Տեսություն

Մակերևույթի և օգտակար հանածոների տարածական առանձնահատկությունները
Հարավային Ամերիկայի մակերևույթը բավական բազմազան է, քանի որ նրա հիմքում ընկած են ինչպես Հարավամերիկյան պլատֆորմը, այնպես էլ Խաղաղօվկիանոսյան գեոսինկլինալի արևելյան հատվածը:
Միևնույն ժամանակ նկատվում են ռելիեֆի տարբեր ձևերի տարածական բաշխման որոշակի օրինաչափություններ: Այսպես, մայրցամաքի ավելի խոշոր, արևելյան հատվածը հիմնականում հարթավայրային է, քանի որ այստեղ է տարածվում Հարավամերիկյան պլատֆորմը, որի որոշ հատվածներ միլիոնավոր տարիներ առաջ ենթարկվել են իջեցումների և, հետագայում ծածկվելով նստվածքներով, վերածվել են դաշտավայրերի, իսկ մյուս հատվածները ընդհակառակը՝ ենթարկվել են բարձրացումների և այստեղ ձևավորվել են սարահարթեր:
Պլատֆորմի իջած և եզրային ճկված հատվածների հետ են կապված նավթի և վառելիքային այլ ռեսուրսների աշխարհագրական բաշխումը մայրցամաքում, իսկ բարձրացած տեղամասերում հիմնականում հանդիպում են սև մետաղները՝ երկաթը և մանգանը:
Մայրցամաքի արևմտյան համեմատաբար փոքր հատվածը գտնվում է Խաղաղօվկիանոսյան գեոսինկլինալի գոտում, ինչի պատճառով այստեղ ձևավորվել են բարձր լեռներ, իսկ լեռնակազմական պրոցեսները, հրաբուխների ժայթքումները և երկրաշարժերը բավական հաճախ են գրանցվում, որի վառ վկայությունն է 1960թ. Չիլիի ավերիչ երկրաշարժը:
Chile1960l.jpg
Նկար 1. Տիեզերական տեխնոլոգիաները թույլ են տալիս վերականգնել Չիլիի 1960թ. երկրաշարժից առաջացած ցունամիի տարածման մանրամասները: Որքան մուգ է գույնը, այնքան բարձր են եղել ալիքները
Գեոսինկլինալային գոտու հետ են կապված գունավոր, թանկարժեք և հազվագյուտ մետաղների խոշոր հանքավայրերը: Մասնավորապես մայրցամաքի արևմուտքը հարուստ է պղնձի, ոսկու, մոլիբդենի և ուրանի ռեսուրսներով:
Հարավային Ամերիկայի ֆիզիկական քարտեզը թույլ է տալիս հեշտորեն ընկալել այս օրինաչափությունները:
 
South America-physical complex.jpg
Նկար 2. Հարավային Ամերիկա
Հարավային Ամերիկայի խոշոր լեռներն ու հարթավայրերը
Հարավային Ամերիկայի տարածքում առանձնացնում են մի շարք հարթավայրեր և լեռներ: Ամբողջ արևմուտքը զբաղեցնում են երիտասարդ, բարձր Անդյան լեռները, որոնք, լինելով Հյուսիսային Ամերիկայում տարածվող Կոորդիլիերների շարունակությունը, տարածվում են նաև Անտարկտիդայի տարածքում՝ կազմելով աշխարհի ամենաերկար լեռնաշղթաների համակարգի մաս: Անդերի վրա է գտնվում ոչ միայն մայրցամաքի, այլև ամբողջ հարավային և արևմտյան կիսագնդի ամենաբարձր լեռը՝ Ակոնկագուան, 6960մ բարձրությամբ: Անդերում հայտնի են նաև մի շարք գործող և հանգած հրաբուխներ, որոնք աչքի են ընկնում մի շարք յուրահատկություններով: Այսպես, Էկվադոր պետության տարածքում ամենաբարձր երկու լեռներն են հանգած հրաբուխ Չիմբորասոն և գործող հրաբուխ Կոտոպաքսին: Վերջինս գտնվում է գրեթե հասարակածի վրա, իսկ Չիմբորասոյի գագաթը Անդերի մեկ այլ գագաթի՝ Ուասկարանի հետ մեկտեղ համարվում է Երկրագնդի կենտրոնից ամենահեռացված կետը:
chimborazo.jpg
Նկար 3. Չիմբորասո լեռան գագաթը (6268մ) շնորհիվ իր բարձրության և հասարակածին մոտ գտնվելուն Երկրի կենտրոնից ամենահեռացված 2 կետերից մեկն է
Մայրցամաքի ամբողջ արևելքը հարթավայրային է, սակայն Հարավամերիկյան պլատֆորմի իջած և հետագայում նստվածքներով ծածկված տեղամասերում ձևավորվել են դաշտավայրեր և ցածրավայրեր, որոնցից առավել խոշոր են Օրինոկոյի և Ամազոնի դաշտավայրերը, ինչպես նաև Լա Պլատայի դաշտավայրը, որի որոշ հատվածներ վերածվում են ցածրավայրի: Երեք դաշտավայրերի կենտրոնական հատվածով են անցնում համանուն հզոր գետերը, որոնց նստվածքները շարունակում են կուտակվել այս հարթավայրերում:
Amazon.jpg
Նկար 4. Ամազոնի դաշտավայրը ամենախոշորն է աշխարհում (տարածքը՝ 5մլն կմ²)
Ի հակադրություն դաշտավայրերի, պլատֆորմի բարձրացած տեղամասերում են ձևավորվել սարահարթերը, որոնցից առավել հայտնի են Գվիանական և Բրազիլական սարահարթերը: Գվիանական սարահարթի տարածքում է գտնվում աշխարհի ամենաբարձր ջրվեժը՝ Անխելը: Մայրցամաքի հարավային հատվածներում են գտնվում Գրան Չակոյի և Պատագոնիայի սարահարթերը, որոնք աստիճանակերպ իջնում են Անդերի արևելյան լանջերից դեպի մերձակա դաշտավայրեր և ծովափնյա գոտի:
Patagonia.jpg
Նկար 5. Պատագոնիայի սարահարթից դեպի Անդեր բացվող տեսարան
Հետաքրքիր է նաև Պատագոնիա անվան ծագումնաբանությունը, որը թարգմանաբար նշանակում է «մեծ ոտքեր» կամ «մեծ ոտքերով մարդկանց տարածք»: Ըստ վարկածներից մեկի Մագելանի արշավախմբի անդամները, այս տարածքում հանդիպելով խոշոր ոտնահետքերի, կարծել են թե տեղի բնակիչները հսկաներ են և տարածքին շնորհել են այդպիսի անվանում, սակայն հետագայում բացահայտվել է, որ տարածքի  հնդկացիական ցեղերի ներկայացուցիչները ընդամենը կրել են կաշվե լայն ոտնամաններ, որպեսզի կիսաանապատային այս տարածքի շիկացած բնահողը չայրի նրանց ոտքերը: