Արդեն գիտենք, որ համակարգչում ինֆորմացիան ներկայացվում է երկուական կոդի` \(0\) և \(1\) թվանշանների միջոցով։ Համակարգչում ինֆորմացիա պահպանելու համար նախատեսված սարքը կարելի է պատկերացնել քառակուսիների բաժանված ժապավենի տեսքով, որտեղ յուրաքանչյուր քառակուսի կարող է միաժամանակ միայն մեկ նիշ պարունակել՝ \(0\) կամ \(1\):
 
Screenshot_15.png
Նման յուրաքանչյուր քառակուսի պայմանականորեն անվանում են բջիջ կամ մասնագիտական տերմինով՝ բիթ։
Հաջորդաբար, իրար կից բիթերում պահպանվող \(0\)-ների և \(1\)-երի տարբեր հաջորդականությամբ էլ ներկայացվում է համակարգչում մշակվող ինֆորմացիան։
 
Այսպիսով՝ համակարգչի օգնությամբ տեքստային, գրաֆիկական կամ ձայնային ցանկացած ինֆորմացիա մշակելու համար այն նախապես ենթարկվում է թվային կոդավորման։
Թվային տեսքով ներկայացված ինֆորմացիայի ծավալը չափելու փոքրագույն միավորը բիթն է։
Ութ հաջորդական բիթերի ամբողջականությունն անվանում են բայթ։
Տեքստային ինֆորմացիայի ցանկացած պայմանանշան, երկուական կոդի վերածվելով, ուղիղ մեկ բայթ է զբաղեցնում։ Հետևաբար՝ \(10\) տառ պարունակող «ինֆորմացիա» բառը կզբաղեցնի \(10\) բայթ:
 
Ենթադրենք, որ դասագրքի մեկ էջը պարունակում է տեքստի \(34\) տող, իսկ յուրաքանչյուր տողում կա \(65\) պայմանանշան, ապա դասագրքի մեկ էջը կզբաղեցնի \(34\) \(x\) \(65\) \(=\) \(2210\) բայթ։ Իսկ եթե դասագիրքը բաղկացած է տեքստի \(100\) էջից, ապա այն կզբաղեցնի \(2210\) \(x\) \(100\)\(=\) \(221000\) բայթ ծավալով հիշողություն։

Ծավալուն ինֆորմացիայի քանակը չափելու նպատակով ներմուծվեցին ավելի խոշոր միավորներ՝  կիլոբայթ \((\)Կբայթ\()\), մեգաբայթ \((\)Մբայթ\()\), գիգաբայթ \((\)Գբայթ\()\), տերաբայթ \((\)Տբայթ\()\), պետաբայթ \((\)Պբայթ\()\) և այլն։
 
Ուշադրություն
\(1\) Կբայթ \(=\) \(1024\) բայթ
\(1\) Մբայթ \(=\) \(1024\) Կբայթ
\(1\) Գբայթ \(=\) \(1024\) Մբայթ 
\(1\) Տբայթ \(=\) \(1024\) Գբայթ
\(1\) Պբայթ \(=\) \(1024\) Տբայթ
Ստացվում է, որ \(221000\) բայթ ծավալով դասագիրքը համակարգչում պահպանելու համար կպահանջվի \(216\) Կբայթ, քանի որ \(221000\) բայթ \(=\) \(221000\) \(:\) \(1024\) \(≈\) \(216\) Կբայթ, իսկ \(216\) Կբայթ \(=\) \(216\) \(:\) \(1024\) \(≈\) \(0,21\) Մբայթ։
 
Գունավոր պատկերների թվային ներկայացման դեպքում յուրաքանչյուր փիքսել կոդավորվում է \(24\) զրոների և մեկերի հաջորդականությամբ՝ \(3\) բայթ, ինչը հնարավորություն է տալիս \(16\) միլիոնից ավելի գունային երանգ ստեղծել։
 
Հետևաբար՝ \(200\) \(x\) \(100\) փիքսել պարունակող գրաֆիկական պատկերը \(200\) \(x\) \(100\) \(x\) \(3\) \(=\) \(60000\) բայթ \(≈\) \(58,6\) Կբայթ \(≈\) \(0,057\) Մբայթ ծավալով հիշողություն կզբաղեցնի։
Աղբյուրները
Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան,  Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012