Տեսություն

Ինֆորմացիայի ներկայացման համար կիրառվող պայմանանշանների համախումբն անվանում են կոդ, իսկ կոդի տեսքով ինֆորմացիայի ներկայացման գործընթացը՝  կոդավորում: 
Հին ժամանակներում կիրառված խարույկի ծուխը, թմբուկների ձայնը, նավաստու փոխանցած ազդանշանը, ինչպես նաև «ժամացույցի» թվացույցին համապատասխանող կրակը փոխանցվող ինֆորմացիայի կոդերն են։ Ինչպես, օրինակ, ավտոմեքենայի վարորդն ինֆորմացիա է հաղորդում ձայնային կամ լուսային ազդանշանի միջոցով. կոդը համապատասխան ազդանշանի առկայությունն է կամ բացակայությունը։
 
Ամեն օր լուսաֆորի օգնությամբ փողոցն անցնելիս նույնպես կոդավորված ինֆորմացիայի հետ ենք առնչվում. այս անգամ կոդը լուսաֆորի կարմիր, դեղին և կանաչ գույների համախումբն է։ Ամեն օր մարդիկ իրար հետ հաղորդակցվում են, այլ խոսքով՝ ինֆորմացիա են փոխանակում խոսքի միջոցով, որտեղ կոդը բառն է։
 
Իր մեջ կոդավորում է պարունակում նաև հայկական այբուբենը: Մաշտոցյան գրի ստեղծումից հետո հայերեն տառերն օգտագործվել են նաև իբրև թվարժեքներ:
Հայերեն \(36\) տառերը գրվել են \(9\)-ական տառ պարունակող \(4\) շարքով, որոնք համապատասխանաբար նշանակում են միավորներ, տասնավորներ, հայրուրավորներ և հազարավորներ:
 
Aybuben.png
 
Կոդավորված ինֆորմացիայի հնագույն, առավել հայտնի օրինակներից մեկը Կեսարի ալգորիթմն է: Այն օգտագործվել է դեռևս Հուլիոս Կեսարի կողմից և ստացել է նրա անունը։
 
Կեսարի գաղտնագրման ալգորիթմի ժամանակ այբուբենի տառերը դասավորվում են շրջանաձև: Սկզբնական տեքստի յուրաքանչյուր տառ փոխարինվում է նրան հաջորդող երրորդ տառով. այսինքն` Ա-ն փոխարինվում է Դ-ով, Բ-ն` Ե-ով, Գ-ն` Զ-ով, ..., Ք-ն` Ֆ-ով, Եւ-ը` Ա-ով, Օ-ն` Բ-ով և Ֆ-ն` Գ-ով և այսպես շարունակ:
 
Screenshot_12.png
 
Իսկ թվաբանական խնդիրներ լուծելիս օգտվում ենք նշանային մի համակարգից, որտեղ կոդերը ստեղծվում են թվերի միջոցով։ Այստեղ թվերը կազմավորվում են հետևյալ տասը՝ \(0\), \(1\), ..., \(9\) թվանշանների միջոցով, և սրանցով կազմավորվող թվային համակարգն անվանում են տասական։

Համակարգչում ներկայացվող ողջ ինֆորմացիան նույնպես ներկայացվում է թվերի տեսքով, բայց այստեղ գործածվում են միայն երկու՝ \(0\) և \(1\) թվանշանները և կիրառվող համակարգն էլ անվանում են երկուական։
  
Համակարգչում երկուական համակարգը կիրառելն ամենահարմարն է, քանի որ, ինչպես գիտենք՝ համակարգիչն աշխատում է էլեկտրական հոսանքի շնորհիվ։ Ընդ որում՝ \(0\)-ն հոսանքի բացակայությունն է, իսկ \(1\)-ը՝ առկայությունը։
 
Ուշադրություն
  • Խոսակցական լեզվի հիմքը այբուբենն է, որը յուրօրինակ կոդ է։ Բանավոր խոսքի դեպքում կոդը փոխանցվում է հնչյունների, իսկ գրավոր խոսքի դեպքում՝ տառերի միջոցով։
  • Միևնույն ինֆորմացիան կարելի է ներկայացնել տարբեր կոդերի օգնությամբ։ 
Աղբյուրները
Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան,  Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012