Լճերի առանձնահատկությունները
Եվրասիայի լճերն ունեն մի շարք առանձնահատկություններ, որոնք պայմանավորված են ինչպես աշխարհագրական դիրքով, այնպես էլ ծագմամբ և ջրաբանական առանձնահատկություններով:
Եվրասիայի լճերը տարբերվում են աշխարհի լճերից իրենց չափերով, քանի որ այստեղ են գտնվում աշխարհի ինչպես ամենամեծ, այնպես էլ ամենախորը լիճը, բացի այդ այստեղ կարելի է հանդիպել լճերի ծագումնաբանական մեծ բազմազանության, ինչը վկայում է Եվրասիայում տեղի ունեցած ֆիզիկաաշխարհագրական և երկրաբանական գործընթացների բազմազանության մասին: Եվրասիայում լճերը նաև քանակապես գերազանցում են մյուս մայրցամաքներին և դրանցից շատերը ունեն զբոսաշրջային մեծ կարևորություն:
Առանձնահատկություն է նաև, որ Եվրասիայի խոշորագույն լճերի մեծ մասը գտնվում են Ասիայի տարածքում և Եվրոպայի հյուսիսում:
Asia fiz.jpg
Ասիայի քարտեզ
Լճերի բնութագիրը
Եվրասիայի և աշխարհի ամենախորը լիճն է Բայկալը (\(1642\) մ), որից սկիզբ է առնում Ենիսեյի վտակ Անգարան: Այն տեկտոնական (գրաբենային) ծագման քաղցրահամ լիճ է, որտեղ կուտակված է աշխարհի քաղցրահամ ոչ սառցակալած ջրերի մոտ \(20\)%-ը: Այս ցուցանիշով Բայկալը նույնպես առաջինն է աշխարհի լճերի շարքում: Եվրասիայում է գտնվում նաև աշխարհի ամենամեծ լիճը՝ Կասպիցը, որին չափերի համար ծով են անվանում: Այն մնացորդային ծագում ունի և աղի է: Լիճը նաև անհոսք է, քանի որ ձևավորվել է ցածրավայրի տարածքում: Եվրասիայում է աշխարհի ամենաաղի լիճը՝ Մեռյալը, որը, Կասպից ծովի պես հանդիսանալով մնացորդային ծագման լիճ, կոչվում է ծով: Մեռյալ ծովի աղիությունն այնքան շատ է (հասնում է \(340\) գ/լիտր), որ այնտեղ սուզվելն ավելի բարդ է, քան ջրի մակերեսին մնալը, իսկ ջրում երկար մնալու դեպքում մաշկը վնասվում է:
Մնացորդային ծագման է նաև Արալ լիճը, որին նույնպես ծով են անվանում, սակայն ներկայումս նրա չափերը կտրուկ կրճատվել են, քանի որ այն սնող Ամուդարյա և Սիրդարյա գետերի ջրերը ամբողջովին օգտագործվում են ոռոգման նպատակով: Արալը նույնպես աղի է և անհոսք:
 
AralSea1989_2014.jpg
 
Արալյան ծովի տիեզերական լուսանկարները \(1989\) թ. (ձախից) և \(2014\) թ. ամառ (աջից): Ներկայումս կատարվում է Արալյան ծովի փրկությանը միտված ծրագրերի իրականացում
 
Ասիայի տարածքում են նաև գտնվում տեկտոնական ծագման Բալխաշ և Իսիկ-Կուլ լճերը: Բալխաշի առանձնահատկությունը այն է, որ նրա արևմտյան մասում ջուրը քաղցրահամ է, իսկ արևելյան մասում՝ աղի, քանի որ արևմուտքում լճի մեջ է թափվում համեմատաբար խոշոր Իլի գետը, որը քաղցրահամ ջուր է բերում լճի այս հատված: Բալխաշը նույնպես անհոսք է: Իսիկ-Կուլը աշխարհի բարձրադիր ամենախորը և խոշոր լճերից մեկն է և գտնվում է Տյան Շանի համակարգում: Իսիկ-Կուլը նույնպես աղի է և անհոսք է:
 
Issyk-Kul-Lake.jpg
Իսիկ-Կուլը նման է Սևանին ոչ միայն քանի որ բարձրլեռնային խոշոր լիճ է, այլև Սևանից բացի սա աշխարհի միակ վայրն է, որտեղ բնակվում է Սևանի իշխանը, որին Խորհրդային Միության տարիներին այստեղ են բերել հենց Սևանա լճից
 
Եվրոպայում նշանավոր են Լադոգան, Օնեգան, Լոխ-Նեսը, Վենեռնը, Վետեռնը, լճերի Սայմա համակարգը և Բոդենը, որոնց ձևավորման գործում մեծ է սառցադաշտերի դերը: Դրանք բոլորը քաղցրահամ լճեր են: Ռուսաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Լադոգան ամենախոշոր քաղցրահամ լիճն է Եվրոպայում և նրանից սկիզբ է առնում Նևա գետը: Երկրորդ խոշոր լիճը Օնեգան է, որը Սվիր գետով կապված է Լադոգային, իսկ երրորդը՝ Վենեռնն է, որը գտնվում է Սկանդինավյան թերակղզում: Շոտլանդիայի տարածքում գտնվող Լոխ-Նեսը հայտնի է այնտեղ բնակվող հրեշի մասին լեգենդով, որը գրավում է բազմաթիվ զբոսաշրջիկների, սակայն լճի բազմաթիվ հետազոտությունները այդպես էլ հրեշի որևէ հետք չեն հայտնաբերել: Վետեռնը և Սայման Սկանդինավյան թերակղզու տարածքում գտնվող խոշոր լճերից են, ընդ որում Սայման Եվրոպայում մեծությամբ չորրորդն է և բաղկացած է միմյանց հետ կապված մի շարք լճերից: Բոդենը Եվրոպայի նշանավոր զբոսաշրջային վայրերից մեկն է և գտնվում է Ալպերի նախալեռներում՝ Գերմանիայի, Շվեյցարիայի և Ավստրիայի սահմանին: Նրա տարածքով է անցնում Հռենոս գետը:
 
Geneva.jpg
Եվրոպայի բազմաթիվ փոքր, սակայն գեղատեսիլ լճերից մեկը՝ Ժնևի լիճ (Շվեյցարիա), որը հայտնի է իր շատրվանով
 
Նշանավոր են նաև Հայկական լեռնաշխարհի երեք խոշորագույն լճերը՝ տեկտոնական ծագման Ուրմիան, որն ամենաաղին է լեռնաշխարհում, տեկտոնահրաբխային ծագման Վանա լիճը, որն ամենախորն է լեռնաշխարհում և որի տարածքում է Ախթամար կղզին Սուրբ Խաչ եկեղեցով և վերջապես տեկտոնահրաբխային Սևանա լիճը, որը Հարավային Կովկասի և լեռնաշխարհի քաղցրահամ ջրի ամենախոշոր պաշարն է: Այն լեռնաշխարհի խոշոր երեք լճերից միակն է, որից գետ է սկիզբ առնում:
 
Van.jpg
Տեսարան դեպի Վանա լիճ, Աղթամար կղզի և Սուրբ Խաչ եկեղեցի