Տեսություն

Շրջակա իրականության ցանկացած մաս, որը մարդու կողմից ընդունվում է որպես մեկ ամբողջականություն, անվանում են օբյեկտ:

Օբյեկտ կարող են հանդիսանալ.
 
* շնչավոր և անշունչ առարկաները, օրինակ, շունը, ծաղիկը, աթոռը, գիրքը,
* գործընթացներ, օրինակ, ուսումը, արձակուրդը, գործուղումը,
* երևույթները, փոթորիկը, ամպրոպը, մրրիկը:

Յուրաքանչյուր օբյեկտ իր անվանումն ունի: Անվանումները կարող են լինել ընդհանուր և անհատական: Ընդհանուր անվանումները տրվում են իրար մոտ բնութագրիչներով օբյեկտների բազմությանը, իսկ անհատականները` կոնկրետ օբյեկտներին: Օրինակ, Գյումրի, Վանաձոր և Կապան անվանումներով քաղաքներին կարելի է տալ ընդհանուր Հայաստանի մարզկենտրոններ անվանումը:

Օբյեկտները կարելի է նկարագրել իրենց հատկանիշներով: Որպես հատկանիշ կարող են հանդես գալ օբյեկտների հատկությունները, գործողությունները, վարքն ու վիճակը:

Հատկություն հատկանիշը հնարավորություն է տալիս օբյեկտը տարբերել այլ օբյեկտներից: Հատկությունը կարող է ունենալ իր անվանումն ու արժեքը: Օրինակ, գիրք օբյեկտի համար որպես հատկության անվանում կարելի է նշել դրա կազմի գույնն ու էջերի քանակը, որոնց արժեքները կարող են լինել. կապույտ ու \(182\): Տարբեր գրքերի համար հատկությունների արժեքները կարող են տարբեր լինել:

Գործողություն հատկանիշն ունի իր անվանումը, որով բնութագրվում է այն գործընթացը, որը կարող է տեղի ունենալ օբյեկտի հետ: Դրանք կարող են լինել ակտիվ, երբ գործողությունը կատարվում է օբյեկտի կողմից, և պասիվ, երբ գործողությունը կատարվում է օբյեկտի վրա: Օրինակ, գիրք օբյեկտի հետ կատարվելիք գործողություններից կարելի է նշել կարդալը, արտագրելը, պահպանելը և այլն, իսկ կատու օբյեկտի դեպքում` վազելը, թռչկոտելը, ճանգռոտելը, իրեն շոյելը և այլն:
 
1.jpg

Նմանատիպ գործընթացներն իրականացնող օբյեկտների բազմությունում հաճախ Գործողություն հատկանիշի անվանումը բավարար չի լինում բնութագրել առանձին օբյեկտին առնչվող գործընթացը: Նման դեպքերում օգտվում են նաև Վարք հատկանիշից: Օրինակ, առաքել նամակ էլեկտրոնային փոստով կամ առաքել նամակ սովորական փոստով: Բերված օրինակում Վարք հատկանիշով հստակեցվել է առաքման ձևը:

Ժամանակի ընթացքում օբյեկտի փոփոխական հատկությունները նկարագրելու համար հաճախ կիրառում են Վիճակ հատկանիշը: Օրինակ, մարդու մարմնի դիրքը. պառկած է, նստած է, կանգնած է, քայլում է, վազում է:

Օբյեկտները բնորոշվում են ոչ միայն հատկանիշներով, այլև միմյանց նկատմամբ ունեցած հարաբերություններով: Հարաբերության անվանումը բնութագրում է օբյեկտների միջև կապի բնույթը: Հարաբերություններ կարող են լինել՝
 
* առանձին օբյեկտների միջև, օրինակ, Մարին Լևոնի քույրն է,
* օբյեկտի և օբյեկտների խմբի հետ, օրինակ, Մարին աշակերտուհի է,
* օբյեկտների տարբեր խմբերի միջև, օրինակ, հիշողությունները համակարգիչների բաղկացուցիչ մասեր են:

Օբյեկտների միջև եղած հարաբերությունները կարելի է տալ սխեմաների միջոցով: Օրինակ,
 
2.JPG

Շրջակա աշխարհը ճանաչելու համար մարդը փորձում է հետազոտել դրա մասը կազմող օբյեկտները: Օբյեկտի հետազոտումը կարող է լինել բավականին դժվար, քանի որ այն կարող է լինել.
 
* շատ մեծ, օրինակ, օվկինոսը, լեռը,
* վտանգավոր, օրինակ, վագրը, կայծակը,
* անհասանելի, օրինակ, արևը, աստղը, և այլն:

Նման դեպքերում հետազոտում են մեկ ուրիշ օբյեկտ, որն ունի նախնական օբյեկտի բոլոր էական հատկությունները:
Մի օբյեկտի փոխարինումը մեկ ուրիշով, որը պահպանում է նախնական օբյեկտի բոլոր էական հատկությունները, կոչվում է մոդելավորում, իսկ ինքը` փոխարինող օբյեկտը, կոչվում է նախնական օբյեկտի մոդել:
Առօրյա կյանքում համարյա միշտ գործ ունենք մոդելների հետ: Ուղղակի մենք այդ չենք նկատում, քանի որ դա շատ բնական է մարդու գործելակերպի համար: Օրինակ, երբ հագնվում ենք, զբոսնում, ճաշում ենք կամ երաժշտություն լսում` մենք վարվում ենք ըստ ուղեղում եղած համապատասխան մոդելի, որին վարժվել ենք մանկուց, և հարկ չկա մոդել կառուցել նշված գործողություններն իրականացնելու համար: Սակայն պարզ է, որ առօրյա կյանքում հանդիպած ոչ բոլոր խնդիրների համար ունենք պատրաստի և արդյունավետ մոդելներ: Եվ հենց սա է պատճառը, որ կենսական տարբեր խնդիրներ լուծելիս, մեզ տարբեր հաջողություններ են սպասվում. չէ՞ որ մոդելները կարող են և հեռու լինել իրական օբյեկտներից, որոնց համար դրանք կազմվում են:
 
Ուշադրություն
Ալեքսանդր Թամանյանը \(1924\) թվականին նախագծեց \(150000\) բնակչի համար նախատեսված Երևանի հատակագիծը, որը հանդիսացավ ապագա Երևանի քաղաքաշինության հիմնական մոդելը:
Ուշադրություն
 Դերձակները որպես մոդելներ օգտագործում են մանեկեն-տիկնիկներ: