Տեսություն

Անտարկտիդայի աշխարհագրական դիրքը և ափագծերի ընդհանուր բնութագիրը
Ուշադրություն
Անտարկտիդա մայրցամաքը ամբողջությամբ գտնվում է հարավային կիսագնդում և քանի որ նրա տարածքում են գտնվում և՛ հարավային բևեռը և՛ հարավային մագնիսական բևեռը, ապա ցանկացած միջօրեականով հարավ շարժվելիս կարելի է հասնել Անտարկտիդա:
Միևնույն ժամանակ սա միակ մայրցամաքն է, որը չունի ծայրակետեր, քանի որ միակ ծայրակետը կարող է լինել հյուսիսայինը և եթե սահմանված լիներ, ապա կգտնվեր Անտարկտիկական թերակղզու վրա, որը մայրցամաքի միակ խոշոր և հայտնի թերակղզին է: Այն ուղղված է դեպի Հարավային Ամերիկան, որը Անտարկտիդային միակ մոտ մայրցամաքն է:
 
4.jpg
Աշխարհի ֆիզիկական քարտեզը և Անտարկտիդայի աշխարհագրական դիրքը դրանում
 
Անտարկտիդան Հարավային Ամերիկայից բաժանվում է Դրեյկի փոթորկոտ նեղուցով, որն ամենալայնն է աշխարհում, սակայն քիչ կիրառական իր անբարենպաստ աշխարհագրական դիրքի պատճառով:
Dreik.jpg
 Մի քանի մետրանոց ալիքները սովորական են Դրեյկի նեղուցում
 
Ուշադրություն
Նման աշխարհագրական դիրքով է պայմանավորված այն հետաքրքիր փաստը, որ Անտարկտիդան, ունենալով ընդամենը 14մլն կմ² տարածք, միակ մայրցամաքն է, որտեղ կարելի է հանդիպել բոլոր ժամային գոտիները, իսկ եթե կանգնենք հարավային բևեռում, ապա միաժամանակ կլինենք բոլոր \(24\) ժամերի սահմաններում:
Անտարկտիդայի ափերի մոտ կարելի է հանդիպել մի շարք ծովերի, որոնք հիմնականում անվանակոչվել են այստեղ հասած ծովագնացների անուններով և տարվա մեծ մասը սառցածածկ են: Այսպես, Անտարկտիկական թերակղզու երկու կողմերում են գտնվում Ուեդդելի (Ատլանտյան օվկիանոսի տարածք) և Բելինսհաուզենի (Խաղաղ օվկիանոսի տարածք) ծովերը: Վերջինիս արևմտյան հարևաններն են Ամունդսենի և Ռոսսի ծովերը, իսկ մայրցամաքի՝ Անտարկտիկական թերակղզուն հակադարձ հատվածում է Համագործակցության ծովը:
 
Ross.jpg
Նույնիսկ կետադելֆինների պես հմուտ որսորդներն են հայտնվում Ռոսսի ծովի սառույցների թակարդում
 
Անտարկտիդայի ափերի մոտ կղզիները նույնպես քիչ են, իսկ Անտարկտիկայի սահմաններում միակ խոշորը Կերգելեն կղզիախումբն է Հնդկական Օվկիանոսի տարածքում
Անտարկտիդայի մակերևույթը
Անտարկտիդա մայրցամաքի ափագծի քիչ մասնատված լինելը առաջին հերթին պայմանավորված է դրա հիմքում ընկած Անտարկտիկական հնագույն պլատֆորմով, որը զբաղեցնում է մայրցամաքի տարածքի մեծ մասը: Միևնույն ժամանակ դա է պատճառը, որ Անտարկտիդայի մակերևույթը հիմնականում հարթավայրային է կամ կազմված ցածր լեռներից: Միայն Անտարկտիկական թերակղզու և դրան հարակից գոտու տարածքն է գտնվում Խաղաղօվկիանոսյան Հրե Օղակ կոչվող գեոսինկլինալի գոտում, ինչի պատճառով այստեղ տիրապետող են բարձր լեռները: Մասնավորապես Անտարկտիկական թերակղզու տարածքում է գտնվում ամենախոշոր լեռնաշղթան՝ Անտարկտիկական Անդերը, որոնք իրենց անունը ստացել են հարևան Հարավային Ամերիկայի Անդյան լեռներից, քանի որ դրանց շարունակությունն են Անտարկտիդայի տարածքում: Այդ նույն ուղղության վրա է գտնվում նաև մայրցամաքի ամենաբարձր կետը՝ Վինսոն գագաթը (\(5140\) մ), որն իր բարձրությամբ շատ քիչ է զիջում Մասիս լեռանը (\(5165\) մ): Անտարկտիկական թերակղզու հարևանությամբ է գտնվում նաև մայրցամաքի գործող հրաբուխը՝ Էրեբուսը:
 
mount-erebus.jpg
Էրեբուս հրաբխի խառնարանը
 
Ուշադրություն
Սակայն պետք է հիշել, որ բուն Անտարկտիդա մայրցամաքի մակերևույթը կտրուկ տարբերվում է իրական պատկերից, քանի որ մայրցամաքը ծածկված է սառցե հզոր շերտով, որի միջին հաստությունը հասնում է \(2\) կմ, իսկ առավելագույնը՝ \(4.5\) կմ: Դա է պատճառը, որ Անտարկտիդան հանդիսանում է ամենաբարձր միջին բարձրություն ունեցող մայրցամաքը:
Antarctica_Without_Ice_Sheet.png
Այսպիսի տեսք ունի Անտարկտիդայի մակերևույթը առանց սառցածածկի
Սառցածածկը ոչ միայն կարևոր դեր է խաղում Անտարկտիդայի մակերևույթի ձևավորման գործում, այլև ամբողջ մարդկության համար, քանի որ այդտեղ է ամբարված աշխարհի քաղցրահամ ջրի պաշարների մեծ մասը, իսկ այդ սառցի հալվելու դեպքում Համաշխարհային օվկիանոսի մակարդակը կբարձրանա մոտ \(60 \)մ-ով: Եվ սա չափազանց մտահոգիչ փաստ է, քանի որ սառույցների հալքի գործընթացը ներկայումս ակնհայտ է գիտնականների համար: