Տեսություն

Տեսողական վերլուծիչ
Միջավայրից ստացվող տեղեկատվության մեծ մասը (\(70-90\) %) մարդը ստանում է տեսողության միջոցով: Տեսողության վերլուծիչի շնորհիվ մարդը կարողանում է կողմնորոշվել շրջապատի առարկաների նկատմամբ և խուսափել վտանգից: Մարդկության փորձը, ձեռք բերած գիտելիքները, ստեղծած արվեստը սերունդներին են փոխանցվում գրավոր խոսքի միջոցով, որը մենք ընկալում ենք տեսողության օգնությամբ: Մարդու ուսումնառությունը, աշխատանքային գործունեությունը նույնպես կապված են տեսողության հետ:
maxresdefault6.jpg
Աչքի կառուցվածքը
  
Աչքը տեսողության վերլուծիչի ծայրամասային բաժինն է, գտնվում է գանգի ակնակապիճում:
Աչքը կազմված է ակնագնդից և օժանդակ հարմարանքներից:
Օժանդակ հարմարանքներից են հոնքերը, կոպերը, թարթիչները, շաղկապենին, արցունքագեղձերը և ակնագունդը շարժող մկանները:
  
Հոնքերը, կոպերը և թարթիչները (արտևանունքները) աչքերը պաշտպանում են փոշուց, քրտինքից:
  
Շաղկապենին ծածկում է կոպը ներսից և ակնագնդի մի մասը` արտաքինից:
 
Արցունքագեղձերը գտնվում են աչքի արտաքին անկյունում, անընդհատ արտազատում են արցունք, որը խոնավացնում, տաքացնում, մանրէազերծում, փոշեզերծում է ակնագնդի մակերևույթը և արտասվաքթային ծորանով լցվում քթի խոռոչ: 
 
Ակնագնդի մկանները նպաստում են հայացքի ուղղության փոփոխությանը:
 
izo-konyuktiva123.jpg
 
Ակնագնդի պատը բաղկացած է \(3\) թաղանթներից` սպիտակուցաթաղանթանոթաթաղանթ (ակնաթաղանթ) և ցանցաթաղանթ:
 
Ակնագունդը դիմացից ծածկում են լուսաթափանցիկ եղջերաթաղանթը և նրա տակ գտնվող աչքի գույնը պայմանավորող ծիածանաթաղանթը: Ծիածանաթաղանթի կենտրոնում կա ոչ մեծ անցք՝ բիբը, որը կարող է ռեֆլեքսորեն լայնանալ և նեղանալ՝ դրանով իսկ կարգավորել թափանցող լույսի ճառագայթների քանակը: Բբի հետևում գտնվում է  ակնաբյուրեղը, որը երկուռուցիկ ոսպնյակ է: Ծիածանաթաղանթի հարևանությամբ գտնվում է թարթիչավոր մարմինը,  որի մկանները փոխում են ակնաբյուրեղի կորությունը: Ակնաբյուրեղը, փոխելով կորությունը, տարբեր հեռավորությունից եկող ճառագայթներն ուղղում է ցանցաթաղանթի վրա՝ ապահովելով առարկաների հստակ պատկերի ձևավորումը:
 
Ակնագնդի կառուցվածքը
 
17757880_648398972031807_1769585770_n.jpg
 
Ցանցաթաղանթը ակնագնդի ներքին թաղանթն է, որն ունի երկու տեսակի լուսընկալիչներ՝ ցուպիկներ և սրվակիկներ, ընդ որում ցուպիկներն ավելի շատ են (մոտ \(130\) մլն) և օժտված են բարձր լուսազգայությամբ. գրգռվում են նույնիսկ թույլ, մթնշաղային լույսից, սակայն գույները չեն տարբերում: Սրվակիկները քիչ են (մոտ \(7\) մլն), ընկալում և տարբերակում են գույները վառ լուսավորության դեպքում:
 
Ցանցաթաղանթի վրա՝ բբի դիմաց,սրվակիկների կուտակման տեղը կոչվում է դեղին բիծ, որն ընկալում է բբի դիմաց գտնվող առարկաների հստակ պատկերը: Ցանցաթաղանթի այն մասը, որտեղից հեռանում է տեսողական նյարդը, չունի ընկալիչներ և կոչվում է կույր բիծ: Ակնաբյուրեղի և ցանցաթաղանթի միջև ընկած տարածությունը լցված է թափանցիկ դոնդողանման նյութով, որը կոչվում է ապակենման մարմին:
 
doctors-am-eye.jpg
 
Տեսողական վերլուծիչի աշխատանքը
  
Առարկաներից արտացոլված ճառագայթներն անցնում են եղջերաթաղանթի, բբի և ոսպնյակի, ապա նաև ապակենման մարմնի միջով, բեկվում են, և ցանցաթաղանթի վրա ստացվում է առարկայի հստակ, բայց փոքրացած ու շրջված պատկերը: Նյարդային գրգիռները տեսողական նյարդով հասնում են մեծ կիսագնդերի տեսողական գոտի, որտեղ ձևավորվում է տեսողական զգայությունը, և մենք առարկան տեսնում ենք իր բնական դիրքով ու չափով:
 
Տեսողական ընկալում
 
 
750xauto-8-anggota-tubuh-ini-bisa-jadi-tolok-ukur-kesehatan-kamu-perhatikan-150826q.jpg
 
Տեսողության խանգարումները և դրանց կանխումը: Տեսողության խանգարման ավելի հաճախ հանդիպող տեսակներն են կարճատեսությունը և հեռատեսությունը: Կարճատեսության դեպքում մարդը տեսնում է միայն մոտիկ գտնվող առարկաները, քանի որ ճառագայթների հատման կետը (կիզակետ) ընկնում է ցանցաթաղանթից առաջ:
 
Կարճատեսությունը կարող է լինել բնածին, որի դեպքում ակնագունդը ի ծնե երկարավուն է, և ձեռքբերովի, երբ ակնաբյուրեղի կորությունը մեծանում է կյանքի ընթացքում:
 
Կարճատեսություն
 
371.jpg
 
Հեռատեսությունը նույնպես կարող է լինել ձեռքբերովի և բնածին: Ձեռքբերովի հեռատեսության դեպքում, տարիքի հետ կապված, թուլանում է ակնաբյուրեղի առաձգականությունը և այն դառնում է ավելի հարթ:
 
Դրա հետևանքով լույսի ճառագայթները թույլ են բեկվում և նրանց հատման կետն ընկնում է ցանցաթաղանթի հետևում:
  
Հեռատեսություն
հեռատես.jpg
 
Բնածին հեռատեսությունը կապված է այն բանի հետ, որ աչքի հատակը մոտ է ակնաբյուրեղին, որի հետևանքով ակնագունդը կարճացած է: Այն կարող է առաջանալ նաև ակնաբյուրեղի թույլ բեկման հատկության հետևանքով:
 
defecty-zreniya-640x209.jpg
 
Կարճատեսության ժամանակ ընտրվում է երկգոգավոր ապակիով ակնոց,որը  լույսի ճառագայթները բեկում է այնպես, որ պատկերը ձևավորվում է ցանցաթաղանթի դեղին բծի վրա:
 
Հեռատեսության դեպքում օգտագործում են երկուռուցիկ ապակիներով ակնոց, որի շնորհիվ առարկաներից եկող ճառագայթների հատման կետն ընկնում է ցանցաթաղանթի զգայուն հատվածի վրա:
 
Ակնոցի դերը տեսողական խնդիրներ ունեցողների համար:
 
images.jpg
Աղբյուրները
Ս.Մինասյան, Ծ.Ադամյան, Հ.Հովհաննիսյան Կենսաբանություն Մարդ
Ն.Ի Սոնին,Մ.Ռ. Սապին  Կենսաբանություն Մարդ
Ս.Հ. Սիսակյան, Տ.Վ. Թանգամյան, Գ.Ի. Միզոյան Կենսաբանությաուն Մարդ
Ն.Գ. Միքաելյան ֆիզիոլոգիա