Տեսություն

Հրաբխային լեռնավահանների և սարավանդների մարզ
Հրաբխային լեռնավահանների և սարվանդների մարզը զբաղեցնում է Հայկական հրաբխային բարձրավանդակի կենտրոնական մասի արևելյան հատվածը։ Այստեղ նշանավոր են Ջավախքի, Արագածի, Գեղամա, Վարդենիսի և Սյունիքի լեռնավահաններն ու դրանց մերձակա լավային սարավանդները։

ՀՀ ծայր հյուսիսարևմտյան մասում են գտնվում Ջավախքի և Եղնախաղի լեռնավահանները, որոնց միջև տարածվում է Աշոցքի սարահարթը։ Ջավախքի լեռնավահանի միայն հարավային մասն է գտնվում մեր հանրապետության սահմաններում։ Այստեղ լեռնավահանի վրա առանձնանում են հրաբխային կոներ՝ ժայռոտ գագաթներով։ Դեպի հարավ լեռնավահանն աստիճանաբար ձուլվում է ճահճապատ Լոռու գոգավորությանը։ Հայաստանի և Թուրքիայի պետական սահմանի ուղղությամբ ձգվում է Եղնախաղի լեռնավահանը՝ Մեծ Եղնախաղ գագաթով (\(3042\) մ)։
 
Աշոցքի սարահարթը տարածվում է Ջավախքի և Եղնախաղի լեռնավահանների միջև։ Այստեղ է սկիզբ առնում ՀՀ ամենաերկար գետը՝ Ախուրյանը։ Սարահարթի արևմտյան մասում Ախուրյանի հունի լավային արգելափակման հետևանքով գոյացել է Արփի լիճը, որը հետագայում վերածվել է ջրամբարի։

Արագած լեռնազանգվածը լավաներով ծածկված երկրակեղևի գմբեթաձև բարձրացում է, որի վրա ավելի ուշ ձևավորվել է հրաբխային կոնը։ Սառցապատումների հետևանքով հրաբխի մոտ \(400\) մ խորությամբ խառնարանը վերածվել է ժայռային չորս գագաթներով եզերված սառցադաշտային վիթխարի կրկեսի։ Արագածը հանրապետության ամենաբարձր լեռն է (\(4090\) մ)։ Այն ճառագայթաձև մասնատված է Գեղարոտի, Ամբերդի, Մանթաշի գետահովիտներով, որոնց առանձին մասերում պահպանվել են հնագույն սառցապատման մորենային նստվածքները։ Հրաբխային լավաները, սփռվելով լեռան շուրջը, առաջացրել են լավային սարավանդներ, որտեղ նստվածքների տակից հաճախակի մերկանում են տուֆի և պեմզայի հզոր ապարաշերտերը։
 
qari_lich-5.jpg
 
Արագածի լանջին՝ \(3200\) մ բարձրության վրա է գտնվում սառցադաշտային ծագման Քարի լիճը (հորիզոնի ուղղությամբ Սիսն ու Մասիսն են)
  
Սևանա լճի արևմտյան ափին, միջօրեականի ուղղությամբ, ձգվում է Գեղամա լեռնավահանը։ Նրա ջրբաժանային գոտին լավաներով ծածկված սարավանդ է, որտեղ պահպանվել են հնագույն սառցապատման հետքերը։ Այստեղ շատ են քարացրոնները։ Լեռնավահանի առանցքային մասում բարձրանում են \(200-500\) մ հարաբերական բարձրությամբ հրաբխային կոներ։ Դրանցից լավ արտահայտված խառնարան ունի ամենաբարձր գագաթը՝ Աժդահակը (\(3597\) մ), որտեղ գոյացել է լիճ։

Վարդենիսի լեռնաշղթան եզերում է Սևանա լիճը հարավից։ Լեռնաշղթայի հյուսիսային լանջերը երկար են և փոքրաթեք, մեղմ աստիճաններով իջնում են դեպի Սևանա լիճ։
Հարավային լանջերը կարճ են և խիստ մասնատված էրոզիոն հովիտներով։ Այս լեռների տարածքում է Սելիմի լեռնանցքը, որով անցնում է Գեղարքունիքի մարզը Վայոց Ձորի մարզին կապող միակ ավտոմայրուղին:

Սյունիքի հրաբխային բարձրավանդակի ընդհանուր բազալտային հիմքի վրա բարձրանում են Ծղուկ (\(3581\) մ), Մեծ Իշխանասար (\(3549\) մ) հրաբխային գագաթները։ Բարձրավանդակի մակերևույթն ամենուր ծածկված է երիտասարդ լավաներով։
 
Լեռնավահանների հարևանությամբ գոյացել են առանձին հրաբխային լեռնազանգվածներ, որոնցից նշանավոր են Հատիսը, Արմաղանը և Արայի լեռը։

ՀՀ հրաբխային լեռնավահանների և սարավանդների մարզում տարածված էրոզիոն հովիտներից նշանավոր են Քասաղի, Հրազդանի, Ազատի, Արգիճիի և Արփայիվերին հոսանքի զառիթափ, մինչև \(100-200\) մ խորության լանջերով կանիոնները։
Միջինարաքսյան գոգավորության մարզը
Միջինարաքսյան գոգավորության մարզը բաժանվում է երկու մասի՝ Արարատյան և Նախիջևանի գոգավորությունների։
 
Արարատյան գոգավորությունն իր ավելի մեծ՝ ձախափնյա մասով գտնվում է ՀՀ սահմաններում։ Գոգավորությունը սկսվում է Ախուրյան ու Արաքս գետերի միախառնումից հետո և տարածվում մինչևՆախիջևանի գոգավորությունը։ Այդ երկու գոգավորությունների միջև սահման է ծառայում «Գայլի դրունք» (դարպաս, դռներ) լեռնանցքը։
 
Արարատյան գոգավորության հատակին՝ ծովի մակարդակից \(800-1100\) մ բարձրության վրա, տարածվում է լայնարձակ Արարատյան դաշտը։ Դաշտի երկրաբանական հիմքը ծածկված է երիտասարդ լճագետային նստվածքներով։ Արաքսի առափնյա հատվածում տարածվում է դաշտի ամենացածրադիր, տափարակ հարթությունը, որը Արաքսի վարարումների ժամանակ երբեմն ողողվում է գետի ջրերով և ծածկվում առատ տիղմով։
 
Այստեղ պահպանվել են Արաքսի հին հունի մնացուկները։ Դաշտի ամենայուրացված մասը մեղմաթեք հարթություն է։ Տեղ-տեղ աչքի են ընկնում \(100-120\) մ հարաբերական բարձրության բլուրները, որոնցից նշանավոր է Խոր Վիրապի բլուրն իր ձեռակերտ վանքային համալիրով։
 
ad4d48d571b12eb8f7fcda1cbec68a47.jpg

Արարատյան դաշտը դեպի հյուսիս ձուլվում է Կարմրաշենի, Շամիրամի, Եղվարդի և Կոտայքի լավային սարավանդներին։
Աղբյուրները
Մ․ Մանասյան, Ա․ Հովսեփյան, Հայաստանի աշխարհագրություն, Դասագիրք հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի համար: Երևան «Տիգրան Մեծ» 2013, էջ 43-45
«Հայաստանի  Բնաշխարհ» հանրագիտարան, Երևան, 2006
Դպրոցական հանրագիտարան, Երևան 2009
http://armenia-tour.com/images/Curiosites/Qarilich/qari_lich-5.jpg
http://www.artravel.am/files/images/posts/ad4d48d571b12eb8f7fcda1cbec68a47.jpg