Տեսություն

Մեխանիկական շարժում: Մեխանիկայի հիմնական խնդիրը: Հաշվարկման մարմին և հաշվարկման համակարգ
Աշխարհում գոյություն ունեցող ամեն ինչ, որ ազդում է կամ հատուկ սարքերի միջոցով կարող է ազդել մեր զգայարանների վրա, կոչվում է մատերիա:
static1.squarespace.jpg
 
Մատերիայի հիմնական հատկություններից մեկը շարժումն է: Լայն իմաստով շարժում ասելով՝ հասկանում ենք մատերիայի ամեն մի փոփոխություն: Մատերիայի շարժման բազմապիսի ձևերից պարզագույնը մեխանիկական շարժումն է:
Մեխանիկական շարժում կոչվում է ժամանակի ընթացքում, տարածության մեջ մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմինների նկատմամբ, կամ մարմնի մասերի դիրքերի փոփոխությունն իրար նկատմամբ:
 
Ֆիզիկայի այն բաժինը, որն ուսումնասիրում է մարմինների մեխանիկական շարժումը, կոչվում է մեխանիկա:
Մեխանիկայի հիմնական խնդիրն է` որոշել մարմնի դիրքը տարածության մեջ ժամանակի ցանկացած պահին:
Կախված ուսումնասիրվող օբյեկտի բնույթից՝ մեխանիկան բաժանվում է՝
  • նյութական կետի մեխանիկայի
  • բացարձակ պինդ մարմնի մեխանիկայի
Մեխանիկայի հիմնական խնդիրը լուծել՝ այսինքն տալ մարմնի դիրքը տարածության մեջ, կարելի է միայն ուրիշ մարմնի նկատմամբ, որին անվանում են հաշվարկման մարմին:
Հաշվարկման մարմին կոչվում է այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում են այլ մարմինների դիրքերը:
Հաշվարկման մարմնի ընտրությունը կամայական է:
 
Ուշադրություն
Ցանկացած մարմին կարող է հանդիսանալ հաշվարկման մարմին:
Հաշվարկման մարմնի հետ կապելով ուղղանկյուն դեկարտյան կոորդինատական համակարգը՝ կարող ենք որոշել մարմնի դիրքը:
 
Մարմնի դիրքը որոշելիս անհրաժեշտ է նշել նաև, թե ժամանակի որ պահին է այն համապատասխանում: Դրա համար պետք է ունենալ ժամանակը ցույց տվող սարք` ժամացույց:
 
Հաշվարկման մարմինը, նրա հետ կապված կոորդինատային համակարգը և ժամացույցը միասին կազմում են հաշվարկման համակարգը, որի նկատմամբ էլ դիտարկվում է մարմնի շարժումը:
Աղբյուրները
Ֆիզիկա 10; Է. Ղազարյան, Ա. Կիրակոսյան, Գ. Մելիքյան, Ա. Մամյան, Ս. Մաիլյան; Երևան 2017 թ., էջ 17-26, 33-37
http://boombob.ru/img/picture/May/17/6b5605d69b72a4d7def6ed6dabe3d0fd/2.jpg
https://www.youtube.com/watch?v=fnvSu1uwBmQ
https://www.youtube.com/watch?v=QnRvV23Wyjc