17-րդ դարից սկսած ինֆորմացիա մշակելու համար սկսեցին նախագծվել առաջին մեխանիկական սարքավորումները։  1641–1645 թվականներին ֆրանսիացի գիտնական Բլեզ Պասկալը նախագծեց մի սարքավորում, որը հնարավորություն էր տալիս գումարման ու հանման գործողությաններ իրականացնել։ Դրանից մոտ 30 տարի անց գերմանացի գիտնական Գոթֆրիդ Լեյբնիցը մեկ այլ մեքենա նախագծեց, որը, գումարումից ու հանումից բացի, նաև բազմապատկման ու բաժանման գործողություններ էր իրականացնում։ Սրանք դեռևս ամբողջովին ավտոմատացված չէին, մարդն էր որոշում իրականացվող գործողությունների հաջորդականությունն ու ղեկավարում հաշվարկման գործընթացը։
 
Հաշվարկներ իրականացնող առաջին ավտոմատացված սարքավորումը 1834 թվականին նախագծեց անգլիացի մաթեմատիկոս Չարլզ Բեբբիջը, սակայն համապատասխան նյութական ու տեխնիկական միջոցների բացակայության պատճառով այդ նախագիծը չիրագործվեց։
 
Հետագայում, 1940-1950-ական թվականներին, Ամերիկայում ստեղծվեցին այն առաջին հաշվիչ համակարգերը, որոնք թվային իֆորմացիան ավտոմատ մշակելու հնարավորություն էին տալիս։ Սրանք հանդիսացան ժամանակակից համակարգիչնեոի նախնական տարբերակները։ Հետագա 50 տարիներին իրար հաջորդեցին հետզհետե կատարելագործվող համակարգիչների հինգ սերուդներ:
  
1980 -ական թվականներին ստեղծվեցին նոր համակարգիչներ, որոնք կոչվեցին անհատական:
  
Անհատական համակարգիչը 21 -րդ դարում դարձավ համարյա յուրաքանչյուր տան այնպիսի պահանջարկ ունեցող սարքավորումը, ինչպիսին սառնարանն է կամ հեռուստացույցը։
Աստիճանաբար համակարգիչները սկսեցին ինֆորմացիա ստանալու, մշակելու ու պահպանելու հիմնական միջոց հանդիսանալ։
  
Մի համակարգչում պահպանվող ինֆորմացիան այլ համակարգչի փոխանցելու նպատակով նախ կիրառվում էին մագնիսական ժապավեններ, ապա՝ մագնիսական տարաբնույթ սկավառակներ և այլն։ Սակայն աստիճանաբար դրանք սկսեցին չբավարարել, և գիտության ու տեխնիկայի հետագա վերելքը թույլատրեց աշխարհի տարբեր մասերում տեղակայված համակարգիչների միջև կապեր ստեղծելով՝ ինֆորմացիան մի համակարգչից մյուսն ուղարկել վայրկյանների ընթացքում։
  
1969 թվականին ստեղծվեց առաջին համակարգչային ցանցը, որն էլ համաշխարհային համակարգչային ցանցի հիմքը դրեց։ Համաշխարհային ցանցը, որն անվանեցին Ինտերնետ, դարձավ ինֆորմացիայի կուտակման, պահպանման ու փոխանցման ներկայիս ամենահզոր միջոցներից մեկը։
 
 
Աղբյուրները
 Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան  Ինֆորմատիկա 6-րդ դասարան, Երևան 2011