Տեսություն

Արյան զարկերակային ճնշում և անոթազարկ
 
Արյան ճնշում: Սրտի յուրաքանչյուր կծկման ժամանակ զարկերակներում բարձրանում է արյան ճնշումը: Արյան ամենամեծ ճնշումը դիտվում է աորտայում, իսկ ամենափոքրը՝ խոշոր երակներում:
 
Արյան ճնշման մեծությունը կախված է երկու կարևոր գործոններից, որոնցից մեկը սրտի փորոքների կծկման ուժն է, մյուսը` անոթների առաձգականությունը (պատերի ելակետային վիճակին վերադառնալու ունակությունը):
 
Արյան ամենամեծ ճնշումը դիտվում է փորոքների կծկման ժամանակ, որն անվանում են առավելագույն ճնշում:
 
Նվազագույն ճնշումը դիտվում է սրտամկանի թուլացման ընթացքում: Արյունատար անոթներով արյան շարժման ժամանակ ճնշումն աստիճանաբար փոքրանում է: Սրտին մոտեցող երակներում այն ավելի է փոքրանում:
 
Давление-крови-в-сосудах.png

Զարկերակներում և երակներում ճնշման տարբերության հետևանքով է, որ արյունն անընդհատ շարժվում է անոթներով: Արյան ճնշման մեծությունը կարևոր ցուցանիշ է մարդու առողջության գնահատման համար: Առողջ մարդու նախաբազկի զարկերակներում արյան ամենամեծ ճնշումը կազմում է \(110-120\) մմ սնդիկի սյուն: Դա տեղի է ունենում սրտի փորոքների կծկման պահին: Փորոքների թուլացման ժամանակ արյան ճնշման մեծությունն ընկնում է մինչև \(70-80\) մմ սնդիկի սյուն:
 
Որոշ գործոններից արյան ճնշումը կարող է բարձրանալ, որը կոչվում է գերճնշում (հիպերտոնիա), իսկ նրա իջեցումը` թերճնշում (հիպոտոնիա): Սովորաբար արյան ճնշումը որոշում են հատուկ սարքի միջոցով, որն անվանում են ճնշաչափ (տոնոմետր):
 
file_44574_5478374.jpeg
 
Արյան վերաբաշխում: Այն օրգանները, որոնք ավելի շատ աշխատանք են կատարում, ստանում են ավելի մեծ քանակի արյուն: Քանի որ տարբեր պայմաններում օրգանների գործունեությունը փոխվում է, ուստի տեղի է ունենում արյան վերաբաշխում: Ընդ որում` աշխատող օրգանն ուժգնորեն մատակարարվում է արյամբ՝ ի հաշիվ մարմնի մյուս մասերում արյան մատակարարման քչացման:
 
Անոթներն օժտված են նեղանալու և լայնանալու հատկությամբ, որով իրականացվում է արյան վերաբաշխումը: Արյան ընդհանուր կայուն քանակի դեպքում աշխատող օրգանն ավելի լավ է մատակարարվում արյամբ: Այսպես` աշխատող մկանում արյան մատակարարումը \(50\) անգամ ավելանում է չաշխատող մկանի համեմատությամբ: Անոթների լայնացումը և նեղացումը կատարվում է նրանց պատերի հարթ մկանների միջոցով, որոնք նյարդավորվում են անոթալայնիչ և անոթասեղմիչ նյարդաթելերով:
 
2j30jrt.gif

Անոթազարկ (պուլս): Ձախ փորոքի յուրաքանչյուր կծկման պահին արյունը մեծ ճնշման տակ մղվում է աորտա, որի հետևանքով նրա առաձգական պատերը լայնանում են: Փորոքի թուլացման փուլում աորտայի պատերը վերադառնում են իրենց նախկին վիճակին: Աորտայի պատերի ալիքաձև տատանումները փոխանցվում են զարկերակներին: Անոթների պատերի ռիթմիկ տատանումները կոչվում են անոթազարկ (պուլս):
 
cek-nadi.jpg
 
Յուրաքանչյուր անոթազարկ համապատասխանում է սրտի մեկ կծկման: Դրա միջոցով որոշում են սրտի կծկումների քանակը մեկ րոպեում, սրտի գործունեության ռիթմը, կծկումների միջև ընկած ժամանակահատվածը, ինչպես նաև կծկումների ուժը: Անոթազարկը կարելի է որոշել մարմնի այն տեղամասերում, որտեղ խոշոր զարկերակները մարմնի մակերեսին մոտ են գտնվում, ունեն ոսկրային հենարան և հարմար են շոշափման համար: Այդ առումով հարմար է անոթազարկը որոշել նախաբազկի ճաճանչային զարկերակի վրա:
 
Ուշադրություն
Հանգիստ պայմաններում չափահաս մարդու անոթազարկի հաճախականությունը մեկ րոպեում հավասար է \(60-80\) հարվածի:
Եթե սրտամկանը մարզված է և ուժեղ, ապա անոթազարկի հաճախականությունը կարող է ցածր լինել` \(50-55\) հարված մեկ րոպեում: Դա բացատրվում է նրանով, որ մարզված մարդու սրտամկանը յուրաքանչյուր մեկ կծկման պահին ավելի շատ արյուն է մղում հյուսվածքներ, քան չմարզվածինը: Ֆիզիկական աշխատանքի ժամանակ անոթազարկի հաճախականության չափից ավելի մեծացումը կարող է վկայել հիվանդագին վիճակի մասին:
Աղբյուրները
Ս.Հ.Սիսակյան,Տ.Վ.Թանգամյան,Գ.Ի.Միրզոյան,«Կենսաբանություն. Մարդ:»:Երևան, Տիգրան Մեծ 2014
Ս.մինասյան, Ծ.Ադամյան, Հ.Հովհաննիսյան «Կենսաբանություն. Մարդ»:Երևան,Մակմիլան Արմենիա 2000