Տեսություն

Ժամանակի ընթացքում մշակվել են Համացանցում աշխատելու էթիկայի և անվտանգության ընդհանուր նորմեր։ Ծանոթանանք դրանց մի մասին.
 
 597407_1432541986.jpg
  • Առանց ծնողների թույլտվության որևէ անձնական ինֆորմացիա (գաղտնաբառ, անուն-ազգանուն, հեռախոսի համար, հասցե, դպրոցի համար և այլն) մի՛ հայտնեք Համացանցի ձեր նոր ծանոթներին։
  • Եթե շփոթեցնող ինֆորմացիա եք ստանում կամ հայտնվում եք երկընտրանքի առջև, մի՛փորձեք ինքնուրույն գլուխ հանել. դիմեք ծնողների կամ ուսուցիչների օգնությանը։
  • Համացանցում ծանոթացած նորահայտ անձի հետ իրական կյանքում հանդիպելը լավ գաղափար չէ, բայց եթե, այնուամենայնիվ, որոշել եք հանդիպել նրան, ապա գնացեք ծնողների հետ։
  • Մի բացեք այն էլեկտրոնային նամակը, ֆայլը կամ Web էջը, որը ստացել եք անհայտ կամ վստահություն չներշնչող անձից:
  • Բացի ընտանիքի անդամներից՝ ոչ մեկին մի վստահեք ցանց մուտք գործելու ձեր գաղտնաբառը. դա հետագայում կարող է տհաճությունների կամ նույնիսկ փորձանքի հանգեցնել։
  • Մշտապես պահպանեք Համացանցային անվտանգության կանոնները. դրանք ստեղծվել են, որպեսզի ցանցում ձեզ անվտանգ և անկաշկանդ զգաք։
  • էլեկտրոնային հաղորդակցության ընթացքում բարեկիրթ եղեք, չէ որ նույնը սպասում եք հաղորդակցից։
  • Համացանցում աշխատելիս սովորեք հարգել այնտեղ ընդունված օրենքները. դրանք կարող են տարբեր լինել՝ կախված հաղորդակցման միջավայրից։ Ծանոթացեք համապատասխան տեղային կանոններին՝ նախքան առաջին հաղորդագրությունն ուղարկելը։
  • Հարգանքով վերաբերվեք այն մարդկանց ժամանակին, ում հետ հաղորդակցվում եք։ Հիշեք, որ ցանցային ժամանակը ոչ միայն սահմանափակ է, այլև շատերի համար՝ թանկ։
  • Հետևեք ուղղագրության և քերականության կանոններին։
  • Հարգեք գիտակների խորհուրդները և ինքներդ էլ գիտելիքներով օգնեք այլոց:
  • Եթե բանավեճի ընթացքում կրքերը բորբոքվել են, ապա վարվեցողության թույլատրելի նորմերը չխախտեք նույնիսկ այն դեպքում, երբ դիմացինը ձեզ դրդում է դրան։
  • Հարգանքով վերաբերվեք այլոց կարծիքին և սեփականությանը։ Եթե ցանկանում եք ցանցում մնալ չճանաչված, ապա ընդունեք, որ ձեզ հետ հաղորդակցվողը ևս ունի այդ իրավունքը։ Ձեզ հղված ինֆորմացիան մի հրապարակեք՝ առանց ուղարկողի թույլտվությունը ստանալու։
  • Ցանցում մի չարաշահեք ձեր ազդեցությունը. վստահություն ձեռք բերելը դժվար է, կորցնելը՝ հեշտ։
  • Անկախ նրանից, թե այլոք պաշտպանում են ցանցում հաղորդակցվելու էթիկայի կանոնները՝ դուք անշեղորեն հետևեք դրանց։
Աղբյուրները
 Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան,  Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012