Տեսություն

Համակարգչում ներկայացվող մեծաքանակ ինֆորմացիայի մշակումը ավտոմատացնելու նպատակով այն հաճախ նպատակահարմար է լինում ներկայացնել աղյուսակի տեսքով։ Դրա համար համակարգչային հատուկ ծրագրեր են ստեղծվել, որոնք կոչվում են էլեկտրոնային աղյուսակներ կամ աղյուսակային պրոցեսորներ։
էլեկտրոնային աղյուսակները հնարավորություն են տալիս համակարգչային ինֆորմացիան կարգավորել` ըստ անհրաժեշտ հատկանիշների, որի շնորհիվ այն դառնում է առավել հավաք ու դյուրըմբռնելի։
Սենք ուսումնասիրելու ենք լայն հնարավորություններ ընձեռող \(Microsoft\) \(Excel\) \(2007\) էլեկտրոնային աղյուսակը։
Ծանոթանանք էլեկտրոնային աղյուսակների հիմնական կառուցվածքին։
Աղյուսակները կազմվում են սյուներով և տողերով, էլեկտրոնային աղյուսակի տողն անվանում են գրառում, իսկ սյունը՝ դաշտ։ Տողերն ու սյուներն իրարից բաժանվում են հորիզոնական և ուղղաձիգ գծերով, որոնք վանդակներ են կազմում. աղյուսակի վանդակներն անվանում են բջիջներ։
Դաշտերն ու գրառումները սովորաբար վերնագրեր են ունենում, որոնք որոշակիորեն բնութագրում են դրանցում ներառված ինֆորմացիան։ Դաշտերի վերնագրերը տեղակայվում են աղյուսակի առաջին տողում, իսկ գրառումների վերնագրերը՝ առաջին սյունում։ Դաշտի վերնագրի յուրաքանչյուր բջիջում գրվում է աղյուսակի համապատասխան սյան, իսկ գրառման վերնագրի յուրաքանչյուր բջիջում՝ տվյալ տողի նշանակությունը։
 
hhh.png
 
Ենթադրենք՝ տրված է հետևյալ չկարգավորված ինֆորմացիան.
«Նարեկը լավ գիտի հանրահաշիվ։ Մանեն կենսաբանություն չգիտի։ Տիգրանը լավ գիտի գրականություն։ Նարեն հանրահաշիվ չգիտի, իսկ գրականություն և կենսաբանություն լավ գիտի։ Նարեկը գրանակություն չգիտի։ Տիգրանը հանրահաշիվ չգիտի, սակայն լավ գիտի կենսաբանություն։ Մանեն գրականություն չգիտի։ Նարեկը լավ գիտի կենսաբանություն։ Մանեն լավ գիտի հանրահաշիվ»։
 
Փորձենք նման «խառը» տվյալները կարգաբերել՝ դրանք ներկայացնելով աղյուսակի տեսքով։ Պայմանավորվենք, որ աղյուսակի վանդակում «\(+\)» նշանը ցույց է տալիս աշակերտի տվյալ առարկային տիրապետելը, իսկ «\(-\)» նշանը՝ հակառակը։ Այսպիսով, վերը բերված ինֆորմացիան կարող ենք ներկայացնել հետևյալ պարզ աղյուսակով.
 
օրինակ1.png
Աղբյուրները
 Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան,  Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012