Մարսողական համակարգի նշանակությունը, կառուցվածքը և գործառույթները
Մարսողության նշանակությունը: Օրգանիզմի կենսագործունեության բնականոն ընթացքի և էներգիայի պաշարները լրացնելու համար անհրաժեշտ է ընդունել որոշակի քանակությամբ սննդանյութեր: Սննդամթերքի հիմնական բաղադրիչները՝ սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերն ու հանքային աղերն են: Դրանցից սպիտակուցները, ճարպերը և ածխաջրերի զգալի մասը բարդ օրգանական միացություններ են և ունեն խոշոր չափսեր, ինչի արդյունքում չեն կարող անցնել աղիների պատով և ներթափանցել արյան և ավշի մեջ: Այդ պատճառով այդ նյութերը պետք է նախապես ճեղքվեն՝ վերածվելով ջրում լուծելի մանր և պարզ միացությունների:
Սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի քայքայումն ավելի պարզ` ջրում լուծելի միացությունների, կատարվում է մարսողական համակարգում:
Մարսողության սկզբնական փուլում սննդանյութերը մանրացվում և խառնվում են մարսողական հյութերի հետ: Այնուհետև մարսողական հյութերի ազդեցության տակ խոշոր և բարդ օրգանական միացությունները քայքայվում են ավելի պարզ միացությունների և դառնում են լուծելի ու մատչելի ներծծման համար:
 
Screenshot_1.png
 
Մարսողական համակարգի կառուցվածքը: Մարսողական համակարգը կազմված է մարսողական խողովակի օրգաններից և մարսողական գեղձերից:
 
Ուշադրություն
Մարսողական օրգաններն են բերանի խոռոչը, ըմպանը, կերակրափողը, ստամոքսը, \(12\)-մատնյա աղին, բարակ, հաստ աղիները, ուղիղ աղին և հետանցքը:

Մարսողական գեղձերն են թքագեղձերը, լյարդը, ենթաստամոքսային գեղձը, նաև ստամոքսի ու աղիների լորձաթաղանթում գտնվող հսկայական քանակությամբ մանր գեղձերը:
 
մարս-w500.jpg
 
Մարսողական խողովակի պատերն արտաքինից պատված են շարակցական հյուսվածքային թաղանթով, միջին շերտը հարթ մկանային կազմություն ունի: Այդ մկանաթելերի կծկման շնորհիվ աղիների պարունակությունը տեղաշարժվում է, և, ի վերջո, չմարսված նյութերը հեռացվում են օրգանիզմից: Մարսողական խողովակի պատերի ներքին շերտը լորձաթաղանթն է, որը կազմված է գեղձային էպիթելից:
 
марс.png
 
Մարսողական ֆերմենտներ և դրանց դերը: Օրգանական նյութերի քայքայման գործընթացը կատարվում է մարսողական հյութերի (թուք, ստամոքսահյութ, աղիքահյութ, լեղի, ենթաստամոքսային հյութ) ազդեցության շնորհիվ: Դրանք պարունակում են սպիտակուցային ծագում ունեցող ֆերմենտներ, որոնք արագացնում են քիմիական ռեակցիաները: Ֆերմենտների ազդեցությունը խիստ յուրովի է:
 
Ուշադրություն
 Յուրաքանչյուր ֆերմենտ ազդում է միայն որոշակի նյութի վրա:
Օրինակ` սպիտակուցները ճեղքվում են պեպսին ֆերմենտի (ստամոքսում), ճարպերը` լիպազի, իսկ ածխաջրերը` ամիլազի կողմից (բարակ աղիում): Ֆերմենտները գործում են միայն որոշակի միջավայրում, օրինակ` պեպսինը` թթվային, ամիլազը` հիմնային: Ֆերմենտներն ազդում են միայն որոշակի ջերմաստիճանում, մեծ մասամբ` \(36-37\)\(°C\):
 
Մարսողական համակարգի խանգարումները առաջացնում են մի շարք հիվանդություններ, ինչպես նաև պատճառ են դառնում գիրության:
 
Գիրությունը (մարմնի ավելորդ քաշ) շատ բարդ խնդիր է, քանի որ դրա առաջացման պատճառները ավելի շատ են, քան դրա դեմ պայքարի արդյունավետ միջոցները:
 
Նկարում գիրության առաջացման փուլերն են.
 
shutterstock_559278454.jpg
 
Մարսողական համակարգի մասին առավել պարզ պատկերացում ստանալու համար դիտե՛ք տեսանյութը:
 
Աղբյուրները
Մարդու անատոմիա։ 2 հատորով Է.Ի.Բորզյակ, Ե.Ա.Դոբրովոլսկայա, Վ.Ս.Ռևազով, Մ.Ռ.Սապին։ Երևան, Լույս 1992
Կենսաբանություն: Մարդ: Ս.Հ.Սիսակյան, Տ.Վ.Թանգամյան,Գ.Ի.Միրզոյան: Երևան, Տիգրան Մեծ 2014
Կենսաբանություն: Մարդ: Ս.Մինասյան, Ծ.Ադամյան, Հ.Հովհաննիսյան: Երևան, Մակմիլան Արմենիա 2000