Տեսություն

Շնչառական շարժումներ: Թոքերի կենսական տարողությունը: Շնչառության կարգավորումը
Թոքերն օժտված են չափազանց մեծ առաձգականությամբ և գտնվում են կրծքավանդակի փակ խոռոչում՝ գրավելով նրա համարյա ամբողջ ծավալը: Դրա շնորհիվ թոքամզի խոռոչում ճնշումը միշտ լինում է մթնոլորտային ճնշումից ցածր: Բնականոն պայմաններում չափահաս առողջ մարդը հանգիստ ժամանակ մեկ րոպեում կատարում է \(16-20\) շնչառական շարժում, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է ներշնչման և արտաշնչման փուլերից: Ընդ որում արտաշնչման փուլն ավելի երկարատև է: Օրվա ընթացքում շնչառական շարժումների թիվը կազմում է մոտ \(21000\):
 
Մարդը կյանքի ընթացքում կատարում է մոտավորապես \(700\) մլն շնչառական շարժում:
 
Շնչառությունն իրականանում է շնչառական մկանների՝ ստոծանու և միջկողային մկանների ռիթմիկ կծկումների շնորհիվ: Ստոծանին մկանային միջնապատի դեր է կատարում` բաժանելով որովայնի խոռոչը կրծքավանդակից:
 
Ներշնչման ժամանակ կծկվում են արտաքին միջկողային մկանները, կողոսկրերը փոքր-ինչ բարձրանում են, միաժամանակ կրծոսկրը շարժվում է դեպի առաջ: Այդ բոլորի հետևանքով կրծքավանդակի չափերը մեծանում են: Ստոծանու մկանների կծկման հետևանքով նրա գմբեթը հարթվում է, և կրծքավանդակը մեծանում է նաև ուղղաձիգ ուղղությամբ:
 
Թոքերը մկանային օրգան չեն, դրանք պասիվ կերպով հետևում են լայնացող կրծքավանդակի պատերին, որի հետևանքով թոքերում ընկնում է օդի ճնշումը: Մթնոլորտային օդը թափանցում է թոքեր, որոնք լայնացել են, տեղի է ունենում ներշնչում:
 
շնչառ.jpg
 
Իսկ ինչպե՞ս է կատարվում արտաշնչումը:
 
Միջկողային և ստոծանու մկանների թուլացման հետևանքով կողոսկրերն իրենց ծանրության տակ ուղղվում են ներքև, ստոծանին զբաղեցնում է իր նախկին դիրքը, կրծքավանդակի խոռոչը փոքրանում է, թոքերը սեղմվում են, նրանցում օդի ճնշումը մեծանում է և օդը շնչառական ուղիներով դուրս է մղվում, տեղի է ունենում արտաշնչում: Ավելի խորը շնչառությանը մասնակցում են նաև որովայնի մկանները:
 
Հանգիստ ներշնչման ժամանակ մարդը ներշնչում է մոտ \(500\) սմ³ օդ և նույնքան էլ արտաշնչում: Դա կոչվում է շնչառական ծավալ: Ի դեպ, այդ օդից միայն \(360\) սմ³-ն է հասնում թոքեր, իսկ մնացած \(140\) սմ³-ը մնում է շնչառական ուղիներում և գազափոխանակությանը չի մասնակցում:
Օդի այն առավելագույն քանակը, որը կարելի է արտաշնչել ամենախորը ներշնչումից հետո, կոչվում է թոքերի կենսական տարողություն:
Չափահաս մարդու մոտ այն մոտավորապես հավասար է \(3500\) սմ³: Թոքերի կենսական տարողությունը կախված է հասակից, սեռից, մարզվածության մակարդակից:
Օրինակ
\(6\) տարեկան երեխայի թոքերի կենսական տարողությունը \(1200\) սմ³ է, կնոջը` մոտ \(3500\) սմ³, տղամարդունը՝ մոտ \(4500\) սմ³: Մարզված մարդկանց մոտ այն կարող է հասնել մինչև \(9000\) սմ³: Ամենախոր արտաշնչումից հետո թոքերում պահպանվում է մոտ \(1000\) սմ³ (այսպես կոչված մնացորդային օդ), որի պատճառով թոքերը չեն դատարկվում մինչև վերջ, նույնիսկ մահից հետո:
gif 1.gif
 
Շնչառության կարգավորումը: Շնչառության կարգավորումն իրականացվում է նյարդային և հումորալ մեխանիզմներով:
  
Ուշադրություն
Երկարավուն ուղեղում գտնվում է շնչառության կենտրոնը, որտեղ մոտավորապես յուրաքանչյուր չորս վայրկյանը մեկ առաջանում են գրգիռներ, որոնք հաղորդվում են կրծքավանդակի միջկողային մկաններին և ստոծանուն:
Դրա շնորհիվ մկանները կծկվում են, և կրծքավանդակը լայնանում է, տեղի է ունենում ներշնչում: Նույն մկանների թուլացման հետևանքով տեղի է ունենում արտաշնչում:
 
Շնչառական կենտրոնի վրա որոշակի ազդեցություն են թողնում մեծ կիսագնդերի կեղևում տեղակայված բարձրագույն շնչառական կենտրոնները: Դրանց ազդեցության հետևանքով շնչառության հաճախականությունը փոխվում է խոսելու ընթացքում:
Շնչառության կարգավորմանը մասնակցում են պաշտպանական ռեֆլեքսները` հազը և փռշտոցը:
Հազի միջոցով օդատար ուղիներից փոշին և մանրէները լորձի ավելցուկի հետ հեռացվում են բերանի խոռոչով, իսկ փռշտոցի դեպքում` քթի խոռոչով: Երկու դեպքում էլ տեղի է ունենում կտրուկ արտաշնչում:
 
Շնչառության հաճախականությունը փոխվում է ոչ միայն ֆիզիկական աշխատանքի, այլև մարդու հուզական վիճակի փոփոխության դեպքում: Հուզմունքի պահին շնչառությունը տեղի է ունենում ընդհատումներով, իսկ գերլարվածության ժամանակ` աղմկոտ և հաճախ: Դրական զգայական իրավիճակում մարդու շնչառությունը դանդաղում է:
 
Ուշադրություն
Այսպիսով՝ արթուն և հարաբերական հանգստի պայմաններում չափահաս մարդը \(1\) րոպեում կատարում է մոտավորապես \(16\) շնչառական շարժում, քնած ժամանակ` \(12\):
how-we-breathe.gif
Աղբյուրները
Ս.Հ.Սիսակյան,Տ.Վ.Թանգամյան,Գ.Ի.Միրզոյան Կենսաբանությաուն Մարդ Տիգրան Մեծ 2014
Ս.Մինասյան,Ծ,Մինասյան,Հ.Հոհաննիսյան Կենսաբանություն Մարդ Մակմիլան Արմենիա2000
Ն.Ի Սոնին,Մ.Ռ Սապին Կենսաբանություն Մարդ Անտարես 2008