Տեսություն

Հարավային Ամերիկայի կլիմայի վրա ազդող գործոնները և կլիմայական առանձնահատկությունները
Հարավային Ամերիկան աչքի է ընկնում կլիմայական պայմանների մեծ բազմազանությամբ, որը պայմանավորված է մի շարք կլիմայաստեղծ գործոնների ազդեցությամբ: 
Ուշադրություն
Մայրցամաքի կլիմայական գլխավոր առանձնահատկությունն այն է, որ Հարավային Ամերիկան ամենախոնավ մայրցամաքն է:
Տեղումների մեծ քանակը պայմանավորված է առաջին հերթին աշխարհագրական դիրքով, քանի որ մայրցամաքի տարածքի մեծ մասը տաք ջերմային գոտու սահմաններում է և մասնավորապես հասարակածային և մերձհասարակածային կլիմայական գոտիներում: Ընդ որում այստեղ մեծ է Ատլանտյան օվկիանոսից ներթափանցող օդային զանգվածների դերը, որոնք, անցնելով Բրազիլական և Գվիանական տաք հոսանքների վրայով, կուտակում են մեծ քանակի ջրային գոլորշիներ և բեռնաթափվում մայրցամաքի կենտրոնական և հյուսիսային հատվածներում: Այդ օդային զանգվածները պասսատներն են:
 
Մայրցամաքի հարավը գտնվում է բարեխառն ջերմային գոտում և այստեղ տիրապետողը արևմտյան քամիներն են, որոնք մայրցամաք են ներթափանցում արևմուտքից՝ Խաղաղ օվկիանոսից՝ հիմնականում իրենց հետ բերելով չորություն, քանի որ Խաղաղ օվկիանոսյան ափերի ամբողջ երկայնքով ձգվում է Պերուական սառը հոսանքը: Պերուական հոսանքը որոշիչ դեր է խաղում նաև Ատակամա անապատի առաջացման գործում: Կարևոր է նաև հարավում Ֆոլկլենդյան սառը հոսանքի առկայությունը, որի կլիման չորացնող ազդեցության շնորհիվ Պատագոնիայի սարահարթի տարածքում հիմնականում կիսաանապատներ են:
 
Եվս մեկ կարևոր գործոն է ռելիեֆի բնույթը և լեռների դիրքադրությունը: Այսպես, Անդերի դիրքադրությունը մայրցամաքի արևմուտքում մեծապես ազդում է Հարավային Ամերիկայի ընդհանուր կլիմայական պայմանների վրա, քանի որ դրանք սահմանափակում են Խաղաղ օվկիանոսի չորացնող ազդեցությունը և, ընդհակառակը, հնարավորություն են տալիս Ատլանտյան օվկիանոսի խոնավ օդային զանգվածներին անարգել հասնել մայրցամաքի խորքերը:
 
Ands.jpg
Անդերի հզոր համակարգը խոչընդոտում է Ատլանտյան օվկիանոսից ներթափանցած խոնավ օդային զանգվածների հետագա առաջխաղացումը
 
Քննարկված գործոնները պայմանավորում են նաև մայրցամաքի առանձին հատվածների կամ ռելիեֆի խոշոր միավորների  կլիման: Օրինակ, Ատակամա անապատն աշխարհի ամենաչոր տարածքն է, քանի որ գտնվում է արևադարձային գոտում, Անդերի արևմտյան հատվածում և ենթակա է Խաղաղ օվկիանոսից եկող և Պերուական սառը հոսանքի վրայով անցնող չոր օդային զանգվածների ազդեցությանը: Ամազոնի դաշտավայրում թափվող առատ տեղումները հասարակածային գոտում գտնվելու, պասսատների խոնավաբեր ազդեցության և Ատլանտյան օվկիանոսից եկող օդային զանգվածների առջև խոչընդոտների բացակայության արդյունք են:
 
Հարավային Ամերիկայի սահմաններում կլիմայական գոտիները միմյանց հերթափոխում են հյուսիսից հարավ ուղղությամբ, իսկ մարզեր՝ արևելքից արևմուտք, սակայն դիտվում են նաև որոշակի շեղումներ այս օրինաչափությունից: Մասնավորապես Խաղաղ օվկիանոսի ափամերձ գոտում հասարակածային կլիմայական գոտուց հարավ անմիջապես սկսվում է արևադարձային կլիմայական գոտին, իսկ Ատլանտյան օվկիանոսի ափամերձ հատվածում հասարակածային գոտուց արևելք տարածվում է մերձհասարակածային գոտին, որը տիրապետող է նաև Ամազոն գետի գետաբերանային հատվածում, Բրազիլական և Գվիանական սարահարթերում, Օրինոկոյի դաշտավայրում, Մարակայբո ծոցի տարածքում և Պանամայի ջրանցքի հատվածում, դրանով իսկ հանդիսանալով Հարավային Ամերիկայում տիրապետող կլիմայական գոտի:
 
Ուշադրություն
Հասարակածային և մերձհասարակածային կլիմայական գոտիների զբաղեցրած մեծ տարածքի շնորհիվ Հարավային Ամերիկան Աֆրիկայից հետո երկրորդ ամենատաք մայրցամաքն է:
Լա Պլատայի դաշտավայրում և հարակից տարածքներում տիրապետողը մերձարևադարձային կլիմայական գոտին է, որը բաժանվում միջերկրածովային (Խաղաղ օվկիանոսի ափամերձ գոտի), խոնավ (Ատլանտյան օվկիանոսի ափամերջ գոտի) և չոր (ներքին հատված) մարզերի:
 
Screenshot_1.png
Հարավային Ամերիկայի կլիմայական գոտիներն ու մարզերը
 
Մայրցամաքի հարավը գտնվում է բարեխառն կլիմայական գոտում, որը տարածվում է նաև Հրո Երկիր, Ֆոլկլենդյան և Չիլիական կղզիներում: Հարավային Ամերիկայի ամենախոնավ մայրցամաք լինելու փաստը պայմանավորված է նաև մայրցամաքի տարածքի ձևով:
Մայրցամաքն ունի եռանկյան տեսք, որի հիմքը ուղղված է դեպի հյուսիս, ինչի շնորհիվ տարածքի մեծ մասը հասարակածային և մերձհասարակածային կլիմայական գոտիների սահմաններում է և քանի որ մայրցամաքի միակ խոշոր լեռնաշղթան՝ Անդերը, սահման են հանդիսանում խոնավ և չորային տարածքների միջև մայրցամաքի արևմտյան եզրային հատվածում են, ապա տարածքի մեծ մասը ստանում է առատ տեղումներ, իսկ Ատլանտյան օվկիանոսի դերը մայրցամաքի կլիմայի ձևավորման վրա ավելի մեծ է դառնում, քան Խաղաղ օվկիանոսինը: 
Կլիմայական գոտիների բնութագիրը
Ամազոնի դաշտավայրի և Անդերի հյուսիսային հատվածի Խաղաղօվկիանոսյան ափամերձ գոտում է տարածվում հասարակածային կլիմայական գոտին, որտեղ ջերմաստիճաններն ամբողջ տարին տատանվում են \(+25+27\) °C-ի սահմաններում, սակայն տեղումների քանակն Ամազոնի դաշտավայրում ավելի քիչ է՝ \(2000-4000\) մմ, քան Անդերի հատվածում՝ մինչև \(6000\) մմ: Այս գոտում պասսատների շնորհիվ գործնականում ամեն օր կեսօրից հետո գալիս են «զենիթային» անձրևներ:
 
Մերձհասարակածային գոտին տարածվում է Ամազոնի դաշտավայրից հյուսիս և հարավ՝ հասնելով մինչև հվ.լ. \(20\)° զուգահեռականը: Չնայած որ տարվա ընթացքում ջերմաստիճանների տատանումը աննշան է՝ \(5-7\)°C, սակայն տեղումները ունեն հստակ արտահայտված սեզոնայնություն: Ամռանը, երբ տիրապետողը հասարակածային օդային զանգվածներն են, ջերմաստիճանները \(+25+27\) °C են, իսկ տեղումները՝ \(1000-2000\) մմ: Ի հակադրություն սրան ձմռանը չորային եղանակներ են հաստատվում:
 
Rain in San Paolo.jpg
Տեսարան Սան Պաոլոյի փողոցներից սեզոնային հորդառատ անձրևների ժամանակ
  
Արևադարձային գոտին տարածվում է նեղ շերտով մերձարևադարձային և մերձհասարակածային կլիմայական գոտիների միջև և այստեղ տարեկան միջին ջերմաստիճանները երբեք \(+15\)°C-ից չեն իջնում:
 
Մերձարևադարձային գոտին տարածվում է հվ.լ. \(30-40\)° զուգահեռականների միջև և աչքի է ընկնում ջերմաստիճանների և տեղումների սեզոնային տատանումներով: Խոնավ մերձարևադարձային կլիմայական մարզում տեղումնրը կազմում են \(800-1000\) մմ, և հիմնականում թափվում են ամռանը, իսկ մերձարևադարձային միջերկրածովային կլիմայական մարզում՝ ձմռանը:
Բարեխառն գոտին տարածվում է հվ.լ. \(40\)° զուգահեռականից հարավ՝ զբաղեցնելով Պատագոնիայի սարահարթի և մերձակա կղզիների տարածքը: Այստեղ ջերմաստիճանները ձմռանն իջնում են մինչև \(0\)°C, իսկ տեղումները քիչ են:
 
Patagonia-climate.jpg
Կակտուսները հաստատում են Պատագոնիայի կլիմայի չոր լինելը