Տեսություն

Գրաֆիկական խմբագրիչը հնարավորություն է տալիս աշխատելու նկարչության բազմազան ու հետաքրքիր գործիքներով՝ յուրաքանչյուր աշխատողի հնարավորություն տալով իրեն դրսևորել որպես իսկական նկարիչ։

Գրաֆիկական խմբագրիչի պատուհանը ներառում է գործիքների հետևյալ խմբերը. Tools(գործիքներ), Brushes (վրձիններ), Shapes (պատրաստի պատկերներ), Size (չափ): Նկարում բերված օրինակում  Brushes (վրձիններ) գործիքն է ընտրվել. ուշադիր դիտելով կնկատեք, որ այն գույնով առանձնանում է մյուսներից։
 
tools.png

 
Գործիքների խմբերից որևէ գործիք ընտրելու համար անհրաժեշտ է մկնիկի ցուցիչով ընտրել համապատասխան գործիքը։

Ներկապնակը գույն ընտրելու և ընտրված գույնը ցուցադրելու դաշտեր ունի։  Paint-ի միջավայրում նկարը ձևավորվում է հիմնական և ֆոնի գույներով, որոնք կարելի է տեսնել ընթացիկ գույների ցուցադրման դաշտում։
 
color1.png
 
Հիմնական են անվանում այն գույնը, որով նկարում են։
 
Հիմնական գույն ընտրելու համար անհրաժեշտ է.
  • մկնիկի ցուցիչով ընտրել հիմնական գույնի Color 1 դաշտը,
  • մկնիկի ցուցիչով ընտրել ներկապնակի այն գույնը, որով պետք է նկարել:
Հիմնական գույնն ընտրելուց հետո Color 1 դաշտը ներկվում է ընտրված գույնով։

Ֆոնի գույնն օգտագործվում է նախ և առաջ աշխատանքային տիրույթի գույնը սահմանելու համար։ Կարելի է համարել, որ ֆոնի գույնն այն կտավի գույնն է, որի վրա նկարը պետք է ստեղծվի։ Բացի դրանից, այդ գույնն օգտագործվում է փակ եզրագծով պատկերների ներսը ներկելու, նկարի առանձին մասերը ջնջելու և այլ նպատակների համար։

Աշխատանքային տիրույթի և ցանկացած փակ եզրագծով պատկերի գույնը սահմանում են ֆոնի գույնով։

Ֆոնի գույն ընտրելու համար անհրաժեշտ է.
  • մկնիկի ցուցիչով ընտրել Color 2 դաշտը,
  • մկնիկի ցուցիչով ընտրել ներկապնակի այն գույնը, որն անհրաժեշտ է որպես ֆոնի գույն սահմանել։
Այս դեպքում Color 2 դաշտն է ներկվում ընտրված գույնով։
 
 
Աղբյուրները
 Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան,  Ինֆորմատիկա 6-րդ դասարան, Երևան 2011