Տեսություն

Շփման ուժ
Հայտնի է, որ շարժիչն անջատելուց հետո շարժվող ավտոմեքենայի արագությունն աստիճանաբար նվազում է և, ի վերջո, ավտոմեքենան կանգ է առնում: Կանգ են առնում գլորվող գնդակը, սառցադաշտում սահող տափողակը և այլն:
 
argelakum2.gif
 
Նշված բոլոր դեպքերում մարմինների արգելակման պատճառը շփման ուժն է:  
Շփման ուժերն առաջանում են, երբ մի մարմինը շարժվում է մեկ այլ մարմնի մակերևույթին: Այդ ուժերը խոչընդոտում են հպվող մարմինների փոխադարձ շարժումը:
Ուշադրություն
Շփման ուժերի առաջացման պատճառը հպվող մակերևույթների անհարթություններն են:
Որքան էլ մարմինների մակերևույթներն արտաքինից հարթ թվան, խոշորացույցով դիտելիս կարելի է նկատել որոշակի ելուստներ և փոսիկներ:
 
0004-001-Prichiny-vozniknovenija-trenija-1.-SHerokhovatost-soprikasajuschikhsja.jpg image004.jpg
 
Երբ մի մարմինը սահում կամ գլորվում է մեկ այլ մարմնի մակերևույթի վրայով, անհարթությունները կառչում են մեկը մյուսից, ինչի պատճառով առաջանում է շարժմանը խանգարող շփման ուժը:
 
Շփման ուժի տեսակներն են.
 
\(1.\) Սահքի շփման ուժ:
  
Առաջանում է, եթե մի մարմինը սահում է մյուս մարմնի մակերևույթին:
 
Այդպիսի ուժ է առաջանում, երբ ձյան վրա սահնակն է սահում, հատակի վրայով բազմոցը կամ պահարանն են քաշում:
 
33135823-Illustration-of-a-boy-and-girl-sledding-in-winter-Stock-Vector-w1292.jpg
 
\(2.\) Գլորման շփման ուժ:
 
Այդպիսի ուժ է առաջանում, երբ ցանկացած մարմին գլորվում է մեկ այլ մարմնի մակերևույթին՝ շարժվում է անիվներով:
 
Ուշադրություն
Միևնույն պայմաններում գլորման շփման ուժը շատ ավելի փոքր է, քան սահքի շփման ուժը:
Դա է պատճառը, որ դեռևս հին ժամանակներում ծանր բեռներ տեղափոխելու համար մարդիկ դրանց տակ գերաններ էին տեղադրում, իսկ ներկայումս բոլոր փոխադրամիջոցներն անիվների վրա են:
  
\(3.\) Դադարի շփման ուժ: 
 
Այդ ուժն առաջանում է, երբ մենք փորձում ենք տեղից շարժել դադարի վիճակում գտնվող մարմինը:
Դադարի շփման ուժը մեծությամբ միշտ հավասար է քաշող, հրող ուժին և հակառակ է ուղղված դրան:
Եթե դաշնամուրը տեղափոխելու համար ազդող ուժը բավականաչափ մեծ չէ, ապա այն տեղից չի շարժվի: Պատճառը հատակի կողմից պահարանի վրա ազդող դադարի շփման ուժն է:
 
image001.png
 
Շփման ուժի մեծությունը և ուղղությունը:
  
Շփման ուժի մեծությունը կարելի է չափել ուժաչափով կամ հաշվել բանաձևերով, որոնց կծանոթանանք ավելի բարձր դասարաններում՝ ֆիզիկայի դասերին:
  
Բազմաթիվ փորձերից պարզվել է.
 
Շփման ուժի մեծությունը կախված է մարմնի կշռից ուղիղ համեմատականորեն. որքան մեծ է մարմնի կշիռը, այնքան մեծ է շփման ուժը: 
  
Շփման ուժը կախված է նաև հպվող մակերևույթների վիճակից:
 
Շփման ուժը միշտ ուղղված է մարմնի շարժմանը հակառակ ուղղությամբ:
 
01-09.png
Աղբյուրները
Բնագիտություն -6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք / Է. Ղազարյան, Ա. Թռչունյան, Գ. Մելիքյան, Հ.Խաչատրյան.–Եր.: Աստղիկ գրատուն, 2013 թ.