Տեսություն

Օրգանիզմի կենսագործունեության հումորալ կարգավորումը` ներզատական գեղձեր
Էվոլյուցիայի ընթացքում մարդու օրգանիզմում ձևավորվել են հատուկ օրգաններ՝ գեղձեր, որոնցում առաջանում են կենսաբանական ակտիվ նյութեր և ազդում օրգանների կենսագործունեության վրա։ Գոյության ունի գեղձերի \(3\) տեսակ՝ խառը, ներզատական, արտազատական: 
Ներզատական գեղձերը չունեն ծորաններ, արյան կամ ավշի մեջ ներզատում են հորմոններ, որոնք օժտված են հեռադիր ազդեցությամբ ու կենսաբանական բարձր ակտիվությամբ։
Ներզատական գեղձերից  են մակուղեղը, վահանագեղձը, ուրցագեղձը, մակերիկամները և այլն:  
  
Ներզատական գեղձեր
  
1. Մակուղեղ

shutterstock_149230316-11.jpg 
  
Մակուղեղը կամ հիպոֆիզը մարդու ներզատիչ գեղձ է, որը կարևոր դեր է խաղում հումորալ կարգավորման պրոցեսներում։ Հիպոֆիզի կշիռը \(0,5-0,6\) գրամ է։ Այն բաղկացած է երեք բլթից. առաջնային, միջին և ետին: Նրա առաջնային բլթի արտադրած հորմոնը աճի հորմոնն է: Այդ պատճառով դրա գերֆունկցիան  արտահայտվում է աճման խանգարմամբ և մանկական տարիքում բերում է հսկայության (գիգանտիզմի), իսկ մեծահասակների մոտ՝ ակրոմեգալիայի զարգացման։ Վերջինիս դեպքում գերաճում են քիթը, շրթունքները, լեզուն, ձեռքերի դաստակները: 
 
Այդ բլթի ֆունկցիայի թուլացումը կամ անկումը վաղ տարիքում առաջացնում է թզուկություն: Մյուս բլթերի թերֆունկցիայի դեպքում կարող են զարգանալ մկանային թուլություն, օրգանիզմի դիմադրողականության անկում, նյութափոխանակության խանգարում, ճարպակալում, սեռական ցիկլի ընդհատում, վահանագեղձի, սեռական գեղձերի և մակերիկամների կեղևի ապաճում։
 
Նկարում պատկերված են աշխարհի ամենաբարձրահասակ ու ցածրահասակ մարդիկ:
 
7.jpg
 
2. Վահանագեղձ
 
shutterstock_137145401.jpg
 
Վահանագեղձը մասնագիտացված ներզատիչ գեղձ է, արտադրում է յոդ պարունակող թիրօքսին հորմոնը, որը մասնակցում է օրգանիզմում նյութերի և էներգիայի փոխանակության կարգավորմանը։ Հասուն մարդու ամենամեծ ներզատիչ գեղձն է։ Գտնվում է պարանոցային հատվածում՝ վահանաճառի առջևում:
 
Մանկական հասակում այդ գեղձի թերֆունկցիան ընկճում է նյութափոխանակությունը, առաջ է բերում գաճաճություն հիվանդությունը, որի արդյունքում, ի տարբերություն թզուկության, խախտվում է մարմնի համաչափությունը և զարգանում է թուլամտություն: Հասուն հասակում թերֆունկցիայի արդյունքում առաջանում է լորձայտուց հիվանդությունը, որի հետևանքով մարմինն այտուցվում է, դանդաղում է սրտի աշխատանքը, իջնում է մարմնի ջերմաստիճանը, մարդը դառնում է անտարբեր շրջապատի նկատմամբ:
 
Գերֆունկցիայի արդյունքում առաջանում է բազեդովյան հիվանդություն, որի ախտանիշներն են գերգրգռված վիճակը, սրտի աշխատանքի արագացումը, ջերմաստիճանի բարձրացումը, մարմնի զանգվածի անկումը և դուրս պրծած աչքերը: Հայաստանում սննդի և ջրի մեջ դիտվում է յոդի պակաս, ինչը բերում է տեղային խպիպ հիվանդությանը (զոբ), որը կանխելու համար օգտագործվում է յոդացված կերակրի աղ: 
 
3.Մակերիկամներ
 
 
  
Մակերիկամները գտնվում են որովայնի խոռոչում, երիկամների վերին մասում։ Մակերիկամը բաղկացած է կեղևային և միջուկային շերտերից:
 
Մակերիկամների կեղևային շերտի հորմոնները կարգավորում են օրգանական նյութերի և աղաջրային փոխանակությունը, խոչընդոտում են բորբոքային գործընթացների զարգացումը, մասնակցում են երկրորդային սեռական հատկանիշների ձևավորմանը: 
 
Միջուկային շերտի հորմոնը՝ ադրենալինը բարձրացնում է արյան ճնշումը, նեղացնում արյան անոթները, նպաստում է գլիկոգենի քայքայմանը և արյան մեջ գլյուկոզի ավելացմանը: Այն մեծ քանակությամբ արտադրվում է վտանգավոր և սթրեսային իրավիճակներում:
 
ադրենալին.jpg
 
Մակերիկամների կեղևի թերգործառույթի արդյունքում առաջանում է բրոնզախտ հիվանդությունը, որի ժամանակ մաշկը դառնում է բրոնզագույն, առաջանում է թուլություն և սրտխառնոց: Կեղևի գերգործառույթի (ֆունկցիայի ուժեղացում) արդյունքում դիտվում է վաղ սեռահասունացում, իսկ մեծահասակների մոտ՝ երկրորդային սեռական հատկանիշների խախտումներ:
  
Միջուկային շերտի գերգործառույթը բերում է սրտի աշխատանքի արագացման, արյան ճնշման բարձրացման և անոթազարկի հաճախացման:

4. Ուրցագեղձ
 
119518609_3407372_timus_regeneration.jpg
 
Ուրցագեղձը ներզատիչ գեղձ է, որը գտնվում է կրծքավանդակի վերին մասում՝ կրծոսկրի հետևում: Մեծ դեր է խաղում իմուն համակարգի ակտիվության կարգավորման մեջ:
 
Ուշադրություն
Ուրցագեղձը արտադրում է մի շարք սպիտակուցային հորմոններ, մասնավորապես թիմոզին, թիմալին և այլն:
Աղբյուրները
https://hy.wikipedia.org
https://hy.wikipedia.org/wiki/%D4%B3%D5%A5%D5%B2%D5%B1
Ս.Մինասյան,Ծ.Ադամյան.Հ.Հովհաննիսյան Կենսաբանություն Մարդ