Տեսություն

Վարքի ռեֆլեքսային տեսություն
Բարձրագույն նյարդային գործունեությունը գլխուղեղի մեծ կիսագնդերի կեղևում ընթացող, միմյանց հետ փոխադարձաբար կապված բազմաթիվ նյարդային գործընթացների ամբողջությունն է:
 
Բարձրագույն նյարդային գործունեության ուսումնասիրությամբ զբաղվել են ռուս խոշոր գիտնականներ Ի.Մ. Սեչենովը և Ի.Պ. Պավլովը:
 
Օրգանիզմի բոլոր օրգանները և համակարգերը միավորող ու կարգավորող նյարդային համակարգի գործունեությունը Պավլովն անվանել է ցածրագույն նյարդային գործունեություն:
 
Վարքը շրջապատող միջավայրի հետ օրգանիզմի փոխազդեցության արդյունքն է: Վարքի ձևավորման գլխավոր դերը պատկանում է բարձրագույն նյարդային համակարգի ռեֆլեքսային գործունեությանը:
 
Պավլովը ռեֆլեքսները բաժանել է \(2\) խմբի` ոչ պայմանական և պայմանական:
Ոչ պայմանական ռեֆլեքսները օրգանիզմի մշտական պատասխանն են արտաքին և ներքին որոշակի գրգռիչներին: Դրանք բնածին են, ժառանգվում են ծնողներից և պահպանվում են ամբողջ կյանքում:
Презентация1.jpg
 
Շրջակա միջավայրի մշտապես փոփոխվող պայմաններում օրգանիզմի հարմարումը ոչ պայմանական ռեֆլեքսներով հնարավոր չէ: Կյանքի որոշակի պայմաններում առաջանում են բազմաթիվ նոր ռեֆլեքսներ, որոնք առաջին անգամ շների վրա ուսումնասիրել է Պավլովն ու անվանել պայմանական ռեֆլեքսներ:
Այն ռեֆլեքսները, որոնք ձեռք են բերվում կյանքի ընթացքում և առաջանում են անտարբեր գրգռիչները ոչ պայմանական գրգռիչներով զուգակցելու հետևանքով, կոչվում են պայմանական ռեֆլեքսներ:
Օրինակ, եթե ծծկեր երեխային մայրը սկսում է կերակրել արհեստական սննդով լցված շշով, ապա երեխայի մոտ մշակվում է պայմանական ռեֆլեքս շշի նկատմամբ: Շիշը տեսնելիս նա անհանգիստ շարժումներ է կատարում, շրթունքները շարժում է մինչև բռնի շիշը և սկսի ծծել: Երեխայի պահանջմունքը բավարարվում է:
 
Այս ռեֆլեքսի մշակման համար անհրաժեշտ է \(3\) պայման.
 
1. Կենսաբանական պահանջ (քաղցի կամ ծարավի զգացում),
2. Արտաքին գրգռիչ (ծծակով շիշ),
3. Պայմանական և ոչ պայմանական գրգռիչների զուգակցում:
 
Պայմանական ռեֆլեքսների առաջացման և ամրապնդման ժամանակ մեծ կիսագնդերի կեղևում միաժամանակ գրգռված են երկու կենտրոններ, որոնցից մեկը անտարբեր գրգռիչի ընկալման կենտրոնն է, իսկ մյուսը՝ ոչ պայմանական գրգռիչի: Դրանց միջև առաջանում է ժամանակավոր կապ, որի արդյունքում նախկինում անտարբեր գրգռիչը դառնում է պայմանական գրգռիչ: Դրանից հետո միայն պայմանական գրգռիչի ազդեցությունը բերում է պատասխան ռեակցիայի: Այսպիսով, պայմանական ռեֆլեքսների աղեղներն անցնում են մեծ կիսագնդերի կեղևով:
Աղբյուրները
Ս.Հ.Սիսակյան,Տ.Վ.Թանգամյան,Գ.Ի.Միրզոյան Կենսաբանությաուն Մարդ Տիգրան Մեծ 2014
Ս.Մինասյան,Ծ,Մինասյան,Հ.Հոհաննիսյան Կենսաբանություն Մարդ Մակմիլան Արմենիա2000
Ն.Ի Սոնին,Մ.Ռ Սապին Կենսաբանություն Մարդ Անտարես 2008