Տեսություն

Հավասարակշռության, մաշկամկանային, համի և հոտառության զգայարաններ
Հավասարակշռության զգայություն:
 
Ներքին ականջում լսողության ֆունկցիա իրականացնող խխունջի հարևանությամբ գտնվում է հավասարակշռության (անդաստակային) օրգանը:Այն պահպանում է հավասարակշռությունը և կարգավորում մարմնի դիրքը տարածության մեջ: Հավասարակշռության օրգանը բաղկացած է երեք փոխուղղահայաց կիսաբոլոր խողովակներից և երկու` ձվաձև ու կլոր պարկիկներից:
 
slide_19.jpg
 
Պարկիկները լցված են հեղուկով և նրանցում կան բազմաթիվ մազանման զգացող բջիջներ և կրային բյուրեղներ (ականջաքարեր): Մարմնի բնականոն դիրքում բյուրեղները գտնվում են մազակազմ բջիջների որոշակի խմբի վրա՝ գրգռելով դրանց: Դիրքի փոփոխության դեպքում հատակում հայտնվում է ընկալիչների այլ խումբ: Բյուրեղները տեղաշարժվում են և գրգռում են այդ խումբը, որտեղից նյարդային գրգիռը, հասնելով հավասարակշռության կենտրոն, տեղեկացնում է մարմնի դիրքի փոփոխման մասին:
 
Գլխուղեղում (ուղեղիկ և մեծ կիսագնդերի շարժողական գոտի) վերլուծվում է տեղեկատվությունը, և պատասխան գրգիռն ուղղվում է մկանների համապատասխան խմբեր, որոնց համաձայնեցված կծկմամբ վերականգնվում է մարմնի բնականոն դիրքը:
 
Ուշադրություն
Անկշռելիության պայմաններում ականջաքարերը չեն նստում պարկիկների հատակին և չեն գրգռում որևէ ընկալիչ, ինչի արդյունքում տիեզերագնացները, շարժվելով Երկրագնդի շուրջ, փակ աչքերով չեն կարող որոշել իրենց մարմնի դիրքը տիեզերանավում: Նրանց անընդհատ թվում է, թե վայր են ընկնում: Նույն զգացողությունն է առաջանում ազատ անկում կատարող մարդու մոտ:
Մաշկամկանային զգայություն:
591879.jpg
 
Տարածության մեջ կողմնորոշվելիս մեծ դեր ունի նաև մկանային զգայությունը:
Մաշկում և մկաններում եղած ընկալիչներից անընդհատ գրգիռներ են հաղորդվում մեծ կիսագնդեր (մաշկամկանային զգայական գոտի) և տեղեկատվություն հաղորդում մարմնի դիրքի, մկանախմբերի կծկման կամ թուլացման մասին: Մարդն աչքերը փակ վիճակում կարողանում է զգալ իր մարմնի այս կամ այն մասի շարժումները և դիրքը տարածության մեջ: 
 
Մաշկը կարևոր զգայական օրգան է: Մաշկում կան բազմաթիվ տարբեր ընկալիչներ՝ ցավի, սառնության, տաքության և հպման: \(1\) սմ² մաշկի վրա հաշվում են \(200\) ցավի, \(15\) սառնության, \(2\) ջերմային և \(25\) հպման ընկալիչներ: Բոլոր ընկալիչներից ազդակահոսք է հասնում մեծ կիսագնդերի մաշկամկանային զգայական գոտի:
 
Շոշափելիքի նշանակությունը հսկայական է. նրա միջոցով մենք ընկալում ենք առարկաների ձևը, կշիռը, մակերեսի հարթությունը: Մեծ է նաև ցավի ընկալման դերը: Ցավի զգացողության միջոցով մարդը խուսափում է վնասվածքից, այրվածքից, սառեցումից կամ ազդանշան է ստանում հիվանդության մասին:
  
Հոտառության զգայություն:
  
Ներկայումս գիտնականները հաշվում են \(400\) հազարից ավելի հոտեր, որոնք կարող է զգալ մարդը: Հոտերի նկատմամբ մարդու զգայությունն արտակարգ մեծ է: Սակայն մարդն ընդունակ է զգալ ոչ բոլոր նյութերի հոտը. նա զգում է միայն ցնդող կամ ջրում և ճարպերում լուծվող նյութերի հոտը:
 
Հոտառության ընկալիչները տեղադրված են քթի խոռոչի լորձաթաղանթի վերին հատվածում, որտեղից նյարդային ազդակները հասնում են մեծ կիսագնդերի քունքային բլթի ներսային մասում գտնվող հոտառության կենտրոն, որտեղ զանազանվում են հոտերը:
image_53.jpg
Հոտառությունը մարդուն հնարավորություն է տալիս տարբերել քիմիական վնասակար նյութերը, անորակ սնունդը, ինչպես և միջավայրում թունավոր գազերի առկայությունը:
 
Հոտն ընկալվում է ներշնչման պահին: Վտանգավոր է անծանոթ նյութերի կտրուկ ներշնչումը. դա կարող է արգելակել շնչառությունը և առաջ բերել գիտակցության կորուստ: Ցնդող գազերով անոթը չի կարելի մոտեցնել քթին, այլ պետք է անոթի մոտ ձեռքը թափահարելով հոտն ուղղել դեպի քիթը:
 
  
Համի զգայություն:
 
Համի (ճաշակելիքի) ընկալիչները գտնվում են բերանի խոռոչի պատերին, ըմպանի և փափուկ քիմքի վրա: Այդ ընկալիչները հատկապես շատ են լեզվի վրա հատուկ գոյացություններում` պտկիկներում:
 
Լեզվի ծայրն ընկալում է քաղցր համը, հիմքը՝ դառը կամ կծուն, կողմնային մասերը՝ թթուն, իսկ կողքերի ծայրային մասերը՝ աղի համը: Խառը համային զգայությունն առաջանում է, երբ միաժամանակ գրգռվում են բոլոր ընկալիչները: Նյարդային ազդակը հասնում է համի կենտրոն (կենտրոնական հետին գալարի ստորին մաս), որտեղ վերլուծվում և զանազանվում է սննդի համը` քաղցր, դառը, թթու և աղի:
 
լեզու.jpg

Համային ընկալիչները գրգռվում են միայն հեղուկ նյութերից: Չոր սնունդն անհամ է թվում: Սննդի համի զգացողությունը կախված է նաև սննդի ջերմաստիճանից և հոտից: Սննդի համի որոշմանը մասնակցում են ճաշակելիքի, շոշափելիքի և հոտի զգայարանները: Ահա թե ինչու հարբուխի ժամանակ սնունդը թվում է անհամ: Ճաշակելիքի զգացողությունն օգնում է խուսափել վատորակ սնունդ ընդունելուց: Համի զգայության օգնությամբ կարելի է որոշել սննդի որակը:
Աղբյուրները
Ս.Մինասյան, Ծ.Ադամյան, Հ.Հովհաննիսյան Կենսաբանություն Մարդ
Ն.Ի Սոնին,Մ.Ռ. Սապին  Կենսաբանություն Մարդ
Ս.Հ. Սիսակյան, Տ.Վ. Թանգամյան, Գ.Ի. Միզոյան Կենսաբանությաուն Մարդ
Ն.Գ. Միքայելյան ֆիզիոլոգիա