Տեսություն

Քանի որ համակարգչային աշխատատեղում կյանքի համար վտանգավոր լարում կա, ապա ուշադիր եղեք ու խստորեն հետևեք անվտանգության պահպանման ստորև բերված կանոններին.

- համակարգչից օգտվելիս անհրաժեշտ է կրել մաքուր, չոր հագուստ,
- համակարգչային դասարան կարելի է մտնել միայն ուսուցչի թույլտվությամբ, հանգիստ, չդիպչելով համակարգիչների սեղաններին և
սարքավորումներին,
 
- համակարգչով աշխատելիս անհրաժեշտ է խստորեն հետևել ուսուցչի ցուցումներին,
- վառվող լարերի յուրահատուկ հոտի կամ ծխի առկայության դեպքում պետք է ազատել աշխատանքային տեղը և անհապաղ տեղեկացնել ուսուցչին,
 
- առանց ուսուցչի թույլտվության չի կարելի համակարգիչը միացնել կամ անջատել,
- արգելվում է դիպչել համակարգչի լարերին,
 
- արգելվում է հպվել էկրանին և համակարգչի բաղկացուցիչ սարքերի հետնամասերին,
- արգելվում է համակարգչին մոտենալ կեղտոտ կամ թաց ձեռքերով,
- չի կարելի աշխատել այնպիսի համակարգիչներով, որոնք վնասված պատյան,   լարերի   վնասված  մեկուսացում   կամ   պատյանի   վրա էլեկտրական լարման նշան ունեն,
 
- արգելվում է համակարգչի սարքերի վրա որևէ առարկա դնել,

Անվտանգության  կանոնների  պահպանումը պարտադիր է բոլորի համար, և պատահական չէ, որ դրան առնչվող հիմնական կանոններին ծանոթանում եք մինչև գործնական պարապմունքները սկսելը։ Սակայն անվտանգության կանոններից զատ, առողջության նկատառումներով, պակաս կարևոր չէ համակարգչով աշխատելիս հետևել նաև հետևյալ խորհուրդներին.
  • պետք է աշխատել, որ իրանի հեռավորությունը էկրանից լինի պարզած թևի չափից ոչ պակաս,
  • մեջքը հենել աթոռի թիկնակին, ողնաշարն ուղղաձիգ պահել,
  • ոտնաթաթերը հատակին կամ հատուկ տակդիրին դնել, 
  • դաստակները թողնել ազատ, թույլ և ստեղնաշարին չհպել,
  • ձեռքերն արմունկներում ծալել մոտ 90°–ի տակ,
  • ուսի մկանները չլարել։
Փորձենք պատկերացնել, թե որևէ խնդիր լուծելու համար ինչ սարքեր պետք է ունենա համակարգիչը։ Նույնիսկ ամենահասարակ թվաբանական հաշվարկ իրականացնելու համար համակարգիչը պետք է կարողանա՝

  ա) նախնական տվյալներ ներմուծել,
 
  բ) պահպանել ներմուծված տվյալները,

  գ) իրականացնել պահանջվող թվաբանական գործողությունները,

  դ) արտածել ստացված արդյունքը։
 
Այս գործողությունները կատարելու համար համակարգիչը պետք է ունենա ինֆորմացիա ներմուծելու և արտածելու սարքեր, ներմուծված տվյալները պահպանելու համար նախատեսված հիշող սարք, հաշվարկներն իրագործող թվաբանական սարք և առանձին սարքերի համակցված աշխատանքը ղեկավարող սարք:
 
Աշխատանքի ընթացքում համակարգչի թվաբանակական և ղեկավարող սարքերն այնքան սերտ են իրար հետ համագործակցում, որ սովորաբար դրանք որպես մեկ ամբողջություն են դիտվում, որն անվանում են պրոցեսոր։
 
Համառոտ ծանոթանանք  համակարգչի հիմնական կառուցվածքային սարքերի դրանց
 
Համակարգային բլոկում տեղադրված են համակարգչի աշխատանքն ապահովող կարևորագույն բաղկացուցիչ սարքերը (հիշող սարք, ղեկավարող սարք, թվաբանական սարք և այլն)։
 
Մոնիտորը (դիսփլեյը) նախատեսված է էկրանի վրա ինֆորմացիա արտածելու համար, սա համակարգչի հիմնական արտածող սարքն է:
 
Ստեղնաշարը ինֆորմացիա ներմուծելու հիմնական սարքն է։
 
Մկնիկը օգնում է համակարգչի աշխատանքը կազմակերպել, ինչպես նաև նկարներ, գծագրեր ստեղծել։

Օգտակար է իմանալ
 
Անհրաժեշտության դեպքում համակարգչին կարելի է նաև այլ լրացուցիչ սարքեր կցել։