Տեսություն

Բայի խոնարհումը
Բայի  -ել  և  -ալ  վերջավորությունների  ե  և  ա  ձայնավորները խոնարհիչներ են:
Բայի խոնարհումով է որոշվում, թե բայի սկզբնաձևը՝ անորոշ դերբայը, այլ դերբայների և դիմավոր ձևերի փոփոխվելիս ինչ կանոնների է ենթարկվում:
 
Անորոշ դերբայում -ել վերջավորություն ունեցող բայերը կոչվում են ե խոնարհման բայեր: Այսպես՝ հասնել, ազատել, զարդարել ե խոնարհման բայեր են:
 
Անորոշ դերբայում -ալ վերջավորություն ունեցող բայերը կոչվում են ա խոնարհման բայեր: Այսպես՝ զգալ, հուսալ, թարմանալ ա խոնարհման բայեր են:
Անորոշ դերբայ
Անորոշ դերբայը բայի սկզբնական,ելակետային ձևն է:
Այն անվանում է գործողությունը՝ առանց ցույց տալու կատարողի դեմքը և թիվը:
Անորոշ դերբայը ունենում է ել կամ ալ վերջավորություն, ինչպես՝ երգել, խաղալ:
 
Կատարում է գոյական անվան դեր և ունի գոյականական հատկանիշներ.
• հոլովվում է՝  ենթարկվելով ու հոլովման՝ երգելու, խաղալու, երգելուց, խաղալուց, երգելով, խաղալով:
• որոշիչ հոդ է ստանում՝ ցույց տալով որոշյալ առում՝  երգելը, խաղալը:
 
Նախադասության մեջ լինում է՝

• ենթակա՝
Օրինակ՝ Տան հրդեհվելը բոլորի խոսակցության նյութն էր:
• ստորոգյալի մաս՝
Օրինակ՝  Առողջության գրավականներից մեկը տունը հաճախ օդափոխելն է:
• բայի լրացում՝
Օրինակ՝  Բույնը դիտելուց հետո արագիլը գնաց կանգնեց ճահճում:
• գոյականի լրացում՝
Օրինակ՝  Տանում էր հետը մի վրան, անկողին, եփել-թափելու անհրաժեշտ պիտույքներ ու գնում արոտ: