Տեսություն

Գլխուղեղը մարդու մարմնի կարևորագույն օրգանն է
Գլխուղեղը հսկում է մարդու վարքագիծը և գիտակցական գործունեությունը: Այն տեղակայված է գանգի խոռոչում, որի ոսկրերը հուսալիորեն պաշտպանում են արտաքին վնասակար ազդակներից:
Հասուն մարդու գլխուղեղի կշիռը 1200–1400 գ է՝ մարմնի կշռի 1/40 մասը, նորածնինը` 350գ` 1/8–1/10 մասը: Այն վերջնական մեծության է հասնում 20 տարեկանում:
Image_539.jpg
Գլխուղեղը կազմված է ծայրային ուղեղից (մեծ կիսագնդեր, առջևի ուղեղ), միջանկյալ ուղեղից, միջին ուղեղից, կամուրջից, երկարավուն ուղեղից և ուղեղիկից:
Երկարավուն ուղեղը, կամուրջը, միջին և միջանկյալ ուղեղները կազմում են ուղեղաբունը:
 
Երկարավուն ուղեղը 
  
medulla-oblongata.jpg
  
Երկարավուն ուղեղը  ողնուղեղի վերին հաստացած կոնաձև մասն է՝ 2,5-3 սմ երկարությամբ։ Երկարավուն ուղեղն իր կառուցվածքով նման է ողնուղեղին և նրա նման կատարում է ռեֆլեքսային և հաղորդող գործառույթներ: 
 
Երկարավուն ուղեղի տարբեր կորիզներն ապահովում են շնչառական, սիրտ-անոթային, մարսողական համակարգերի գործունեությունը, արգելակում և դրդում մեծ կիսագնդերի կեղևի ու ողնուղեղի ֆունկցիաները։ Այստեղ են գտնվում ծամելու, կլլման, ծծելու ռեֆլեքսների կենտրոնները։ Երկարավուն ուղեղն իրականացնում է նաև մի շարք պաշտպանական ռեֆլեքսներ՝ փռշտոց, հազ, փսխում, արցունքազատում, կոպերի թարթում, մասնակցում է նաև կեցվածքն ապահովող ռեֆլեքսների իրականացմանը։ Այսպիսով, երկարավուն ուղեղում գտնվում են կենսական կարևոր կենտրոններ, ուստի նրա ոչ միայն հեռացումը, այլև վնասումն ավարտվում է մահով։ Երկարավուն ուղեղով են անցնում գլխուղեղի մյուս բաժինները ողնուղեղի հետ միացնող վարընթաց և ողնուղեղից հաղորդվող վերընթաց ուղիները։
 
Վարոլյան կամուրջ
 
Վարոլյան կամուրջը ներքևից սահմանակից է երկարավուն ուղեղին, իսկ վերևից փոխակերպվում է միջին ուղեղի։ Կամրջում գտնվում են որոշ գանգուղեղային նյարդերի կորիզներ, որոնք նյարդավորում են գլխի առջևի մասը, դեմքի մաշկը, դիմախաղի մկանները, ենթածնոտային, ենթալեզվային թքագեղձերը, արցունքագեղձերը, ականջի, բերանի ու քթի խոռոչի լորձաթաղանթը։ Նրանով են անցնում առջևի և միջին ուղեղը ստորև գտնվող կենտրոններին կապող ուղիները։
  
Միջին ուղեղ
 
Միջին ուղեղը վարոլյան կամրջի շարունակությունն է։ Միջին ուղեղը բաղկացած է քառաբլուրներից, որոնք ապահովում են տեսողության ու լսողության առաջնային ռեակցիաները՝ ակնագնդի շարժումը դեպի լույսի աղբյուրը, կենդանիների ականջախեցու և մարդու գլխի թեքումը դեպի ձայնը։
 
Միջին ուղեղում են գտնվում նաև զգացող և շարժիչ որոշ կորիզներ, որոնք կարգավորում են ակնագնդերի շարժումը, բբային ռեֆլեքսները, մկանային լարվածությունը, դիմախաղի, մատների նուրբ շարժումները։ Միջին ուղեղի վնասման դեպքում նկատվում են այդ մկանների ոչ կամային կծկումներ կամ դող։ Միջին ուղեղում գտնվող նեյրոնների որոշ խումբ կեղևի վրա թողնում է ակտիվացնող ազդեցություն, որը կարևոր նշանակություն ունի արթուն վիճակը պահպանելու համար։ Միջին ուղեղով են անցնում նաև ողնուղեղը մեծ կիսագնդերի հետ կապող ուղիները։ 
 
Միջանկյալ ուղեղ
  
Միջանկյալ ուղեղըտեղադրված է մեծ կիսագնդերի տակ։ Նրա հիմնական բաժիններից են տեսաթումբը ու ենթատեսաթումբը։ Տեսաթումբն իրականացնում է ողնուղեղից, միջին ուղեղից, ուղեղիկից ու հիմային հանգույցներից դեպի մեծ կիսագնդեր ընթացող նյարդային ազդակների մշակում, մասնակցում է օրգանիզմի՝ որպես միասնական համակարգի կարգավորմանը։ Մեծ կիսագնդերի կեղևի հետ ունեցած երկկողմանի կապերի շնորհիվ տեսաթումբը մասնակցում է քնի ու արթունության հերթագայմանը, գիտակցության պահպանմանը, արգելակման զարգացմանը։ Այն նաև ցավազգաց կենտրոն է։
 
Ենթատեսաթումբը կարևոր դեր ունի օրգանիզմի ներքին միջավայրի կայունության պահպանման, ինքնավար, ներզատական ու մարմնական համակարգերի ամբողջականության համար։ Այստեղ են գտնվում նյութափոխանակությունը, մարմնի կայուն ջերմաստիճանը, քաղցի ու հագեցման, ծարավի, սեռական վարքագծի, վախի ու կատաղության, քնի ու արթունության հերթագայումը կարգավորող կենտրոնները։ Ենթատեսաթումբը նաև վեգետատիվ նյարդային համակարգի գործունեությունը կարգավորող ենթակեղևային բարձրագույն բաժինն է։
 
98d76701013f0f4ee6bd9b660eaba5fd.JPG
  
Ուղեղիկ

Ուղեղիկը  համարվում է վարոլյան կամրջի խոշոր ելուստ։ Մարդու ուղեղիկի զանգվածը մոտավորապես \(150\) գ է։ Ուղեղիկը կազմված է երկու կիսագնդերից ու դրանք միացնող որդից։ Կիսագնդերը խոր ակոսներով բաժանվում են բլթերի ու բազմաթիվ գալարների։ Ուղեղիկի գորշ նյութը առաջացնում է կեղև, որի տակ սպիտակ նյութն է գորշ նյութի կուտակներով՝ կորիզներով։ Ուղեղիկի գորշ ու սպիտակ նյութերի հետաքրքիր պատկերը կոչվում է «կենաց ծառ»։
 
инфаркт мозжечка.jpg
 
Ուղեղիկը դասվում է շարժումները կարգավորող համակարգի մեջ։ Ուղեղիկի վնասվածքի դեպքում նկատվում են համաձայնեցված շարժումներ կատարելու ընդունակության կորուստ, տատանողական շարժումներ, մկանների դող, անհամապատասխանություն մկանային կծկումների մեծության և կատարվելիք շարժման միջև։ Ուղեղիկի վնասվելուց հետո նրա գործառույթները մասնակիորեն կատարում է մեծ կիսագնդերի կեղևը:
 
Մեծ կիսագնդերի սպիտակ նյութում տեղակայված հիմային կորիզները մասնակցում են շարժումների կազմակերպմանն ու կարգավորմանը։ Որոշ կորիզների վնասվելուց առաջանում է սակավաշարժություն, գլխի ու վերջույթների մկանների դող, քայլելիս խանգարվում են փոխհամաձայնեցված շարժումները։
 
Image_584.jpg
Աղբյուրները
Ս.Մինասյան, Ծ.Ադամյան, Հ.Հովհաննիսյան Կենսաբանություն Մարդ
Ն.Ի Սոնին,Մ.Ռ. Սապին  Կենսաբանություն Մարդ
Ս.Հ. Սիսակյան, Տ.Վ. Թանգամյան, Գ.Ի. Միզոյան Կենսաբանությաուն Մարդ
Ն.Գ. Միքաելյան ֆիզիոլոգիա