Տեսություն

Լյարդի, ենթաստամոքսային և աղիքային գեղձերի դերը մարսողության գործընթացում
Լյարդը մարդու օրգանիզմի ամենախոշոր գեղձն է (մոտ \(1500\) գ), որը տեղակայված է աջ կողատակում` անմիջապես ստոծանու տակ: Կազմված է աջ և ձախ բլթերից, որոնցից ձախը ծածկում է ստամոքսի զգալի մասը: Լյարդի դրունքում են գտնվում նյարդերը, անոթները և լեղածորանը, որոնք պատված են ամուր շարակցահյուսվածքային թաղանթով:
 
AR-170319995.jpg
 
Խոշոր անոթով (դռներակ) լյարդի մեջ է մտնում աղեստամոքսային ուղուց դուրս եկող ամբողջ երակային արյունը: Այստեղ արյունը վնասազերծվում է սպիտակուցի քայքայման ընթացքում առաջացած ամոնիումի թունավոր աղերից և սննդի հետ մարսողական համակարգ անցած այլ թունավոր նյութերից: Ամոնիակից և ամոնիումի աղերից լյարդում ձևավորվում է համեմատաբար քիչ թունավոր միզանյութ:
Լյարդի ստորին մակերեսին գտնվում է լեղապարկը, որտեղ հավաքվում է լյարդի կողմից մշակված լեղու մի մասը:
Լյարդը անընդհատ արտադրում է լեղի, իսկ մարսողության պահին ընդհանուր լեղածորանով լեղին լյարդից և լեղապարկից լցվում է \(12\)-մատնյա աղի: Լեղին ունի գորշ դեղնավուն գույն, որը պայմանավորված է բիլիռուբին գունանյութով: Վերջինս առաջանում է հեմոգլոբինի քայքայումից:
 
Ուշադրություն
Լեղին պարունակում է \(90\)% ջուր և \(10\)% օրգանական ու անօրգանական նյութեր: Այն չի պարունակում մարսողական ֆերմենտներ, սակայն ակտիվացնում է մարսողական ֆերմենտների արտադրությունը և նպաստում է ճարպերի էմուլսացմանն ու ներծծմանը: Բացի այդ, լեղին ուժեղացնում է աղիների շարժողական ակտիվությունը և արգելակում նեխման գործընթացները:
shutterstock_74584081.jpg
 
Լյարդը կատարում է նաև մի շարք այլ գործառույթներ, որոնցից է ածխաջրերի և ճարպերի փոխանակությունը:
Լյարդում գլյուկոզը փոխակերպվում է գլիկոգենի, որը որպես պահեստային ածխաջուր կուտակվում է և անհրաժեշտության դեպքում աստիճանաբար քայքայվում` դրանով իսկ ապահովելով գլյուկոզի հարաբերական կայուն խտությունն արյան մեջ:
 
Գլյուկոզի կայուն քանակն անհրաժեշտ է բոլոր բջիջների և առաջին հերթին նյարդային բջիջների բնականոն կենսագործունեության համար: Լյարդում սինթեզվում են ֆիբրինոգեն և պրոթրոմբին սպիտակուցները: Այդ սպիտակուցների բացակայությունն ուղեկցվում է արյան մակարդելիության խանգարմամբ: Լյարդը կատարում է նաև պատնեշային ֆունկցիա՝ արգելափակելով թույների թափանցումը աղիներից օրգանիզմ:
 
Ուշադրություն
Լյարդում տեղի է ունենում ծերացած էրիթրոցիտների քայքայում: Ամոնիումի թունավոր աղերը, որոնք առաջանում են սպիտակուցների քայքայումից, լյարդում վերափոխվում են միզանյութի, որը սակավ թունավոր է և հեռացվում է մեզի միջոցով:
Ենթաստամոքսային գեղձ: Տեղակայված է ստամոքսի հետևում` գոտկային երկրորդ ողի մակարդակում:
Ենթաստամոքսային գեղձը կազմված է գլխիկից, մարմնից և պոչից: Նրա գլխիկը շրջապատված է \(12\)-մատնյա աղիով, իսկ պոչային հատվածը հարում է փայծաղին:
Ենթաստամոքսահյութն անգույն է` օժտված հիմնային հատկությամբ:
 
shutterstock_312992837.jpg
 
Այն պարունակում է սպիտակուցը քայքայող տրիպսին ֆերմենտը: Նրանում կան նաև ֆերմենտներ, որոնք քայքայում են ճարպերը (լիպազ), ածխաջրերը (ամիլազ և մալթազ) և նուկլեինաթթուները (նուկլեազ): Բոլոր այդ ֆերմենտներն ակտիվ են միայն հիմնային միջավայրում: Բարակ աղիքի լորձաթաղանթում կան հսկայական թվով խողովակաձև գեղձեր, որոնք մշակում են աղիքահյութ: Աղիքահյութի բաղադրության մեջ կան բազմաթիվ ֆերմենտներ, որոնց շնորհիվ ավարտվում է սննդանյութերի մարսման գործընթացը:
 
20140510195730120.gif16.gif
Աղբյուրները
Մարդու անատոմիա։ 2 հատորով Է.Ի.Բորզյակ, Ե.Ա.Դոբրովոլսկայա, Վ.Ս.Ռևազով, Մ.Ռ.Սապին։ Երևան, Լույս 1992
Կենսաբանություն: Մարդ: Ս.Հ.Սիսակյան, Տ.Վ.Թանգամյան,Գ.Ի.Միրզոյան: Երևան, Տիգրան Մեծ 2014
Կենսաբանություն: Մարդ: Ս.Մինասյան, Ծ.Ադամյան, Հ.Հովհաննիսյան: Երևան, Մակմիլան Արմենիա 2000