Տեսություն

Բեղմնավորում, ներարգանդային և հետսաղմնային զարգացում:
Երեխայի ծնունդը, աճը և զարգացումը
Արական և իգական սեռական բջիջների՝ սպերմատոզոիդի և ձվաբջջի միաձուլվելը կոչվում է բեղմնավորում:
Սեռական գործողության ժամանակ միլիոնավոր սպերմատոզոիդներ անցնում են հեշտոցի մեջ, ինքնուրույն շարժվելով մտնում արգանդի խոռոչ, այնտեղից անցնում արգանդափող, որտեղ մի քան ժամ շարժվելով կարող են հանդիպել ձվաբջջին:
 
Սպերմատոզոիդներից մեկը, որն ավելի կենսունակ է ու շարժուն, թափանցում է ձվաբջիջ: Տեղի է ունենում բեղմնավորում:
22.jpg
Բեղմնավորված ձուն արգանդափողով շարժվելուն զուգընթաց տրոհվում է և վերածվում բազմաբջիջ սաղմի, որը \(4-5\) օրվա ընթացքում մղվում է արգանդի խոռոչ: Սկսվում է ներարգանդային զարգացման սաղմնային շրջանը, որի ընթացքում բջիջները կիսման միջոցով անընդհատ ավելանում են: Հետագայում ձևավորվում են սաղմի հյուսվածքներն ու օրգանները:
 
Սաղմը պատվում է մի քանի թաղանթներով, որոնք ապահովում են նրա սնուցումը, շնչառությունը, պաշտպանում մեխանիկական հարվածներից և աղմուկից: Սաղմնային զարգացման երկրորդ ամսվա վերջում արգանդի պատին ամրացած սաղմի մոտ զարգանում է ընկերքը: Ընկերքի պատերը հարուստ են արյունատար մազանոթներով, և դրա շնորհիվ իրականանում է մոր և պտղի օրգանիզմների միջև թթվածնի, ածխաթթու գազի և սննդանյութերի փոխանակությունը: Սակայն մոր և պտղի արյունները չեն միախառնվում:
 
պտ.jpg
 
Ներարգանդային զարգացման \(4-5\)-րդ ամիսներին սկսվում են պտղի սրտի կծկումները, որոնց հաճախականությունը գրեթե \(2\) անգամ ավելի է, քան մորը: Արդեն \(5\)-րդ ամսում պտուղը կշռում է մոտ \(500\) գ, իսկ ծնվելու պահին՝ \(3-3,5\) կգ:
 
shutterstock_602249897.jpg
 
Հղիությունը կնոջ համար բնականոն մի վիճակ է, երբ նրա արգանդում զարգանում է ապագա երեխան: Հղիության տևողությունը \(270-280\) օր է, որի ավարտին տեղի է ունենում երեխայի ծնունդը՝ պտղի և ընկերքի հեռացումը մոր օրգանիզմից: Ծննդաբերության լավ ընթացքի համար անհրաժեշտ է, որպեսզի արգանդի վզիկը լայնանա, պտղաթաղանթը պատռվի, և նրանում պարունակվող հեղուկը (պտղաջրերը) հեշտոցի միջոցով հեռանա օրգանիզմից:
 
333.jpg
  
Երեխայի աճը և զարգացումը:
 
Երեխայի ծնունդից հետո սկսվում է նրա հետսաղմնային զարգացումը: Տարբերում են հետսաղմնային զարգացման հետևյալ շրջանները.
 
\(1\). Նորածնային շրջան՝ ծնվելուց հետո առաջին մեկ ամիսը,
\(2\). Կրծքային շրջան՝ առաջին ամսից մինչև մեկ տարեկան,
\(3\). Վաղ մանկության կամ մսուրային շրջան՝ \(1\)-ից մինչև \(3\) տարեկան հասակը,
\(4\). Նախադպրոցական շրջան՝ \(3-6\) տարեկան հասակը,
\(5\). Դպրոցական շրջան՝ մինչև \(17-18\) տարեկան:
 
Մարդու օրգանիզմի ձևավորումն ավարտվում է \(22-25\) տարեկանում:
  
Ծերության շրջանում զգալիորեն նվազում են նյութափոխանակության գործընթացները, դանդաղ է ընթանում բջիջների բաժանումը, քայքայման գործընթացները գերակշռում են սինթեզին, զարգանում են օրգան-համակարգերի գործառույթների խանգարումներ: Անհրաժեշտ է մշտապես հիշել, որ զբաղմունքի կանոնավոր հերթափոխությունը, պարբերաբար կատարվող ֆիզիկական վարժությունները, վնասակար սովորություններից (նիկոտինի, ալկոհոլի, թմրանյութերի օգտագործում) զերծ մնալը, ճիշտ սնվելը, անձնական հիգիենայի պահպանումը` չափազանց կարևոր գործոններ են մարդու օրգանիզմի ներդաշնակ զարգացման, առողջության և երկարակեցության համար:
Աղբյուրները
Ս.Հ.Սիսակյան,Տ.Վ.Թանգամյան,Գ.Ի.Միրզոյան Կենսաբանությաուն Մարդ Տիգրան Մեծ 2014
Ս.Մինասյան,Ծ,Մինասյան,Հ.Հոհաննիսյան Կենսաբանություն Մարդ Մակմիլան Արմենիա2000
Ն.Ի Սոնին,Մ.Ռ Սապին Կենսաբանություն Մարդ Անտարես 2008