Տեսություն

Հնչյունափոխություն:
Բառի մեջ որևէ հնչյունի փոփոխությունը, որը տեղի է ունենում բառի՝ վերջից աճելու (բառաբարդման, ածանցման, հոլովման կամ հոգնակիի կազմության) դեպքում վերջնավանկի շեշտի տեղափոխության հետևանքով, կոչվում է հնչյունափոխություն:
Բառի վերջին վանկի ձայնավորը շեշտից զրկվելու կամ նրանից հեռանալու պատճառով թուլանում է և հաճախ փոխվում այլ հնչյունի: Հիմնականում անհնչյունափոխ են մնում ա և (օ)ո ուժեղ ձայնավորները:
 
Մնացած ձայնավորները՝ է(ե), ի, ու, ը, ենթարկվում են տարբեր հնչյունափոխությունների:  
 
Ի ձայնավորի հնչյունափոխությունը:
  
Ի ձայնավորը դառնում է Ը՝
 
• բառասկզբում՝ իղձ, ինչ, ինձ բառերում.
 
Օրինակ՝ ըղձանք, ընչազուրկ, ընձուղտ և այլն,
  
• բառամիջի փակ վանկում՝ կազմելով գաղտնավանկ.
 
Օրինակ՝ գիր-գ(ը)րել, միտք-մ(ը)տածել, ձիգ-ձ(ը)գձ(ը)գել,
 
• նաև՝ հոլովվելիս և հոգնակիի կազմության ժամանակ՝
 
Օրինակ՝ գին-գ(ը)նի, գ(ը)ներ և այլն,
  
  
Ի ձայնավորը դառնում է Ե՝ միանալով ա հոդակապին՝
 
Օրինակ՝ այգի-այգեգործ, տարի-տարեվերջ, նաև՝ հոգի-հոգևոր և այլն,

  
Ի ձայնավորը դառնում է Յ՝ ակ վերջածանցից առաջ՝
 
Օրինակ՝ որդի-որդյակ, կղզի-կղզյակ:
  
  
Ի ձայնավորը սղվում է՝

• որոշ փակ վանկերում՝
 
Օրինակ՝ կապիկ-կապկել, ազնիվ-ազնվություն, ուսուցիչ-ուսուցչական և այլն,
 
• բառավերջում՝
 
Օրինակ՝ մորթի-մորթեղեն, կենդանի-կենդանական և այլն:
 
  
Ի ձայնավորը չի հնչյունափոխվում՝

• որոշ միավանկ բառերում՝
 
Օրինակ՝ ձի-ձիավոր, մի-միակամ և այլն,
 
• բարդ բառերի վերջին միավանկ բաղադրիչում, եթե այդ բառի հոգնակին կանոնի համաձայն կազմվում է ներ-ով՝
 
Օրինակ՝ հրձիգ-հրձիգներ, խմբագիր-խմբագիրներ և այլն: