Տեսություն

Հոմանիշ կոչվում են իմաստով իրար մոտ բառերը:
Հոմանիշների իմաստները շատ մոտ են իրար, բայց լիովին չեն համընկնում: Դրանց մեջ կարող են լինել իմաստաբանական այսպիսի տարբերություններ՝

Ծավալային. Թև բառը հոմանիշ է կուռ բառին միայն մարդու թև իմաստով, իսկ, օրինակ, զգեստ-հագուստ բառերը՝ բոլոր իմաստներով:

Տեսակային. Մազ, հեր, վարս, գես, ծամ, բուրդ, գեղմ բառերը կազմում են հոմանշային շարք և բոլորն էլ նշանակում են մազ, բայց դրանցից յուրաքանչյուրը ցույց է տալիս մազի մի տեսակ, օրինակ` գեղմը ոչխարի ընտիր բուրդն է:

Աստիճանական. Զեփյուռ, քամի, հողմ, փոթորիկ, մրրիկ բառերը բոլորն էլ նշանակում են օդի հոսանք, բայց դրանցից յուրաքանչյուրը ցույց է տալիս ուժգնության և արագության տարբեր աստիճան. ամենամեղմը և ամենաթույլը զեփյուռն է, առավել ուժգինն ու կատաղին՝ մրրիկը:

Հասկացական. Լուռ, անձայն, անշշուկ, անլսելի բառերից բոլորն էլ նշանակում են առանց որևէ ձայն լսելի դարձնելու, բայց լուռ նշանակում է առանց խոսելու, անձայն՝ առանց ձայն հանելու, նաև, օրինակ՝ քայլերի, անլսելի՝ կարող էր ձայն լինել, բայց չլսվել:

Գնահատողական. Ուտել, խժռել, լափել հոմանիշներից ուտելը չեզոք է, խժռելը ագահության և շատակերության երանգ ունի, լափելը անարգական վերաբերմունք է պարունակում:
 
Ուշադրություն
Հոմանիշները ճանաչելու համար անհրաժեշտ է նկատի ունենալ, որ դրանք հիմնականում պետք է պատկանեն միևնույն խոսքի մասին: Օրինակ, երբեմն բայն ու ածականը կարող են հոմանիշ լինել՝ անրջող-երազկոտ, բայց ածականն ու գոյականը, բայն ու գոյականը՝ հաճախ ոչ, օրինակ՝ անրջային-երազ, անրջել-երազ բառազույգերի բառերը հոմանիշներ չեն:
Հոմանիշների մասին ավելի մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ այստեղ՝ Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Ա. Սուքիասյան