Տեսություն

Արյուն: Արյան գործառույթներն ու բաղադրամասերը
Արյան գործառույթները: Արյունը հեղուկ շարակցական հյուսվածք է: Այն օրգանիզմի բոլոր բջիջներին մատակարարում է թթվածին և սննդանյութեր, այնտեղից հեռացնում է ածխաթթու գազը և կենսագործունեության արգասիքները: Արյան մեջ են անցնում ներզատական գեղձերում մշակված կենսաբանական ակտիվ նյութերը (հորմոնները), որոնք կարգավորում են օրգան համակարգերի գործունեությունը: Այն նաև նպաստում է օրգանիզմի ներքին միջավայրի քիմիական բաղադրության ու մարմնի կայուն ջերմաստիճանի պահպանմանը:
 
dreamstimemaximum_32095688.jpg
 
Արյունը կատարում է նաև պաշտպանական դեր, նրանում գտնվում են արյան սպիտակ գնդիկներ՝ լեյկոցիտներ, ինչպես նաև հակամարմիններ, որոնք վնասազերծում են օտարածին մարմինները և ապահովում օրգանիզմի անընկալունակությունը որոշակի հիվանդությունների նկատմամբ (իմունիտետ): Արյան պաշտպանական գործառույթ է համարվում նաև նրա մակարդելիության հատկությունը:

առըւն.jpg
  
  
Արյան կազմը: Արյունը կարմիր գունավորում ունեցող հեղուկ է, որի խտությունը քիչ ավելի է ջրի խտությունից: Չափահաս մարդու արյան քանակը կազմում է մարմնի զանգվածի (7-8)%-ը \((5-6,5)\)լ: Այն կազմված է միջբջջային նյութից՝ պլազմայից \((\)\(55-60 )\)% և ձևավոր տարրերից \((40-45)\)%։
 
Արյան պլազմա: Արյան պլազման դեղին, կիսաթափանցիկ հեղուկ է: Նրա բաղադրության մեջ ջուրը կազմում է \((90-92)\)%-ը, իսկ \((8-10)\)%-ը օրգանական և անօրգանական նյութեր են: Օրգանական նյութերից են սպիտակուցները \((7-8)\)%, ածխաջրերը \((0,08-0,12)\)% և ճարպերը \((0,5-1)\)%, իսկ անօրգանական նյութերից աղերը կազմում են \((0,9)\)%:
 
Պլազմայում գտնվող որոշ սպիտակուցային նյութեր համարվում են հակամարմիններ: Այստեղ են գտնվում նաև պրոթրոմբին և ֆիբրինոգեն սպիտակուցները, որոնք կարևոր դեր են կատարում արյան մակարդման գործընթացում: Ֆիբրինոգենից զուրկ պլազման կոչվում է շիճուկ:
 
Արյան ձևավոր տարրեր։
 
Ուշադրություն
Արյան ձևավոր տարրերն են էրիթրոցիտները, լեյկոցիտները և թրոմբոցիտները:
  
hema-07104.jpg
  
Էրիթրոցիտներ: Արյան կարմիր ձևավոր տարրերը` էրիթրոցիտները, ունեն երկու կողմից ներհրված սկավառակի տեսք: Այդպիսի կառուցվածքը մեծացնում է նրանց շփման մակերեսն արյան մեջ ներթափանցած գազերի \( (\)O2;CO2\()\) հետ և մեծացնում թթվածին տեղափոխելու օգտակար գործողության  գործակիցը: \(1\) մմ³ արյան մեջ պարունակվում է \(4,5-5\) մլն էրիթրոցիտ: Արյան մեջ էրիթրոցիտների քանակը կարող է ավելանալ մեծ բարձրությունների վրա՝ թթվածնի պակասի դեպքում, ինչպես նաև մկանների աշխատանքի ժամանակ: Էրիթրոցիտներն առաջանում են կարմիր ոսկրածուծում:
 
shutterstock_637278541.jpg
 
Նրանք սկզբում ունեն կորիզ, սակայն արյան մեջ մտնելիս կորցնում են կորիզը: Էրիթրոցիտների հիմնական գործառույթը թթվածնի և ածխաթթու գազի փոխադրումն է:
Էրիթրոցիտները պարունակում են երկաթ պարունակող սպիտակուց՝ հեմոգլոբին, որը թոքերում միանում է թթվածնին՝ առաջացնելով օքսիհեմոգլոբին:
Վերջինս անկայուն միացություն է, նրա քանակով է պայմանավորված զարկերակային արյան վառ կարմիր գույնը:
 
Ուշադրություն
Էրիթրոցիտներում հեմոգլոբինի քանակի, ինչպես նաև էրիթրոցիտների թվի պակասի դեպքում զարգանում է սակավարյունություն:
Դա կարող է առաջանալ արյան կորստի, թերսնուցման, որոշ թույների ազդեցության և որոշ հիվանդությունների ժամանակ:
Հյուսվածքների մազանոթներում օքսիհեմոգլոբինը հեշտությամբ քայքայվում է՝  անջատելով թթվածին, իսկ ազատված հեմոգլոբինը միանում է ածխաթթու գազին՝ առաջացնելով կարբոհեմոգլոբին:
Կարբոհեմոգլոբինով էլ պայմանավորված է երակային արյան մուգ կարմիր գույնը:
 
Эритроциты.png
 
Էրիթրոցիտների կյանքի տևողությունը \(120-130\) օր է: Նրանք քայքայվում են լյարդում, փայծաղում, իսկ հեմոգլոբինից առաջանում է լեղագունակ:
 
Միջավայրում շմոլ գազի \((CO)\) քանակի ավելացումը մինչև \(0,1\)% խիստ վտանգավոր է կյանքի համար: Դա բացատրվում է նրանով, որ հեմոգլոբինը \(CO\)-ի հետ առաջացնում է կայուն միացություն, որից թթվածնի մատակարարումը բջիջներին զգալիորեն նվազում է, զարգանում է թթվածնային քաղց: Արդյունքում առաջանում է մկանային թուլություն, դողէրոցք և նույնիսկ մահ:
 
11-w3936.jpg
 
Լեյկոցիտներ: Դրանք արյան սպիտակ գնդիկներն են` անգույն, կորիզավոր բջիջներ, չափսերով ավելի մեծ, քան էրիթրոցիտները, սակայն քանակով անհամեմատ ավելի քիչ: Արյան \(1\) մմ³ -ում պարունակվում է \(6000-8000\) լեյկոցիտ. նրանց քանակը կարող է ավելանալ սնունդ ընդունելուց, ծանր ֆիզիկական աշխատանքից հետո և հատկապես բորբոքային գործընթացների ժամանակ:
Լեյկոցիտներն առաջանում են կարմիր ոսկրածուծում, փայծաղում, ուրցագեղձում և ավշային հանգույցներում, կյանքի տևողությունը \(3-4\) օր է: Քայքայվում են փայծաղում, բորբոքային օջախներում:
Լեյկոցիտներն օրգանիզմը պաշտպանում են մանրէներից և օտարածին սպիտակուցներից: Բորբոքային պրոցեսներից առաջացած թարախը պարունակում է մեծ քանակությամբ մահացած մանրէներ և լեյկոցիտներ: Լեյկոցիտները կարող են փոխել իրենց ձևը, ակտիվ տեղաշարժվել նույնիսկ արյան հոսքին հակառակ ուղղությամբ: Նրանք կարող են թափանցել միջբջջային տարածություն, այդ պատճառով հաճախ նրանց անվանում են թափառող բջիջներ: Նրանք զգայուն են մանրէների կամ մահացած բջիջներից առաջացած քիմիական նյութերի նկատմամբ:
 
shutterstock_313800662.jpg
 
Օտարածին նյութերի հետ շփվելիս լեյկոցիտները իրենց ֆերմենտների միջոցով քայքայում են դրանց: Նրանց կողմից մանրէների կլանման, մարսման պրոցեսը Ի. Ի. Մեչնիկովը անվանել է ֆագոցիտոզ: Մեկ լեյկոցիտը կարող է մեկ ժամում կլանել \(20-30\) մանրէ: Լեյկոցիտների տարատեսակներից են լիմֆոցիտները: Դրանք գնդաձև են, պատված թավիկներով, որոնց շնորհիվ նրանք փնտրում, գտնում են օտարածին սպիտակուցներին և ոչնչացնում նրանց:
 
ֆագոցիտոզ.jpg
  
Լիմֆոցիտները նույնպես առաջանում են ոսկրածուծում, ավշային գեղձերում և փայծաղում: Նրանք ապրում են ավելի քան \(20\) տարի: Լիմֆոցիտները մասնակցում են հակամարմինների առաջացմանը և պայմանավորում իմունիտետը:

Արյան թիթեղիկներ կամ թրոմբոցիտներ:
 
664680.jpg
 
Մասնակցում են արյան մակարդման գործընթացին: Սրանք արյան ամենափոքր ձևավոր տարրերն են, առաջանում են կարմիր ոսկրածուծում, ապրում են \(5-7\) օր, քայքայվում փայծաղում կամ անոթների վնասված պատերի հետ շփվելիս, չունեն կորիզ: \(1\) մմ³ արյան մեջ պարունակվում է \(400000\) թրոմբոցիտ: Սրանց քանակի պակասի դեպքում վնասված անոթից տեղի է ունենում երկարատև արյունահոսություն:
 
aryun.jpg
Աղբյուրները
1. Ս.Հ.Սիսակյան,Տ.Վ.Թանգամյան,Գ.Ի.Միրզոյան,«Կենսաբանություն. Մարդ:»:Երևան, Տիգրան Մեծ: 2014
2. Ս.մինասյան, Ծ.Ադամյան, Հ.Հովհաննիսյան «Կենսաբանություն. Մարդ»:Երևան,Մակմիլան Արմենիա: 2000
3. Ն.Ի Սոնին,Մ.Ռ Սապին «Կենսաբանություն. Մարդ»: 2008