Տեսություն

Մկանների կառուցվածքը և նշանակությունը
Մկանները հենաշարժիչ համակարգի ակտիվ մասն են և ապահովում են շարժումների  բազմազանությունը։
 
Bb_2_9.jpg
 
Մկանների շնորհիվ մարմինը պահպանում է հավասարակշռությունը, տեղաշարժվում է տարածության մեջ, իրականացնում կրծքավանդակի ու ստոծանու շարժումները, կլլման ակտը, աչքի շարժումները, ներքին օրգանների, այդ թվում՝ սրտի աշխատանքը։
 
Մարդն ունի ավելի քան \(600\) մկան, որոնք, կախված կառուցվածքից և գործառույթից լինում են հարթ (ոչ կամային կծկվող) և միջաձիգ զոլավոր (կամային կծկվող մկաններ): Սրտի մկանը ըստ կառուցվածքի միջաձիգ զոլավոր է,սակայն կծկվում է ոչ կամային:
                            
мыш-ткань-3.jpg
 
Չափահաս մարդու կմախքային մկանները կազմում են մարմնի զանգվածի \(1/3\)-ը, իսկ երեխաներինը՝ \(1/4\)-ը։ Ծերունական հասակում մկանային զանգվածը փոքրանում է։ Մարզիկների մոտ այն կազմում է մարմնի ընդհանուր զանգվածի \(50\) %-ը։ Մկանները հարուստ են արյունատար անոթներով, որոնք ապահովում են նրանցում ընթացող նյութափոխանակությունը։
 
Կմախքային մկաններն ունեն բարդ կառուցվածք։ Յուրաքանչյուր մկան կազմված է շարակցահյուսվածքային միջնաշերտով միմյանցից բաժանված բազմաթիվ խրցերից։ Արտաքինից մկանը ծածկված է ամուր թաղանթով՝ փակեղով։ Մկանի ծայրերում փակեղը վերածվում է ջլերի, որոնցով մկանը միանում է ոսկրերին: Մկանախրցերում գտնվում են տարբեր երկարության մկանաթելեր։
  
Կմախքային մկանի կառուցվածքը
Stroenie_volokna.PNG
 
Յուրաքանչյուր մկանաթել ունի լայնակի շերտավոր կառուցվածք, որը պայմանավորված է նրա մեջ գտնվող հարյուրավոր սպիտակուցային թելերի`միոֆիբրիլների  որոշակի դասավորությամբ։ Մկանաթելերի խրցերում լայնակի շերտավորությունն ավելի է ընդգծվում, որի համար ստացել են միջաձիգ զոլավոր մկան անունը։ Յուրաքանչյուր մկանին մոտենում են զգացող և շարժիչ նյարդաթելեր։ Մկաններն իրենց ծայրերի ջլերով ամրանում են ոսկրերին։ Որոշ դեպքերում ջլերը ներհյուսվում են մաշկի մեջ (դիմախաղի մկաններ)։ Ջիլը կազմված է ներդակազմ շարակցական հյուսվածքից, չի կծկվում և դիմանում է մեծ ծանրության: 
Օրինակ
Աքիլեսյան ջիլը դիմանում է մինչև \(400\) կգ ծանրության։
Մկանների ֆունկցիան
Միջաձիգ զոլավոր մկանների դերն օրգանիզմում բազմազան է։ Նրանք մասնակցում են մարմնի խոռոչների և օրգանների պատերի կազմությանը (կրծքի, որովայնի խոռոչ, ըմպան, կոկորդ) ապահովում են մարմնի կեցվածքը, հավասարակշռությունը, ձայնի առաջացումը։ Միջաձիգ զոլավոր մկանները մասնակցում են շնչառական և կլլման շարժումներին, ձևավորում են դիմախաղը, ապահովում ակնաշարժ և ծամիչ ապարատի գործունեությունը։ Նրանց կծկումը կմախքի հետ միասին ապահովում է մարմնի տեղափոխությունը
տարածության մեջ, ջերմության առաջացումը։
Մկանների հիմնական խմբերը
Մկանների տարբեր խմբեր բազմատեսակ ֆունկցիաներ են կատարում։
 
Ըստ տեղադրվածության և ֆունկցիայի մեր մարմնի մկանները բաժանվում են հետևյալ խմբերի՝ գլխի, մեջքի, կրծքի, որովայնի և վերջույթների։
 
Գլխի մկանները բաժանվում են երկու խմբի՝ դիմախաղի և ծամիչ։ Դեմքի արտահայտությունը՝ ուրախություն, վիշտ, թախիծ, զայրույթ, առաջանում է դիմախաղի մկանների կծկումներով և թուլացումներով։ Այդ մկանները մասնակցում են նաև բերանի, ակնակապիճի, քթի բացվածքների փոփոխությանը, իրականացնում են այտերի, շրթունքների շարժումները։ Դիմախաղի մկանները մի ծայրով ամրանում են գանգոսկրերին, մյուս ծայրով՝ մաշկին։ Այս մկանները համեմատաբար լավ զարգացած են մարդկանց և կապիկների մոտ։ Ծամիչ մկաններն իրականացնում են ստորին ծնոտի շարժումները՝ վեր, վար, աջ, ձախ, առաջ և հետ։
 
 Դիմախաղի մկաններ                                            Ծամիչ  մկաններ
 
 10639594442nothumb650.jpgծամող.png
 
Կրծքի մկանները մասնակցում են վերին վերջույթների և շնչառական շարժումներին:
Օրինակ
Կրծքի մեծ մկանները մասնակցում են վերին վերջույթների իջեցմանը և խոր շնչառությանը։
Մեջքի մկանները ստորին վերջույթների մկանների հետ միասին ապահովում են մեր մարմնի ուղղաձիգ դիրքը, իրանի շարժումները։ Մեջքի երկարությամբ դասավորված մկանների կծկման շնորհիվ իրանը կարող է հետ կորանալ։
 
Որովայնի մկանները կատարում են բազմատեսակ ֆունկցիաներ։ Նրանք ապահովում են իրանի դեպի առաջ և կողքեր թեքվելը, աջ և ձախ շրջվելը, որովայնի օրգանները պահում են բնականոն դիրքում, հեշտացնում աղիների դատարկումը, միզարձակումը։ Այս մկանները կծկվելիս ճնշում են գործադրում ներքին օրգանների վրա, ուստի կոչվում են մամուլի մկաններ: Սրանք պաշտպանում են նաև որովայնի խոռոչի մկանները հարվածներից և վնասվածքից:  
 
Որովայնի  մկաններ                                                        Կրծքի մկաններ                
                                                                                                                                                                                        
Pryamaya-myshtsa-zhivota-277x300.jpg  4-13.jpg
  
Վերջույթների մկանները կարևոր դեր են խաղում տեղաշարժման ժամանակ, ֆիզիկական աշխատանք կատարելիս՝ իրենց վրա կրելով մարմնի ամբողջ ծանրությունը։ Հատկապես լավ զարգացած է սրունքի հետևի կողմում գտնվող ձկնամկանը, որը կծկվելով ոտքը ծալում է ծնկան հոդում, բարձրացնում կրունկը։ Այդ շարժումները կարևոր են վազելիս, քայլելիս։ Ազդրի վրա տեղադրված է մարդու մարմնի ամենաերկար մկանը` (դերձակամկանը՝ մինչև \(50\) սմ):
 
Բազկի երկգլխանի մկաններ               Բազկի  եռագլուխ մկաններ    
     
բազկի երկգլխանի.png    բազկի եռագլուխ.jpg
 
 Մատները ծալող մկաններ                                              Դերձակամկաններ          
     
  մատները ծալող.png  դերձականմնա.jpg
 
Ազդրի երկգլուխ մկան    
                     
kak-nakachat-nogi-2.jpg   biceps-femoral.jpg
 
Քառագլուխ մկան
 
Մարդու յուրաքանչյուր շարժում իրականանում է հակադիր ներգործող երկու խումբ մկանների՝ ծալող և պարզող, համաձայնեցված գործունեությամբ: Անընդհատ, առանց հանգստի ֆիզիկական աշխատանք կատարելիս մկանի աշխատունակությունն աստիճանաբար փոքրանում է:
 
giphy.gif
Աշխատունակության ժամանակավոր նվազումը, որն առաջանում է երկարատև աշխատանքի ընթացքում, կոչվում է հոգնածություն:
Աղբյուրները
Մարդու անատոմիա։ 2 հատորով Է.Ի.Բորզյակ, Ե.Ա.Դոբրովոլսկայա, Վ.Ս.Ռևազով, Մ.Ռ.Սապին։ Երևան, Լույս 1992 
Կենսաբանություն: Մարդ: Ս.Հ.Սիսակյան, Տ.Վ.Թանգամյան, Գ.Ի.Միրզոյան: Երևան, Տիգրան Մեծ 2014
Կենսաբանություն: Մարդ: Ս.մինասյան, Ծ.Ադամյան, Հ.Հովհաննիսյան: Երևան, Մակմիլան Արմենիա 2000