Տեսություն

Հողաբուսական ծածկը
Ընդհանուր առմամբ Հայկական լեռնաշխարհի երկրաբանական առանձնահատկությունների, լեռնային բարդ ռելիեֆի, կլիմայական պայմանների բազմազանության ու ջրագրական ցանցի տեղաբաշխման առանձնահատկությունների արդյունքում նկատվում է նաև հողերի, բուսական ու կենդանական աշխարհի մեծ բազմազանություն։
Հողերը
Հայտնի է, որ ցանկացած երկրի և տարածքի հարստություններից մեկը հողն է, որի որակից է մեծապես կախված գյուղատնտեսության արդյունավետությունը (այդ թվում ստացվող բերքի արժեքը), քանի որ անորակ հողից բերք ստանալու համար պահանջվում են լրացուցիչ ծախսեր` պարարտանյութերի, արհեստական ոռոգման և այլ միջոցառումներ իրականացնելու համար:
 
Ուշադրություն
Այսպիսով, հողը Երկրի ցամաքային տարածքի վերին շերտն է, որտեղ աճում են բույսերի արմատները: Այն անօրգանական բաղադրիչների (տարբեր ծագման ապարներ, որոնք քայքայվել, մասնատվել և վերածվել են հողի ֆիզիկական հիմքի) և բերրիությունը պայմանավորող օրգանական նյութի (հումուս) միասնությունն է, որն ունի կառուցվածք: Պատահում է, որ հողում բացակայում է (անչափ քիչ է) օրգանական նյութը և այդ դեպքում ընդունված է ասել, որ գործ ունենք կմախքային հողի հետ, որը բերրի չէ:
Untitled12.png
  
Հողառաջացման գործոնները տվյալ վայրին բնորոշ այն պայմաններն են, որոնց ազդեցությամբ ձվավորվում է հողի այս կամ այն տիպը: Օրինակ, Հայկական լեռնաշխարհում անտառների տակ, առատ օրգանական նյութի կուտակման հետևանքով առաջանում են օրգանական նյութով հարուստ գորշ և դարչնագույն անտառային հողեր, չոր, խիստ ցամաքային կլիմայի պայմաններում՝ հումուսով աղքատ և շատ փոքր հաստության  կիսաանապատային գորշ հողեր:
 
Հայկական լեռնաշխարհի հողերը նույնպես ընդհանուր առմամբ ենթարկվում են վերընթաց գոտիականության օրենքին, սակայն տեղ-տեղ հանդիպում են յուրահատուկ հողերի տեսակներ կամ տիպեր, որոնք վերընթաց գոտիականությանը չեն ենթարկվում: Այդպիսի հողերին անվանում են ազոնալ: Ընդ որում ազոնալ հողերը կարող են հանդիպել ինչպես Միջնաշխարհում, այնպես էլ Եզրային ծալքաբեկորավոր լեռների տարածքում (օր. աղակալած հողեր):
Հողերի ամենատարածված տիպերը
1. Լեռնաշխարհի ցածրադիր գոգավորություններում (Արարատյան, Նախիջևանի, Խարբերդի դաշտեր) և դրանց նախալեռներում՝ մինչև \(1000-1100\) մ բարձրությունների վրա, ձևավորվել են կիսաանապատային գորշ և ոռոգելի մարգագետնային հողերի տիպերը։ Դրանք հումուսից աղքատ են (հումուսայնությունը չի անցնում \(1-2\) %-ից)։ Բայց քանի որ ցածրադիր գոտիների դաշտերը ունեն լավագույն կլիմայական պայմանները բուսաբուծության համար, մարդիկ հնուց ի վեր ոռոգել են այս անօրակ հողերը, ինչի արդյունքում դրանք վերափոխվել են կուլտուր-ոռոգելի կոչվող բերրի հողերի։
 
Kisaanapatayin gorsh.jpg
 
Կիսաանապատային գորշ հողերում կավի մեծ պարունակության շնորհիվ չոր եղանակային պայմաններում հաճախ առաջանում են նման ճեղքեր
 
2. Հայկական լեռնաշխարհի խոշոր գետերի գետահովիտներում, տարբեր բարձրությունների վրա լայն տարածում ունեն գետահովտադարավանդային ազոնալ հողերը, որոնք բնականից բավական բերրի են:
 
3. Մինչև \(1800\) մ բարձրության միջլեռնային գոգավորություններում լայն տարածում ունեն շագանակագույն հողերը։ Սրանք նույնպես աչքի չեն ընկնում բարձր բերրիությամբ և հիմնականում կարիք ունեն արհեստական բարելավման:
 
4. \(1800-2500\) մ բարձրություններում` հատկապես Միջնաշխարհում և հրաբխային սարահարթերում ու սարավանդներում, ձևավորվել են լեռնային սևահողերը, որոնք ավելի բարձրադիր մասերում վերափոխվում են մարգագետնատափաստանային հողերի։ Սրանք Հայկական լեռնաշխարհի ամենաորակյալ (հումուսով հարուստ) և տարածված հողերն են, սակայն քիչ պիտանի բուսաբուծության համար, քանի որ այդ բարձրություններում ջերմաստիճանային պայմանները թույլ չեն տալիս բույսերի մեծ մասին աճել, իսկ տեղափոխումը ավելի ցածրադիր վայրեր չափազանց թանկ կլինի:
 
sevahogh.jpg
 
Սևահողն ամբողջ աշխարհում հացահատիկայինների աճեցման գլխավոր հիմքն է:

5. Արևելապոնտական լեռների սևծովյան առափնյա շրջաններում խոնավ մերձարևադարձային կլիմայի պայմաններում առաջացել են կարմրահողեր և դեղնահողեր։ Եզրային մյուս լեռնաշղթաների արտաքին լանջերին, տարբեր բարձրությունների վրա գերակշռում են անտառային դարչնագույն և գորշ հողերը։

6. \(2500\) մ-ից բարձր՝ ցուրտ լեռնային կլիմայի պայմաններում ձևավորվել են բարձր՝ \(11-15\) % հումուսայնությամբ լեռնամարգագետնային հողեր։ Հումուսի բարձր պարունակությունն այստեղ պայմանավորված է ոչ այնքան առատ բուսածածկույթով, որքան ցուրտ կլիմայի պայմաններում հողում կուտակված օրգանական նյութերի (հումուսի) դանդաղ քայքայմամբ։ Այս տարածքները ծառայում են որպես ամառային արոտավայրեր:
 
7. Ավելի բարձր (հիմնականում \(3200\) մ և ավելի), խիստ ցուրտ լեռնային կլիմայի պայմաններում գրեթե բուսազուրկ գոտում տարածվում են թերզարգացած կմախքային հողերը։
 
Հայկական լեռնաշխարհի հողն արգավանդ է: Նույնիսկ ցածրադիր` կիսաանապատային և անապատային վայրերում, արհեստական ոռոգման դեպքում կարող են աճել բամբակ, բրինձ, թուզ, նուռ, ձիթենի, սեխ, ձմերուկ, բանջարանոցային բույսեր:
Բուսականությունը
Հայկական լեռնաշխարհն աչքի է ընկնում բուսական աշխարհի բացառիկ բազմազանությամբ։ Դրան նպաստել են ոչ միայն տեղական գործոնները, այլև տարբեր բուսաբանական (Իրանական, Կովկասյան և Միջերկրածովային) մարզերի շփման գոտում գտնվելը։ Այստեղ աճող շուրջ \(4000\) բուսատեսակից \(200\)-ը էնդեմիկ են, այսինքն՝ հանդիպում են միայն Հայկական լեռնաշխարհում։

Հայկական լեռնաշխարհն ու Առաջավոր Ասիան մի շարք մշակովի բուսատեսակների՝ ցորենի, գարու, հաճարի, ծիրանի, դեղձի, նռան, թզի հայրենիքն են։

Բուսականությունը, ինչպես և կլիման ու հողերը, փոփոխվում են վերընթաց ուղղությամբ։ Ցածրադիր գոգավորությունների կիսաանապատային գորշ հողերում աճում են աղասեր, ավազասեր և ճահճային բուսատեսակներ։ Արարատյան, Նախիջևանի և Ուրմիայի գոգավորությունների նախալեռնային գոտում տարածված է լեռնաչորասեր՝ ֆրիգանոիդ բուսականությունը (ոզնաթուփ, ուրց, մասրենի, ցաքի)։ Այդ բուսականության մեջ զգալի տոկոս են կազմում դեղաբույսերը, որոնցով Հայկական լեռնաշխարհը նույնպես հռչակավոր է:

Եզրային լեռնաշղթաների արտաքին հողմակողմ լանջերին բնորոշ է անտառային բուսականությունը։ Անտառներ կան Ծոփքում, Բարձր Հայքի հյուսիսային հատվածում, Աղձնիքում, Տուրուբերանի Տավրոսյան լեռնաշղթայի շրջանում, Տայքում, Արցախում, Գուգարքում, Սյունիքի հարավում, Ուտիքի հյուսիսարևմտյան շրջաններում (Տավուշ, Աղստև), Այրարատի հյուսիս-արևելքում, Մոկքում:
 
ԱՇԽԱՐՀԱՑՈՒՅՑ.jpg
 
Անտառները տարածվում են Մեծ Հայքի գրեթե բոլոր նահանգներում:
 
Անտառների տարածման վերին սահմանը եզրային լեռնաշղթաներում տարբեր է: Արևելապոնտական լեռների հյուսիսային լանջերին անտառների տարածման վերին սահմանը ծովափից մինչև \(2000\) մ բարձրությունների գոտին է։ Փոքր Կովկասի և Հայկական Տավրոսի լեռներում անտառները բարձրանում են մինչև \(2500\) մ բարձրությունները։ Անտառների ստորին հարկում տիրապետում են լայնատերև ծառերը, իսկ վերին հարկում՝ փշատերևները։ Ծառատեսակներից լայնորեն տարածված են կաղնին, հաճարենին, բոխին, թխկին, գիհին, հացենին, ընկուզենին: Արցախի և Ուտիքի անտառները հայտնի են իրենց վայրի մրգատու ծառատեսակներով: Տեղ-տեղ հանդիպում են նաև կեչու և սոճու պուրակներ: Հին Հայաստանում տարբեր ժամանակահատվածներում տնկվել են նաև արհեստական պուրակ-անտառներ: Դրանցից հայտնի են Սոսյաց (Արմավիրի մոտ), Ծննդոց (Բագարանի շրջանում), Խոսրովակերտ և Տաճար մայրի (Գառնու և Դվինի միջև ընկած տարածքում) անտառները:
 
Միջնաշխարհում մինչև \(2400-2500\) մ բարձրություններում, գրեթե համատարած տափաստանային-խոտային բուսականություն է, թեև տեղ-տեղ հանդիպում են անտառային փոքր կղզիներ։
 
Անտառային և տափաստանային բուսականությունից վեր տարածվում են մերձալպյան և ալպյան գոտու ծաղկազարդ «ալպյան գորգերը»։
 
Alpyan gorg.jpg
 
Ալպյան գորգերը իրենց հյութալի խոտային ծածկով լավագույն արոտավայրերն են աշխարհում:
 
Աղբյուրները
Մ․ Մանասյան, Ա․ Հովսեփյան, Հայաստանի աշխարհագրություն, Դասագիրք հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի համար: Երևան «Տիգրան Մեծ» 2013, էջ  22-26
«Հայաստանի  Բնաշխարհ» հանրագիտարան, Երևան, 2006
Դպրոցական հանրագիտարան,  Երևան  2009
http://fertsmart.dairyingfortomorrow.com.au/wp-content/uploads/2013/05/Figure-4.6.jpg
https://static8.depositphotos.com/1371678/858/i/950/depositphotos_8584125-stock-photo-ground-texture.jpg
http://pesokmsk.com/upload/shop_1/3/5/9/item_359/shop_items_catalog_image359.jpg
http://soartv.tv/assets/components/phpthumbof/cache/shutterstock_115800430.2667cb9d23b52ae3ec41648c6c175a77192.jpg
http://www.encyclopedia.am/upload_files/book_2/letter_1/header_958/Image_2950.jpg