Տեսություն

Հապավում
Հապավումը բաղադրյալ բառերի կամ անվանումների կրճատված մասերի՝ բառերի առաջին տառերի, վանկերի և այլնի միացումով կազմված բաղադրություն է:
Կրճատված մասը կարող է լինել ածանց, օրինակ՝ բուժքույր - բուժական քույր, արմատի մաս՝ երիտքերականներ - երիտասարդ քերականներ, արմատի մաս՝ ածանցի հետ միասին՝ մաթանալիզ - մաթեմատիկական անալիզ և այլն:
 
Հապավումները բաժանվում են \(3\) տարատեսակի.
 
1. Տառային, ինչպես՝ ՄԱԿ (Միավորված ազգերի կազմակերպություն), ԱՄՆ (Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ԱԺ (Ազգային ժողով), ԶԼՄ (զանգվածային լրատվական միջոցներ) և այլն:
Տառային հապավումները գրվում են մեծատառերով անկախ նրանից՝ հապավում կազմող բաղադրյալ բառի կամ բառակապակցության բաղադրիչները մեծատառով են գրվում, թե փոքրատառով:
Ուշադրություն
Բացառություն են կազմում այն հապավումները (բուհ, հէկ, զագս), որոնք հաճախակի գործածության արդյունքում ընկալվում են որպես սովորական բառեր, քանի որ հաճախ գործածվում են հոգնակի թվով (բուհեր, հէկեր, զագսեր), դառնում են այլ բառակազմության բաղադրիչ (միջբուհական, զագսավորել): Այդ պատճառով սրանք գրվում են փոքրատառերով:
Ուշադրություն
Տառային հապավումները հոլովելիս հոլովական վերջավորությունն ավելացվում է գծիկով՝ ԱԺ-ից, ՄԱԿ-ում, ԱՄՆ-ի և այլն, բացի վերը նշված՝ փոքրատառերով գրվող հապավումներից, որոնք հոլովվում են սովորական բառերի նման՝ բուհի, զագսից և այլն:
2. Վանկային, ինչպես՝ ֆիննախ (ֆինանսների նախարարություն), դասղեկ (դասարանի ղեկավար) և այլն:
 
3. Խառը, ինչպես՝ վանկաբառային՝ ուսխորհուրդ (ուսանողական խորհուրդ), տառաբառային` Հրազդանհէկ (Հրազդանի հիդրոէլեկտրակայան) և այլն:
 
Ուշադրություն
\(2\)-րդ և \(3\)-րդ տիպի հապավումները գրվում են փոքրատառերով, եթե չունեն մեծատառով գրվող բաղադրիչ, և հոլովվում են սովորական բառերի նման՝ դասղեկիսոցմրցման և այլն:
Եթե բառի կազմում հոդակապ կա, ապա այն հապավում լինել չի կարող՝ դատաբժիշկ, բուժաշիճուկ և այլն: