Տեսություն

Արյան շրջանառության մեծ և փոքր շրջաններ
Արյունը շարժվում է արյան շրջանառության երկու` մեծ և փոքր շրջաններով:
 
doctors-am-vascular-system_1.jpg
Արյան ուղին, որը սկսվում է ձախ փորոքից և ավարտվում աջ նախասրտում կոչվում է արյան շրջանառության մեծ շրջան:
Ձախ փորոքի կծկման հետևանքով արյունը մղվում է աորտա, որը ամենախոշոր արյունատար անոթն է:
Աորտայից դուրս եկող զարկերակներն աստիճանաբար ճյուղավորվում և, ի վերջո հյուսվածքներում, վերածվում են մազանոթների, որոնց պատերից թթվածինը և սննդանյութերն անցնում են հյուսվածքային հեղուկ և ապա բջիջներ: Այստեղ արյունը հարստանում է ածխաթթու գազով և կենսագործունեության արգասիքներով, ապա անցնում է երակներ, որոնք, միմյանց հետ միավորվելով, դառնում են ավելի խոշոր երակներ: Վերջիններս վերին և ստորին սիներակներով բացվում են աջ նախասիրտ: Այստեղ ավարտվում է արյան շրջանառության մեծ շրջանը:
 
shutterstock_279296840.jpg
Արյան ուղին, որը սկսվում է աջ փորոքից և ավարտվում ձախ նախասրտում կոչվում է արյան շրջանառության փոքր շրջան:
Աջ փորոքի կծկման շնորհիվ արյունը մղվում է թոքային ցողուն, այնտեղից` թոքային աջ և ձախ զարկերակներ, որոնք, թոքերում ճյուղավորվելով, առաջացնում են թոքային մազանոթներ: Թոքային մազանոթներում ածխաթթու գազը երակային արյունից անցնում է թոքաբշտեր, իսկ թթվածինը` թոքաբշտերից մազանոթներ, և արյունը դառնում է զարկերակային: Թոքերից զարկերակային արյունը չորս թոքային երակներով (յուրաքանչյուր թոքից՝ երկուական) անցնում է ձախ նախասիրտ: Այդտեղ ավարտվում է արյան շրջանառության փոքր շրջանը:
 
малый-круг-кровообращения.jpg
 
Այսպիսով` արյան շրջանառության մեծ շրջանը սկսվում է ձախ փորոքից, հասնում հյուսվածքներ, որտեղից վերադառնում է աջ նախասիրտ:
  
Արյան շրջանառության փոքր շրջանը սկսվում է աջ փորոքից, որտեղից դուրս եկող թոքային զարկերակներով արյունը հասնում է թոքաբշտեր, հարստանում թթվածնով և վերադառնում ձախ նախասիրտ:
 
Արյան շրջանառության շրջանների մասին լավ պատկերացում կազմելու համար դիտեք տեսանյութը.
 
Աղբյուրները
1. Ս.Հ.Սիսակյան,Տ.Վ.Թանգամյան,Գ.Ի.Միրզոյան,«Կենսաբանություն. Մարդ:»:Երևան, Տիգրան Մեծ 2014
2. Ս.մինասյան, Ծ.Ադամյան, Հ.Հովհաննիսյան «Կենսաբանություն. Մարդ»:Երևան,Մակմիլան Արմենիա 2000