Տեսություն

Միջազգային նշանակության երկաթուղային ցանցը
Համաշխարհային տնտեսության ձևավորման և զարգացման գործում մեծ դեր ունեն միջազգային նշանակության երկաթուղիները։ Չնայած կրճատման արդի միտումներին՝ երկաթուղիները, ընդհանուր առմամբ, շարունակում են ցամաքային ուղիներով բեռնափոխադրումներում պահպանել իրենց առաջատար դերը, իսկ առանձին տարածաշրջաններում նույնիսկ ընդլայնվում է երկաթուղային ցանցը:
 
Տեսարան «Եվրաթունելից»
 
2ABA09F400000578-0-image-m-2_1438065808634.jpg

Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի միջազգային երկաթուղային մայրուղիները, անցնելով տասնյակ խոշոր քաղաքներով, Հյուսիսային և Բալթիկ ծովերի նավահանգիստները կապում են Միջերկրական և Սև ծովերի նավահանգիստներին: Եվրասիա և Հյուսիսային Ամերիկա մայրցամաքներում նույն տիպի գործառույթ են կատարում արևմուտքից արևելք ձգվող երկաթուղիները։
 
Ուշադրություն
Երկաթուղային միասնական ցանց ունեն Հյուսիսային Ամերիկայի երեք խոշոր և Հարավային Ամերիկայի` Ատլանտյան օվկիանոսի առափնյա երկրները։
Միջազգային երկաթուղային հաղորդակցության համար լուրջ խոչընդոտ է տարբեր երկրներում երկաթուղային գծերի լայնությունների տարբերությունը, որի հետևանքով լրացուցիչ տեխնիկական խնդիրներ են առաջանում սահմանակից երկրների միջև երկաթուղիների շահագործման ժամանակ: Անհրաժեշտ է լինում սահմանային կայարաններում փոխել վագոնների անիվները՝ դրանց լայնությունը համապատասխանեցնելով հարևան երկրի երկաթգծերին։ 

Երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտներով միջազգային հաղորդակցության կարևոր օղակ են լաստանավային փոխադրումները:
 
Ուշադրություն
Լաստ բառի իմաստներն են.
1. Կողք-կողքի իրար կապված գերաններ, որ ջրով փոխադրում են մի տեղից ուրիշ տեղ:
2. Այդ ձևով սարքած նավակ՝ ջրով մարդ կամ բեռ փոխադրելու համար:
3. Գերանակապ կամուրջ:
Լաստանավերի  միջոցով ամբողջ երկաթուղային շարժակազմեր (գնացքներ) փոխադրվում են «ափից ափ», իսկ ափ հասնելով` երկաթուղային գնացքները լաստանավի ռելսերից փոխադրվում են ցամաքային ռելսերի վրա և շարունակում իրենց ուղին մինչև նշանակետ: Այսպիսով` լաստանավային հաղորդակցությունը իրար է միացնում ցամաքային տարբեր մասերի երկաթուղային համակարգերը՝ ձևավորելով միասնական համակարգ։ Լաստանավային կապ կա, օրինակ, Սև ծովի (Օդեսա և Փոթի) ու Կասպից ծովի (Բաքու և Թուրքմենբաշի) նավահանգստային քաղաքների միջև։ Վրաստանի Փոթի և Ռուսաստանի Կավկազսկայա նավահանգիստների միջև գործող լաստանավային փոխադրումներից օգտվում է նաև մեր հանրապետությունը։
 
Տեսարան Սև ծովից
 
Black_Sea_Port_Odessa.jpg
      
Զարգացած երկրների երկաթուղիների երկարությունն ունի կրճատման միտում, իսկ  դրան հակառակ`  ընդլայնվում է միջազգային նշանակության երկաթուղիների աշխարհագրությունը: Առաջիկայում նախատեսվում է կառուցել մի շարք միջազգային նշանակության նոր երկաթուղային գծեր: Դրանցից առանձնանում են «Մեծ մետաքսի ճանապարհը» (Ստամբուլ – Տաշքենդ – Բեյջին) և «Ասիական-­խաղաղօվկիանոսյան մայրուղի» (Սինգապուր – Բանգկոկ – Բեյջին – Յակուտսկ – Բերինգի նեղուցի ջրերի տակ կառուցվելիք թունելով – Վանկուվեր – Սան Ֆրանցիսկո) միջազգային նշանակության երկաթուղիների, ինչպես նաև Ջիբրալթարի նեղուցի տակով Իսպանիայի և Մարոկկոյի երկաթուղիները միացնող ստորջրյա թունելի նախագծերը:
Աղբյուրները
Գ. Ավագյան, Ռ. Մարգարյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Արևիկ»,\(1999\)
Ռ. Մարգարյան, Մ. Մանասյան, Գ. Հովհաննիսյան, Ա. Հովսեփյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Մանմար»\(2013\)
Յու. Մուրադյան, Հասարակական աշխարհագրության հանրագիտակ բառարան, Երևան, «ՄՈԱ» հրատ., 2008
http://www.worldshipping.org/about-the-industry/global-trade/top-50-world-container-ports
http://www.businessinsider.com/16-busiest-airports-in-the-world-2016-4
https://www.youtube.com/watch?v=DndEKVGpL3k
www.portshanghai.com.cn
www.singaporepsa.com
www.szport.net
www.mardep.gov.hk
www.zhoushan.cn/english