Տեսություն

Արտազատության նշանակությունը: Արտազատության օրգաններ և դրանց դերը
Արտազատության նշանակությունը: Արդեն գիտեք, որ օրգանիզմում սպիտակուցների,ածխաջրերի և ճարպերի ճեղքումից առաջանում են միջանկյալ և վերջնական արգասիքներ, որոնք մեծ քանակությամբ կուտակվելու դեպքում կարող են խախտել ներքին միջավայրի կայունությունը և հանգեցնել ինքնաթունավորման:
Նյութափոխանակության ոչ պիտանի արգասիքների, օրգանիզմ ներմուծված թունավոր նյութերի, ինչպես նաև ջրի, հանքային աղերի և օրգանական նյութերի ավելցուկի հեռացումն օրգանիզմից կոչվում է արտազատություն, իսկ այդ ֆունկցիան կատարող օրգանները՝ արտազատական օրգաններ:
Презентация1.jpg
 
Արտազատման գլխավոր օրգանները երիկամներն են, որոնք մեզի հետ հեռացնում են միզանյութը, միզաթթուն, հանքային աղերի և ջրի ավելցուկը: Դրանով պահպանվում է ջրաղային փոխանակության կայուն մակարդակը:

Այդ նյութերն աննշան չափով հեռանում են նաև մաշկի միջոցով:
 
Թոքերով հեռանում են ածխաթթու գազը, որոշ ցնդող նյութեր, ջրային գոլորշիներ: Ստամոքս-աղիքային ուղու լորձաթաղանթով արտազատվում են մետաղների իոններ, դեղանյութեր, լյարդի միջոցով՝ էրիթրոցիտների քայքայման արգասիքներ:
 
Ուշադրություն
Այսպիսով, թոքերը, երիկամները, մաշկը, ստամոքս-աղիքային ուղին այն օրգաններն են, որոնց միջոցով հեռացվում են նյութափոխանակության արգասիքները և պահպանվում օրգանիզմի ներքին միջավայրի կայունությունը: 
phi0501l.jpgդառա.jpg 
  
Միզարտազատական համակարգի օրգանները և դրանց դերը
Միզարտազատման համակարգի օրգաններն են երիկամները և միզուղիները` միզածորանները, միզապարկը, միզուկը:
Urinary_system_00000.gif
 
Երիկամները զույգ լոբաձև օրգաններ են` տեղակայված որովայնի խոռոչում, ողնաշարի աջ և ձախ կողմերում, գոտկատեղի մակարդակի վրա: Նրանց երկարությունը \(10-12\) սմ է, իսկ լայնությունը՝ \(5-6\) սմ, զանգվածը ոչ ավելի, քան \(200\) գ: Երիկամների ներս ընկած կողմից դուրս են գալիս միզածորանները, որոնք կոնքի խոռոչում մտնում են հաստ մկանապատերով օրգանի՝ միզապարկի մեջ:

Երիկամ է մտնում երիկամային զարկերակը և դուրս գալիս համանուն երակը:
 
shutterstock_238112089.jpg
 
Ուշադրություն
Երիկամների կտրվածքի վրա առանձնանում է \(2\) շերտ, որոնցից արտաքինն ավելի մուգ է և կոչվում է կեղևային, իսկ ներքին շերտը բաց գունավորում ունի, ավելի լայն է և կոչվում է միջուկային շերտ:
Միջուկային շերտը կազմված է բրգերից: Նրանց միջով անցնում են մեզը հավաքող բարակ խողովակներ, որոնք ավարտվում են բրգերի գագաթին անցքեր ունեցող պտկիկներով: Դրանք բացվում են բաժակների, որոնք էլ իրենց հերթին՝ երիկամային ավազանի մեջ:
Կեղևային շերտը կազմված է երիկամային մարմնիկներից:
 
kidney-anatomy.jpgգդ.jpg
  
Երիկամի կառուցվածքային և գործառական միավորը նեֆրոնն է: Յուրաքանչյուր երիկամում կա մինչև մեկ միլիոն նեֆրոն, որի շնորհիվ երիկամի կեղևային շերտն ավելի մուգ է:
 
Յուրաքանչյուր նեֆրոն կազմված է երիկամի կեղևային շերտում տեղակայված` գավաթի տեսք ունեցող պատիճից և ոլորուն խողովակից:
 
Յուրաքանչյուր պատիճի պատը կազմված է երկու շերտից, իսկ ներսում գտնվում է մազանոթային կծիկը: Պատիճի երկշերտ պատից սկսվում է ոլորուն խողովակը, իջնում է միջուկային շերտ, որտեղից կրկին ծնկաձև ոլորվում և բարձրանում է կեղևային շերտ: Այստեղ այն բացվում է, այսպես կոչված, մեզը հավաքող խողովակի մեջ: Վերջինս, միանալով նման խողովակների հետ, ընդհանուր ծորանով բացվում է բրգի մեջ, իսկ այնտեղից` երիկամային ավազան:
 
k11_kidney-section-nephrons-blood-vessels-and-renal-corpuscle-model.jpg
 
Երիկամները չափազանց հարուստ են արյունատար անոթներով: Երիկամային զարկերակը, մտնելով երիկամ, ճյուղավորվում է մանր անոթների, որոնք էլ աստիճանաբար դառնում են փոքր լուսանցքով զարկերակներ: Յուրաքանչյուր զարկերակ պատիճի խոռոչում առաջացնում է մազանոթային կծիկ: Մազանոթային կծիկից կրկին առաջանում է զարկերակ, որը դուրս է գալիս պատիճից: Յուրաքանչյուր զարկերակ պատիճից դուրս գալուց հետո կրկին ճյուղավորվում է, առաջացնում մազանոթներ, որոնք սերտորեն շրջապատում են ոլորուն խողովակը: Այդ մազանոթները միանալով վեր են ածվում փոքր լուսանցքով երակների, որոնք ի վերջո բացվում են երիկամային երակի մեջ:
 
Այսպիսով, երիկամներում զարկերակները կրկնակի մազանոթային ցանց են առաջացնում պատիճներում և ոլորուն խողովակների շուրջ: Մեզի վերջնական ձևավորումը տեղի է ունենում ոլորուն խողովակներում:
 
shutterstock_335359253.jpg
Աղբյուրները
1. Մարդու անատոմիա։ 2 հատորով Է.Ի. Բորզյակ, Ե.Ա.Դոբրովոլսկայա, Վ.Ս. Ռևազով, Մ.Ռ. Սապին։ Երևան, Լույս 1992
2. Կենսաբանություն: Մարդ: Ս.Հ. Սիսակյան, Տ.Վ. Թանգամյան, Գ.Ի. Միրզոյան: Երևան, Տիգրան Մեծ 2014
3. Կենսաբանություն: Մարդ: Ս. Մինասյան, Ծ. Ադամյան, Հ. Հովհաննիսյան: Երևան, Մակմիլան Արմենիա 2000