Միզագոյացում և միզարձակում
shutterstock_108758510.jpg
 
Միզագոյացում: Չափահաս մարդու օրգանիզմում օրվա ընթացքում առաջանում է \(1,5\) լ մեզ, իսկ միզապարկում կարող է կուտակվել մոտ \(200-300\) մլ մեզ: Մեզի քանակը և բաղադրությունը կախված են օգտագործվող ջրի և սննդի քանակից, ինչպես նաև նյութափոխանակության ակտիվությունից:
 
Միզագոյացումն սկսվում է երիկամային մարմնիկի պատիճում, որտեղ կծիկի մազանոթներից արյան պլազման ֆիլտրվելով` վերածվում է առաջնային մեզի: 
 
augmentasi tcd.jpg1984.jpg
 
Մեկ օրվա ընթացքում երիկամների զարկերակներով անցնում է \(1500-1700\) լ արյուն, որից ֆիլտրվում է \(150-170\) լ առաջնային մեզ:
 
Առաջնային մեզը պատիճից անցնում է գալարուն խողովակի մեջ: Նրա պատերն օժտված են ընտրողական թափանցելիությամբ, որի շնորհիվ առաջնային մեզից ջրի մեծ մասը և օրգանիզմի համար պիտանի նյութերը հետ են ներծծվում արյան մեջ:
 
Որոշ նյութեր (օրինակ գլյուկոզը) ամբողջությամբ հետ են ներծծվում, որոշ նյութեր՝ մասնակի, իսկ երրորդները՝ (օրինակ, միզանյութը) համարյա հետ չեն ներծծվում: Մնացած քիչ քանակով ջուրը և օրգանիզմի համար ոչ պիտանի նյութերը միասին կազմում են երկրորդային մեզը:
Մեկ օրվա ընթացքում առաջանում է \(1,2-1,5\) լ երկրորդային մեզ:
Մեզը թափանցիկ, դեղնավուն հեղուկ է, որի \(96\)%-ը ջուր է, իսկ \(4\)%-ը՝ չոր նյութ: Մեզով հեռանում են ջրի, հանքային աղերի ավելցուկը, միզանյութը, միզաթթուն, ֆոսֆատները և ուրիշ նյութեր: Երբեմն մեզով կարող են հեռանալ նաև օրգանիզմի համար պիտանի նյութեր (օրինակ գլյուկոզ): Ուստի երիկամները մասնակցում են արյան քիմիական կազմի հաստատունության պահպանմանը:  
Երիկամային ավազանը խոռոչ է, որից սկիզբ է առնում միզածորանը: Երիկամներից մեզը երկու միզածորաններով լցվում է միզապարկի մեջ:
 
Միզապարկից սկիզբ է առնում միզուկը, որի վրա կան մկանային երկու հաստացումներ՝ սեղմաններ:
Միզապարկում մեզի կուտակման որոշակի քանակի (\(200-300\) մլ) դեպքում նրա պատերի ընկալիչներն ընկալում են ճնշումը, մկանաշերտի կծկումների շնորհիվ տեղի է ունենում միզարձակում: Մեզն օրգանիզմից հեռացվում է միզուկով:
 
Ուշադրություն
Այսպիսով, մեզն արտադրվում է անընդհատ, սակայն օրգանիզմից հեռացվում է պարբերաբար:
9.gif
 
Միզագոյացման, միզարձակման կարգավորումը: Երիկամների աշխատանքը կարգավորվում է նյարդային և հումորալ եղանակներով:
 
Նյարդային կարգավորումն իրականացվում է վեգետատիվ նյարդային համակարգի միջոցով:
 
20839607_714394322098938_673063936_n.png
 
Միզագոյացման հումորալ կարգավորումն իրականացնում են մակուղեղը և մակերիկամի կեղևային շերտը:
 
Արտազատական համակարգի մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար դիտի՛ր այս տեսանյութը:
 
Աղբյուրները
1. Մարդու անատոմիա։ 2 հատորով Է.Ի. Բորզյակ, Ե.Ա.Դոբրովոլսկայա, Վ.Ս. Ռևազով, Մ.Ռ. Սապին։ Երևան, Լույս 1992
2. Կենսաբանություն: Մարդ: Ս.Հ.Սիսակյան,Տ.Վ.Թանգամյան,Գ.Ի.Միրզոյան: Երևան, Տիգրան Մեծ 2014
3. Կենսաբանություն: Մարդ: Ս.Մինասյան, Ծ.Ադամյան, Հ. Հովհաննիսյան: Երևան,Մակմիլան Արմենիա 2000