Տեսություն

\(Windows 7\) օպերացիոն համակարգում հնարավոր է ֆայլային օբյեկտները (ֆայլերն ու ֆայլադարանները) պատճենել, տեղափոխել, անվանափոխել ու հեռացնել: Այս գործողությունները հնարավոր է կատարել ինչպես մեկ օբյեկտի (ֆայլադարանի կամ ֆայլի), այնպես էլ օբյեկտների խմբի հետ:

Մի քանի օբյեկտների հետ միևնույն գործողությունը միաժամանակ իրականացնելու համար անհրաժեշտ է նախ այդ օբյեկտները համախմբել. դրա համար պետք է ստեղնաշարի \(Ctrl\) ստեղնը սեղմած պահելով` մկնիկի ձախ սեղմակով նշել անհրաժեշտ օբյեկտները:

Օբյեկտը կամ օբյեկտների խումբը այլ ֆայլադարանում պատճենելու համար անհրաժեշտ է.
 
ա) տարբերակ 1
  •  ընտրել պատճենման ենթակա օբյեկտը կամ օբյեկտների խումբը,
  •  սեղմած պահելով ստեղնաշարի \(Ctrl\) ստեղնն ու մկնիկի ձախ սեղմակը` օբյեկտի կամ օբյեկտների խմբի պատճեն մկնիկի միջոցով տեղափոխել անհրաժեշտ ֆայլադարանի մեջ:
բ) տարբերակ 2
  •  ընտրել պատճենման ենթակա օբյեկտը կամ օբյեկտների խումբը,
  • մկնիկի աջ սեղմակով բացվող ենթատեքստային մենյուի \(Copy\) հրամանով ընտրված օբյեկտը կամ օբյեկտների խումբը պատճենել փոխանակման բուֆերում,
  •  նշել այն վայրը, որտեղ պետք է պատճեն տեղադրել ու մկնիկի աջ սեղմակով բացվող ենթատեքստային մենյուի \(Paste\)հրամանով փխանակման բուֆերի պարունակության պատճեն տեղադրել այդտեղ:
Օբյեկտը կամ օբյեկտների խումբը այլ ֆայլադարան տեղափոխելու համար անհրաժեշտ է.

ա) տարբերակ 1
  • ընտրել տեղափոխման ենթակա օբյեկտը կամ օբյեկտների խումբը,
  • սեղմած պահելով մկնիկի ձախ սեղմակը` օբյեկտը կամ օբյեկտների խումբը մկնիկի տեղաշարժմամբ տեղափոխել անհրաժեշտ ֆայլադարան:
բ) տարբերակ 2
  • ընտրել տեղափոխման ենթակա օբյեկտը կամ օբյեկտների խումբը,
  • մկնիկի աջ սեղմակով բացվող ենթատեքստային մենյուի \(Cut\) հրամանով ընտրված օբյեկտը կամ օբյեկտների խումբը հեռացնել` այն հետագա օգտագործման նպատակով պահպանելով փոխանակման բուֆերում,
  • նշել այն վայրը, որտեղ պետք է պատճեն տեղադրել ու մկնիկի աջ սեղմակով բացվող ենթատեքստային մենյուի \(Paste\) հրամանով փոխանակման բուֆերի պարունակության պատճեն տեղադրել այդտեղ:
Օբյեկտը կամ օբյեկտների խումբը ջնջելու համար անհրաժեշտ է.
 
ա) տարբերակ 1 
  •  ընտրել ջնջման ենթակա օբյեկտը կամ օբյեկտների խումբը,
  •  սեղմել\(Delete\) ստեղնը:
բ) տարբերակ 2
  • ընտրել ջնջման ենթակա օբյեկտը կամ օբյեկտների խումբը,
  • ընտրել մկնիկի աջ սեղմակով բացվող ենթատեքստային մենյուի \(Delete\) հրամանը:
Օբյեկտն անվանափոխելու համար անհրաժեշտ է.

ա) տարբերակ 1
  • ընտրել անվանափոխման ենթակա օբյեկտը,
  • մկնիկի ձախ սեղմակը մեկ անգամ ևս սեղմելով մտնել անվան դաշտ,
  • բացված դաշտում հին անվան փոխարեն ներմուծել նորը:
բ) տարբերակ 2
  • ընտրել անվանափոխման ենթակա օբյեկտը,
  • ընտրել մկնիկի աջ սեղմակով բացվող ենթատեքստային մենյուի \(Rename\) հրամանն ու օբյեկտի անվան դաշտում հին անվան փոխարեն ներմուծել որը:
Նոր ֆայլադարան ստեղծելու համար անհրաժեշտ է.
  • ընտրել այն ֆայլադարանը, որտեղ պետք է ստեղծել նորը,
  • սեղմել մկնիկի աջ սեղմակը,
  • բացված ենթատեքստային մենյուից ընտրել \(New\) հրամանը,
  • բացված ցուցակից ընտրել \(Folder\) հրամանը,
  • \(New Folder\) անվան փոխարեն ներմուծել ստեղծվող ֆայլադարանի անվանումն ու սեղմել \(Enter\) ստեղնը:
Ուշադրություն
Օբյեկտի վրա մկնիկի աջ սեղմակով բացվող ենթատեքստային մենյուի \(Properties\)հրամանով կարելի օբյեկտի մասին որոշակի ինֆորմացիա ստանալ: