես՝ աշակերտս:
  
3.Որոշիչ  հոդերն են՝ ը   և ն : Դրանք, դրվելով որևէ անձի կամ առարկայի անվան վրա, նրան հաղորդում են որոշյալություն, այսինքն ցույց են տալիս, որ առարկան կամ անձը ծանոթ է խոսողին կամ լսողին:
Օրինակ
 Ձին խելացի կենդանի է: Գետը վարարել է:
Բաղաձայնից հետո գործածվում է ը   հոդը, ձայնավորից հետո՝ ն  հոդը: Հաճախ, երբ բաղաձայնով վերջացող բառին հաջորդում է ձայնավորով սկսվող բառ, գործածվում է  ն  հոդը:
Օրինակ
Դասն ավարտվեց:
Ուշադրություն
Բառասկզբում ե, և, ո  ունեցող բառերը սկսվում են բաղաձայն հնչյունով, քանի որ այս  տառերը երկու հնչյունի գրային նշաններ են՝  ե = յէ, և = յէվ, ո = վօ:  Այդ պատճառով բառասկզբում ե, և, ո  ունեցող բառերից առաջ չի կարելի գործածել ն հոդը: Չի կարելի ասել՝
Օրինակ
Ամառն եկավ:
Ուշադրություն
Բառասկզբում սպ, սկ, զբ  և նման հնչյունակապակցություններ ունեցող բառերի սկզբում թույլ ը  ձայնավոր կա: Այդ բառերից առաջ կարելի է գործածել ն  հոդը:
Օրինակ
Աղջիկն զբոսայգում էր:
Ն  որոշիչ հոդը պետք է չշփոթել բառավերջի ն բաղաձայնի հետ. օրինակ՝ գարուն բառը որոշիչ հոդ չունի:
Որոշիչ հոդ ստանում են միայն ուղղական, տրական և հայցական հոլովները: Մյուս հոլովները որոշիչ հոդով չեն գործածվում:
  
4.Ցուցական  է ս  հոդը, որը գործածվում է այս  ցուցական դերանվան նշանակությամբ:
Օրինակ
Օրերս = այս օրերը: