Տեսություն

Այժմ սովորենք ֆայլային օբյեկտները  (ֆայլերն ու ֆայլադարանները) պատճենել, տեղափոխել, անվանափոխել ու հեռացնել:
 
Այս գործողությունները կարելի է իրականացնել ինչպես մեկ օբյեկտի (ֆայլադարանի կամ ֆայլի), այնպես էլ օբյեկտների խմբի հետ։

Մի քանի օբյեկտների հետ միևնույն գործողությունը միաժամանակ իրականացնելու համար անհրաժեշտ է նախ այդ օբյեկտները համախմբել. դրա համար պետք է ստեղնաշարի Ctrl  ստեղնը սեղմած պահելով՝ անհրաժեշտ օբյեկտները մկնիկի ձախ սեղմակով նշել։
Օբյեկտը կամ օբյեկտների խումբն այլ ֆայլադարանում պատճենելու համար անհրաժեշտ է.
  • ընտրել պատճենման ենթակա օբյեկտը կամ օբյեկտների խումբը,
  • օբյեկտը կամ օբյեկտների խումբը \(Computer\)  պատուհանի  \(Organize\)  կոճակով բացված մենյուի  \(Copy\) հրամանով պատճենել փոխանակման բուֆերում,
  • բացել այն ֆայլադարանը, որտեղ պետք է օբյեկտը կամ օբյեկտների խումբը պատճենել,
  • \(Computer\)  պատուհանի  \(Organize\)  կոճակով բացված մենյուի  \(Paste\)  հրամանով փոխանակման բուֆերի պարունակության պատճեն տեղադրել այդ ֆայլադարանում։
organize.png
 \(Organize\)  մենյու 
  
Օբյեկտը կամ օբյեկտների խումբն այլ ֆայլադարանում կարելի Է պատճենել նաև հետևյալ կերպ.
  • ընտրել պատճենման ենթակա օբյեկտը կամ օբյեկտների խումբը,
  • սեղմած պահելով ստեղնաշարի  \(Ctrl\)  ստեղնն ու մկնիկի ձախ սեղմակը՝ օբյեկտի կամ օբյեկտների խմբի պատճեն մկնիկի միջոցով անհրաժեշտ ֆայլադարան տեղափոխել։
Օբյեկտի վրա մկնիկի աջ սեղմակով բացված ենթատեքստային մենյուի  \(Copy\)  և  \(Paste\)  հրամանները համարժեք են  \(Computer\)  պատուհանի  \(Organize\)  կոճակով բացված մենյուի համանուն հրամաններին։
Աղբյուրները
Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան,  Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012