Տեսություն

Էլեկտրոնային աղյուսակը բջիջների և բջիջների բլոկի հետ աշխատելու մի շարք գործիքներ ունի. դրանց պարունակությունը կարելի է հեռացնել, պատճենել  կամ աղյուսակի մեկ այլ մաս տեղափոխել։  \(Excel\)-ում այս գործողությունները կարելի է իրականացնել՝ օգտվելով \(Home\) ներդիրի \(Clipboard\) խմբի հրամաններից (նկ. 1.2)։
 
1.JPG
 
Բանաձևերում օգտագործված բջիջը կամ բջիջների բլոկը միարժեքորեն որոշվում է հասցեով։ Մեկ կամ մի քանի բջիջների պարունակած տվյալները կարելի է հասցեի միջոցով կիրառել տարբեր բանաձևերում։ Բանաձևերի մեջ կարելի է հղում կատարել նաև այլ աշխատանքային թերթերի բջիջներին։
Բանաձև պարունակող բջիջի պարունակության պատճենման կամ տեղափոխման ժամանակ կարող են որոշակի բարդություններ առաջանալ. դա պայմանավորված է նրանով, որ բանաձևերում օգտագործված բջիջների հասցեները կարող են լինել հարաբերական և բացարձակ, տեսնենք, թե ի՞նչ է դա նշանակում։
Օրինակ
Դիցուք C3 բջիջում գրված բանաձևում հղում կա D4 բջիջին (օրինակ՝ =3*D4+5), որը գտնվում է C3  բջիջից մեկ սյուն աջ և մեկ տող ներքև։ Եթե C3 բջիջում գրված բանաձևը պատճենենք E5 բջիջում, ապա բանաձևում առկա համապատասխան հղումն արդեն ուղղված կլինի F6 բջիջին (3*F6+5), որը E5 բջիջից գտնվում է մեկ սյուն աջ և մեկ տող ներքև։ Նման հասցեավորումը կոչվում է հարաբերական հասցեավորում. այսպիսի հասցեավորման դեպքում պատճենվող բանաձևերում օգտագործված բջիջների հասցեները պատճենման արդյունքում ավտոմատ կերպով փոխվում են։ Հարաբերական հասցեավորման ժամանակ հասցեն գրվում է մեզ հայտնի եղանակով՝ նշելով այն սյան անունը և տողի համարը, որոնց հատման տեղում գտնվում է տվյալ բջիջը։ Օրինակ՝ B25, A5։B8, D4+K5, A7
Եթե պատճենվող բանաձևը բացարձակ հասցեավորում է պարունակում, ապա պատճենման արդյունքում այդ հասցեները մնում են անփոփոխ։ Բացարձակ հասցե գրելու համար անհրաժեշտ է դոլարի ($) նշան տեղադրել հասցեի այն բաղադրիչից առաջ, որը պետք է անփոփոխ մնա։ Օրինակ՝ հասցեի \($A$7\) գրառումը նշանակում է, որ պատճենվելիս չեն փոխվի ոչ սյունը և ոչ էլ տողը, \($A7\) գրառման դեպքում չի փոխվի միայն սյունը, իսկ \(A$7\) գրառման դեպքում՝ միայն տողը։
Բանաձևը տեղափոխելիս՝ դրանում օգտագործված հասցեները չեն փոխվում։

Բանաձևը պատճենելիս՝ առկա բացարձակ հասցեները չեն փոխվում, իսկ հարաբերական հասցեները՝ փոխվում են։
Բջիջում բանաձև գրելու համար անհրաժեշտ է դնել հավասարման (=) նշանը և ներմուծել անհրաժեշտ բանաձևը։ Բանաձև ներմուծելիս որևէ բջիջ մկնիկով ընտրելու դեպքում տվյալ բջիջի հասցեն կհայտնվի բանաձևում։ Օրինակ՝ \(B7\) բջիջում \(B2/B3\) բանաձևը ներմուծելու համար պետք է \(B7\) բջիջում ներմուծել \(=\) նշանը, մկնիկով ընտրել B2 բջիջը, այնուհետև ներմուծել \(/\)  նշանը, ապա վերջում մկնիկով ընտրել \(B3\) բջիջը և սեղմել \(Enter\) ստեղնը։

Բանաձևի մեջ բջիջների բլոկի հասցե գրելու համար պետք է մկնիկի ձախ սեղմակով նշել անհրաժեշտ բջիջների բլոկը։

Ընթացիկ աշխատանքային թերթի վրա այլ թերթի բջիջների հասցեներ պարունակող բանաձևեր ներմուծելու համար անհրաժեշտ է մկնիկի ցուցիչով ընտրել անհրաժեշտ աշխատանքային թերթի պիտակն ու ակտիվացնել տվյալ թերթը, ապա մկնիկով ընտրել անհրաժեշտ բջիջը։ Կարելի է նաև ստեղնաշարի օգնությամբ ներմուծել աշխատանքային թերթի անունը, հետո ! նշանը, ապա անհրաժեշտ բջիջի հասցեն և սեղմել \(Enter\) ստեղնը։ Օրինակ՝ \(Sheet1, Sheet2 և Sheet3\) աշխատանքային թերթերի \(A1\) բջիջների պարունակությունների գումարը հաշվող բանաձևը կունենա հետևյալ տեսքը.
  
\(Sheet1!A1 + Sheet2!A1 + Sheet3!A1\)

\(Excel\) էլեկտրոնային աղյուսակը հնարավորություն է տալիս գրված բանաձևը տարածել նաև այլ վանդակների վրա։ Դրա համար անհրաժեշտ է.
* ընտրել այն բջիջը, որտեղ գրված է բանաձևը,
* մկնիկի   ցուցիչը   տեղադրել  այդ  բջիջի   ստորին   աջ   գագաթում  գտնվող քառակուսու վրա, և, երբ այն կընդունի խաչի տեսք՝ մկնիկի ձախ սեղմակով հորիզոնական կամ ուղղահայաց ուղղությամբ նշել այն վանդակները, որոնց վրա անհրաժեշտ է այդ բանաձևը տարածել։

Ուշադրություն
Բանաձևում կիրառված բջիջի հասցեավորման ձևը փոխելու համար անհրաժեշտ է նշել անհրաժեշտ բջիջի հասցեն և հաջորդաբար սեղմել ստեղնաշարի F4 ստեղնը՝ մինչև անհրաժեշտ հասցեի ստացումը։ Օրինակ՝ նշելով B7 հասցեն և հաջորդաբար սեղմելով F4 ստեղնը, կունենանք հետևյալ հասցեները՝ B7, $B$7, B$7 և $B7: Այսպիսով, բանաձևում կպահպանվի հասցեի $B7 տարբերակը։