Տեսություն

1. ՔԱՆԱԿԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐ
Առարկաների քանակ ցույց տվող թվականները կոչվում են  քանակական թվականներ:
Քանակական թվականները լինում են բացարձակ, կոտորակային և բաշխական:
Ա. Բացարձակ են կոչվում այն քանակական թվականները, որոնք ցույց են տալիս առարկաների կոնկրետ թիվը, քանակը ամբողջ թվերով:
Բացարձակ թվականներ են միավորները, տասնավորները, հարյուրավորները և բոլոր ավելի բարձր թվերը:
Հայերենի բացարձակ թվականներից բոլոր միավորները, տասը և քսան  տասնավորները, հարյուր-ը, հազար-ը, միլիոն-ը, միլիարդ-ը կազմությամբ պարզ թվականներ են, որովհետև կազմված են մեկ արմատից:
  
Երեսուն, քառասուն, հիսուն, վաթսուն, յոթանասուն, ութսուն, իննսուն թվականները ածանցավոր են, որովհետև կազմված են սուն ածանցով:
 
Երկու կամ ավելի թվից, բայց առանց սուն ածանցի կազմված թվականները բարդ բառեր են, ինչպես՝ քսանութ, հարյուր երեք, հինգ հազար:
Մեկից ավելի արմատներով և սուն ածանցով կազմված թվականները բարդածանցավոր են՝ վաթսունչորս, հարյուր երեսունմեկ և այլն:
 
Բարդ և բարդածանցավոր թվականներն իրենց կազմությամբ կցական կամ հարադիր բարդություններ են:
Կցական բարդություններ են այն բոլոր թվականները, որոնք կազմված են տասնավորից ու միավորից՝ \(11\)-ից մինչև \(99\)-ը: Այս թվականների բաղադրիչները գրվում են միասին:
Հարադիր բարդություններ են  \(100 \)-ից բարձր բոլոր թվականները, \(100, 1000\)  և ավելի բարձր թիվ ցույց տվող թվականների բաղադրիչները գրվում են առանձին՝ չորս հազար, հարյուր քսանվեց:
 
Բոլոր բացարձակ թվականները կարող են գրվել արաբական թվանշաններով՝ ( \(1, 2, 3\)... և այլն):
Բ. Բաշխական են կոչվում այն քանակական թվականները, որոնք ցույց են տալիս առարկաների բաշխումը որոշակի թվային քանակով:
Օրինակ
Յուրաքանչյուր տուփում կա տասական մատիտ:
Ուսուցիչը մեզ հինգ-հինգ բաժանեց խմբերի:
Այս նախադասության մեջ տասական բառը ցույց է տալիս, թե յուրաքանչյուր տուփում ինչ քանակով են բաշխված մատիտները, հինգ-հինգ թվականը ցույց է տալիս, թե աշակերտները ինչպես են բաշխված ըստ խմբերի: Տասական, հինգ-հինգ բառերը բաշխական թվականներ են:
 
Բաշխական թվականները կազմվում են երկու ձևով՝
 
1. բացարձակ թվականին ավելացնելով ական վերջածանցը, ինչպես՝ երկուական, քսանական, հարյուրական: Այս թվականները թվանշաններով գրելիս թվանշանից հետո դրվում է գծիկ,
ապա` ական ածանցը՝  \(2\)-ական , \(20\)-ական, \(100\)-ական:
2. բացարձակ թվականի կրկնությամբ, ինչպես՝ երկու-երկու, քսան-քսան, հարյուր-հարյուր:
Գ. Կոտորակային կոչվում են այն թվականները, որոնք ցույց են տալիս միավորի մեկ կամ մի քանի հավասար մասերից կազմված թվեր:
Օրինակ
Հայերը կազմում են այդ քաղաքի բնակչության մեկ երրորդ մասը:
Այս նախադասության մեջ մեկ երրորդ բառը ցույց է տալիս մարդկանց քանակ` ամբողջի մաս ցույց տվող թվով: Այդ բառը կոտորակային թվական է:
 
Կոտորակային թվականները հարադիր բարդություններ են, որոնց առաջին բաղադրիչը՝ համարիչը, բացարձակ թվական է, իսկ երկրորդ բաղադրիչը՝ հայտարարը, կազմվում է րորդ, երորդ ածանցներով: Կոտորակային թվականները գրվում են առանձին:
2. ԴԱՍԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐ
Դասական թվականները ցույց են տալիս միատեսակ առարկաների թվային կարգ՝ նրանց թվարկման ժամանակ:
Հետևյալ բառերը դասական թվականներ են՝ երկրորդ, երեսուներորդ, հազարերորդ:
 
Դասական թվականները կազմվում են բացարձակ թվականներին ավելացնելով րորդ կամ երորդ վերջածանցները. երկու, երեք, չորս թվականներին ավելացվում է րորդ, ինչպես՝ երկրորդ, երրորդ, չորրորդ, բոլոր մյուս թվականներին` երորդ ածանցը, ինչպես՝ հինգերորդ, վեցերորդ, քսաներորդ, երեքհարյուրերորդ և այլն:
  
Մեկ բացարձակ թվականից դասական ձև չի կազմվում. դրա փոխարեն գործածվում է առաջին բառը: Սակայն եթե մեկ թվականը բարդ թվականների վերջին բաղադրիչն է, ապա կազմվում է մեկերորդ ձևը՝  տասնմեկերորդ, հարյուրմեկերորդ և այլն:
  
Երկու, երեք, չորս թվականները բարդությունների վերջին բաղադրիչ լինելու դեպքում դասականի համար նույնպես ստանում են երորդ ածանցը, ինչպես` տասներկուերորդ, տասներեքերորդ, տասնչորսերորդ, հարյուր երկուերորդ և այլն:
 
Դասական թվականները գրվում են նաև՝
 
1. արաբական թվանշաններով. այս դեպքում թվանշանից հետո դրվում է գծիկ, ապա` -րդ, որը կարդացվում ` երորդ կամ րորդ՝   \(5\)-րդ (հինգերորդ), \(100 \)-րդ (հարյուրերորդ), \(14\)-րդ (տասնչորսերորդ) և այլն:
 
2. հայերեն այբուբենի տառերով՝ նրանց թվական արժեքի համապատասխան՝ 
\(Ա (1\)  կամ \(1\)-ին\()\), \(Բ  (2\) կամ \(2\)-րդ\()\), ժ \((10 \)կամ \(10\)-րդ \()\), \(ԺԴ\)  \((14\) կամ \(14\)-րդ), \(Ճ\)\((100\)  կամ \(100\)-րդ) \(Ռ\)\((1000\) կամ \(1000\)-րդ) և այլն:
3. հռոմեական թվանշաններով՝ \(I , II, III, IV, V, VI, VII, VIII, IX, X, XI,  L (50\)-րդ):